Մասնագիտությունն ազդում է կնոջ ոչ միայն հոգեբանության, ապրելակերպի, այլ նաև՝ սեռական կյանքի վրա: Մենք էլ որոշեցինք պարզել, թե որքանով է մասնագիտությունը նպաստում կամ խոչընդոտում սեռական կյանքին:

Ըստ Անինայի

Գուցե դու էլ հետևություններ անես քեզ համար և ոչ աշխատանքային ժամերին մի փոքր ավելի «սեքսասեր» լինես' վերջ տալով գլխացավն անցկացնող հաբեր կուլ տալուն:

Նյութը գրելուց առաջ պատկերացնում էի, թե ինչ ծիծաղելի վիճակում եմ հայտնվելու, երբ զանգեմ ընկերուհիներիցս մեկին և հարցնեմ. «Քո մասնագիտությունը որքանո՞վ է ազդում սեռական կյանքիդ վրա»: Բայց մի քանի հարցադրումից հետո պարզ դարձավ, որ նրանք ոչ միայն պատրաստ են պատասխանել իմ տարօրինակ հարցին, այլև նրանցից յուրաքանչյուրն, իրոք որ, «մասնագիտական» ուրույն մոտեցում է ցուցաբերում սեքսին:

Բժշկուհին նախընտրում է «առողջ» սեքսը

Սիրում եմ սեքսը: Լինելով բժիշկ' կարող եմ ասել, որ սեռական կյանքի բացակայությունը կարող է ոչ միայն բազմաթիվ առողջական խնդիրներ առաջացնել, այլև հանգեցնել հոգեկան և էմոցիոնալ շատ բարդ իրավիճակների: Հաշվի առնելով այս ամենը' ես, որքան էլ զբաղված լինեմ, սեքսի համար ժամանակ գտնում եմ: Սեքսի մեջ կարևորում եմ ազատությունը, քանի որ սեքսով զբաղվելն այլ հարց է, բավարարված լինելն' ուրիշ: Ազատ և հիգիենիկ սեքսի կողմնակից եմ. զուգընկերոջս հետ միշտ քննարկում և համաձայնության ենք գալիս: Առողջ և բավարարող սեքսն էներգիա է և առողջություն:

Իրինա Պողոսյան (թերապևտ, 30 տ.)

Նկարչուհին «զգացմունքային» սեքսի սիրահար է

Սեքսն ինձ համար արվեստ է, երբեմն նաև՝ ներշնչանքի աղբյուր:
Սիրում եմ զգացմունքային, կրքոտ սեքս, բայց նաև՝ քնքշանք, երբ զգում ես մարմնիդ ամեն մի բջիջը: Սեքսի մեջ շատ եմ կարևորում ազատությունը: Սեքսը զգացմունք է. չեմ կարող սեքսով զբաղվել մի մարդու հետ, ում հանդեպ զգացմունք չունեմ: Երբ սեքսուալ առումով բավարարված եմ լինում, ստեղծագործություններս ավելի դրական լիցքերով են հագեցած լինում, իսկ երբ առկա է չբավարարված ցանկություն, դրանք ավելի ագրեսիվ տարրեր են պարունակում: Սեքսում սիրում եմ տրվել ոչ միայն մարմնով, այլև ողջ էությամբ: Սիրում եմ նորամուծություններ, չեմ սիրում միօրինակ սեքս:

Անի Մովսիսյան (նկարչուհի, 28 տ.)

Իրավաբանն «ամուր» սեքսի պաշտպան է

Կարծում եմ' սեքսը մարդու կյանքում որոշիչ դեր ունի: Ես հանդիպել եմ շատ սիրող զույգերի, որոնք բաժանվում են՝ սեռական կյանքում միմյանց չբավարարելու պատճառով: Ես ինքս սեքսի մեջ ամբողջովին ազատ եմ: Գտնում եմ, որ պետք է սեքսով զբաղվել հիմնական զուգընկերոջ հետ և ինչքան հնարավոր է բացահայտել միմյանց: Կարևորում եմ տեղեկացված լինելը. եթե նույնիսկ այդ պահին զուգընկեր չունես, պետք է, այնուամենայնիվ, տիրապետել սեքսի լեզվին: Սիրում եմ կայուն հարաբերություններ, իսկ դրան հասնելու համար պետք է սեքսուալ կյանքը լինի ամուր և ցանկալի:

Քրիստինե Հովհաննիսյան (իրավաբան, 25 տ.)

