Վազգեն Սարգսյան
Դրախտ ես դու, դրախտ, Փառանձեմ

Հոգին ցավի գնդապետի, որ էդ կրակը բերեց-գցեց հանդապահի վաթսուներկու տարեկան սիրտը ու նրա վաթսուներկու տարվա, թվում էր, հանգած, դանթած արյունը ալեկոծեց-պղտորեց: Պատանու նման շփոթվեց հանդապահը, լեզուն կապ ընկավ։ Գեղեցիկ կանայք էլի էր տեսել, բայց այս մեկն ուրի ՜շ պտուղ էր: Ծնկները փայլեցնելով մեքենայից իջավ, ջինջ աչքերով ժպտաց թե չէ, հանդապահն գգաց, որ իր կարծրացած սիրտը ճաք տվեց, ու այդ ճաքի միջով բոցեղեն կինը այնքա ՜ն անժամանակ ներս մտավ: Ինչեր միայն չարեց... Կոշիկների սուր-սուր կրունկներով հանդապահի սիրտը կտոր-կտոր արեց, բայց էդ ի ՜նչ հաճելի ցավ էր: Մազերը շաղ տվեց, հոլանի թևերը պարպեց դեպի արևն ու մնչաց. << Հրա ՜շք է >>: Ու, զարմանայի բան, ամեն օրվա արևը, աշնան ժլատ արևը հանկարծ հրաշալի դառավ, ու նրա ջերմությունը երբեք ավելի քաղցր ու ցանկալի չէր եղել: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, ո՞վ կպատկերացներ, որ աշխարհից կտրված էս մի բուռ քար ու քռեն, էս մամռակալած շամբուտը, իր լոր ու կաքավից' ինչպես հանդապահն իր պառավից խռոված էն տխուր բլրակույտը, էն, էն ցանցառ փշատենին՝ ղռերի տոնածառը, որի շուրջ վեց ծույլ ոչխար պահապան շան մզզոցի տակ շուրջպար էին բռնել, հանդապահի իր բլբլոտած տնակն, ու այդ ամենի հետ գորտերի միալար կռկռոցն անգամ կարող էին հրաշալի լինել: Հրաշալի էին: Աշխարհը հրաշք էր: Հանդապահը ծեր ու հզոր արծիվ էր. ոչխարներից ամենասիրունին ճանկեց-բերեց ու կնոջ ոտքերի տակ գետին զարկեց: << Ժամ պահիր >>,- ասաց գնդապետին: Չորս րոպեուկեսում ոչխարը մորթեց-մաշկեց-հերն անիծեց՝ կնոջ զարմացած-հիացած հայացքի տակ: Չէ, ուրի ՜շ պտուղ էր այս կինը, մի հայացքով, մի փուչ խոսքով չորս րոպեուկեսում ոչխար մաշկող, վաթսունևերկու տարեկան տղամարդուց իր համար թիթեռ ու զատիկ հավաքող տղեկ սարքեց:

Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի 10-րդ համարում