Մարդը սիրում է իր մորը գրեթե առանց գիտակցելու, առանց զգալու, որովհետև դա նույնքան բնական է, որքան հենց կյանքը, և միայն վերջին հրաժեշտի ժամանակ նկատում է, թե որքան խորն են այդ սիրո արմատները: Ոչ մի ուրիշ գորովանք չի կարելի համեմատել դրա հետ, որովհետև բոլոր մյուսները պատահական են, իսկ դա բնածին է, բոլոր մյուսները մեզ պարտադրվում են ավելի ուշ՝ կյանքի զանազան հանգամանքներով, իսկ դա ապրում է մեր գոյաության առաջին օրից, հենց մեր արյան մեջ: Եվ հետո, և հետո մարդ միայն մորը չէ, որ կորցնում է, այլ նրա հետ միասին կիսով չափ անհետանում է մեր մանկությունը, որովհետև մեր կյանքը, մեր փոքրիկ մանկական կյանքը նույնքան նրան է պատկանում, որքան և մեզ: Նա միայն գիտեր այդ կյանքն այնպես, ինչպես մենք, գիտեր բազմաթիվ հեռավոր, աննշան ու թանկագին մանրամասնություններ, որոնք են և մնում են մեր սրտի առաջին քաղցր հուզումները: Նրա հետ երկուսով մենք աչքի էինք անցկացնում երկար, քաղցր համրիչը այն մանր ու փխրուն հիշողությունների, որոնք հիմա ինձանից բացի ոչ ոքի հայտնի չեն աշխարհում: Ուրեմն մեռավ իմ մի մասը, ամենահին, ամենալավ մասը: Ես կորցրի հեգ սիրտը, ուր դեռ ամբողջովին ապրում էր այն փոքրիկ աղջիկը, որ ես էի մի ժամանակ: Հիմա այլևս ոչ ոք չգիտե, ոչ ոք չի հիշում թոքրիկ Աննային, նրա կարճ շրջազգեստները, նրա ծիծաղները, նրա քմայքները...
Գի դը Մոպասան «Մահվան պես հզոր»