Հաշվապահը «բանական» սեքսի կողմնակից է

Նույնիսկ սեքսի ժամանակ գլխումս թվեր են, չնայած որ սեքսը նաև լիցքաթափման միջոց է: Սեքսի մեջ սիրում եմ ազատ հարաբերություններ, սակայն չեմ սիրում երկարատև սեքս, որը շատ էներգիա է խլում: Ինքս էլ եմ հասկանում, որ սեքսն անհրաժեշտ է կնոջը, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում շատ ժամանակ հատկացնել դրան: Իմ փորձից կարող եմ ասել, որ որոշ խնդիրների լուծումը հենց սեքսով զբաղվելու ընթացքում եմ գտնում. դրանք հիմնականում այն բարդ խնդիրներն են, որոնց շուրջ երկար եմ մտածել, ու հանկարծ միտքս այդ պահին փայլատակում է: Շատ եմ սիրում այդ պահը: Սեքսն ինձ համար, կարելի է ասել, լիցքաթափման, ինքնազգացողությունս բարձրացնելու միջոց է: Զուգընկեր ընտրելիս հիմնականում շարժվում եմ բանականությամբ' չանտեսելով նաև զգացմունքը:

Արմինե Սարգսյան (հաշվապահ, 27 տ.)

Ուսուցչուհուն դուր է գալիս «իշխող» սեքսը

Սեքսն ինձ համար ոչ միայն սիրո դրսևորում է, այլև ֆիզիկական պահանջ, որը չբավարարելու դեպքում կարող է հանգեցնել տրամադրության անկման, նյարդային լարված վիճակի և այլ անցանկալի երևույթների: Չեմ կարող սեռական կապի մեջ մտնել պատահական տղամարդու հետ. պետք է ունենալ սիրած տղամարդ, որը սեքսի մեջ մաքսիմալ կհասկանա քեզ: Սիրում եմ, երբ ես եմ իշխում սեքսի ժամանակ, բայց զուգընկերս պետք է նրբանկատ լինի և կարողանա լիարժեք բավարարել իմ սեքսուալ պահանջները:

Նարինե Առաքելյան (ուսուցչուհի, 29 տ.)

Դերասանուհին «կայուն» սեքսի կողմնակից է

Կարևորում եմ սեքսը, բայց զգացմունքն առաջին տեղում է: Կա տարածված կարծիք, որ դերասանուհիները միշտ խաղում են' թե՛ բեմում, թե՛ կյանքում: Կասեի, որ դա վերաբերում է ոչ միայն դերասանուհիներին, այլև շատ կանանց, ովքեր չեն բավարարվում սեքսի ժամանակ, բայց ձևական օրգազմ են «ապրում»: Ես չեմ սիրում այս երևույթը, ուստի սեքսի ժամանակ էլ ազատ եմ և անկեղծ. մտածում եմ ոչ միայն զուգընկերոջս, այլև իմ մասին: Նախընտրում եմ կայուն հարաբերություններ և կայուն սեքս: Զուգընկեր ընտրելիս առաջին հերթին հաշվի եմ առնում նրա մարդկային որակները, բնավորությունը, քանի որ եթե մարդիկ միմյանց սիրում և հասկանում են, կարող են սեքսի հարցում էլ ընդհանուր համաձայնության գալ և բավարարված զգալ:

Իլոնա (դերասանուհի, 26 տ.)

Ոստիկանն էլ նախընտրում է «ապահով» սեքսը

Սեքս.... սիրում եմ, իհարկե, բայց միևնույն ժամանակ պետք է զուգընկերոջս, այսպես ասած, «ոտքից գլուխ» ճանաչեմ, ապահովության համար: Այսօր բավական շատ են այն դեպքերը, երբ կանայք պրոբլեմներ են ունենում' «սխալ» մարդկանց հետ կապվելով: Մասնագիտությունս ինձ սովորեցրել է զգույշ լինել, ուստի ես նույնիսկ սիրո և սեքսի հարցում եմ զգույշ. երբեք սեքսով չեմ զբաղվի քիչ ծանոթ մարդու հետ: Սիրում եմ ազատ հարաբերություններ, բայց այդ ամենին կարելի է հասնել միայն այն մարդու հետ, ում վստահում և սիրում ես: Ցանկության դեպքում միշտ էլ սեքսի համար ժամանակ կգտնվի, չնայած որ մեր մասնագիտության պայմաններում, հնարավոր է, որ անսպասելի գործեր ի հայտ գան, և (խորը հոգոց) ... հաճույքին
փոխարինի պատասխանատու աշխատանքը, որն առաջին տեղում է:

Աննա Մխիթարյան (ոստիկան, 25 տ.)

Ի հավելումն. չմոռանաս, որ, անկախ մասնագիտությունից, մարդիկ տարբեր են, և չի բացառվում, որ «ապահով» սեքս նախընտրող ոստիկանը մի օր «իշխող» սեքսի սիրահար դառնա, իսկ «զգացմունքային» սեքսը կարևորող նկարչուհին էլ հենց «բանական» սեքսից հետո արվեստի գլուխգործոց ստեղծի:

Ի հավելում

Հոգեբանության մեջ գոյություն ունի «մասնագիտական դեֆորմացիա» հասկացությունը: Պարզվում է, որ մասնագիտական դեֆորմացիան անդրադառնում է նաև մարդու սեքսուալ կյանքի վրա: Հետազոտող, ուսումնասիրող (բժիշկ, գիտնական) մասնագիտություն ունեցող կանայք սեքսի մեջ զգուշավոր են, կարևորում են ֆիզիոլոգիական ապահովությունը: Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող կանայք (սպորտ, տնային գործեր) այդքան էլ չեն կարևորում սեքսը, քանի որ ադրենալինի պակաս չունեն. ֆիզիկական աշխատանքն արյան մեջ բարձրացնում է ադրենալինի տոկոսը: Կառավարող մասնագիտության տեր կանայք (ուսուցչուհի, մենեջեր, ոստիկան) սեքսի մեջ ավելի կտրուկ և պահանջկոտ են: Իրավաբանները կանխատեսելի սեքս են սիրում, առանց էքսպերիմենտների:

Քաղաքական գործիչները և բիզնես-լեդիներն արագ և նվաճողական սեքսի կողմնակից են: Արվեստագետներն ավելի հակված են սուբլիմացիային' էներգիայի տեղափոխմանը մեկ այլ վայր: Սեքսուալ կյանքով կարող են չապրել երկար ժամանակ, բայց սեքսի մեջ նրբանկատ են, սիրում են փոփոխություններ և նորամուծություններ, անկայուն են: Հաշվապահներն ավելի պահպանողական և բնազդային սեքսի կողմնակից են:

Ըստ սեքսոլոգի' կինը պետք է իր աշխատանքը հաճույքով կատարի, եթե ուզում է գերազանց սեռական կյանք ունենալ: Ամեն մասնագիտություն իր ազդեցությունն է թողնում կնոջ սեռական կյանքի վրա: Ուսուցչուհիները և դերասանուհիները սիրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել, ձգտում են ճանաչման: Սեքսի մեջ էլ նրանք ուզում են, որ զուգընկերը հիանա իրենցով: Հաշվապահները սիրում են կայուն հարաբերություններ. սեքսը նրանց համար ուտելու պես մի բան է' բնական պահանջ, որը բավարարման կարիք ունի: Բժշկուհիները զգուշավոր են, նուրբ, դեմ են սադիզմին: Առաջին հերթին մտածում են տղամարդուն բավարարելու մասին, ամեն ինչ սիրում են «որակով» անել: Ոստիկան կինն այդքան էլ չի կարևորում սեքսը. կա հնարավորություն' կբավարարվի, չկա' խնդիր չէ, կզսպի իրեն: Նրանց համար սեքսը բնական վիճակ է, դեմ են ամեն տեսակի սիրախաղերի, սիրում են արագ սեքս:

Լուսանկարը' ըստ HMI-ի