Ծառայության մեջ գտնվողներիս համար աշխատանքային օրվա ավարտը հարաբերական հասկացություն է, բայց երբ այն ավարտվում է առանց դժբախտ պահատարների, մահվան ելքով դեպքերի, վրաերթերի, օրը հաջողված եմ համարում: Ասել եմ ու չեմ զլանում կրկնել' յուրաքանչյուր դեպքի հիմքում քաղաքացու, թող կոպիտ չհնչի, անպատասխանատվությունն է' իր, դիմացինի, հասարակության նկատմամբ: Մի փոքր ավելի զգոնություն, ուշադրություն ու գիտակցում' քանի-քանի դեպքից հնարավոր կլիներ խուսափել: Ինչպես արդարացնել 150 կմ/ ժամ արագությամբ բանուկ փողոցով սլացող կամ կարմիր լույսի տակով փողոցը, ինչո՞ւ չէ նաեւ պողոտան մեջտեղով հատող հետիոտնի գործողությունները: Մեզանից յուրաքանչյուրը գոնե մի քանի անգամ ականատես է եղել նման դեպքի:
Լրատվամիջոցներից մեկն օրերս հետաքրքրվում էր հետիոտնային խախտումների վիճակագրությամբ: Պարզաբանեցի'օրինախախտների նկատմամբ 100-ից ավելի արձանագրություն է կազմվել' 3000-ից 5000 դրամ տուգանքի չափով, բայց տուգանելով հարցը չի լուծվում: Ավելի շատ իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտություն կա: Հետիոտնը պետք է հասկանա, որ իր մեղքով կարող է ՃՏՊ-ի պատաճառ դառնալ, վրաերթի ենթարկվել:
Ուսուցանողի, քարոզչի դեր չեմ ուզում ստանձնել, բայց ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր ներքին պատասխանատվության նկատմամբ ոչ թե խիստ, այլ չափազանց խիստ մոտեցում ցուցաբերի: Դժվար չէ, մեծ ճիգեր էլ պետք չէ գործադրել: Առաջնորդվենք ընդամենը սահմանված կանոններով:
Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան մահանում է 1.3 մլն մարդ. նրանցից 270 հազարը հետիոտն են: Եվս 20-50 մլն մարդ տարբեր տիպի վնասվածքներ է ստանում վթարների հետեւանքով: Մահվան ելքով վթարների մեծ մասը բաժին է ընկնում փոքր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին: Ամեն շաբաթ ճանապարհներին 5 հազար մարդ է մահանում. նրանք գնում են դպրոց, աշխատանքի կամ կանգառում սպասում են տրանսպորտի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են: Այնպես անենք, որ, ցանկում ներկայացված լինելու դեպքում նույնիսկ, մեր երկրի վիճակագրական թվերը շատ ցածր լինեն:
Ոզում եմ հիշենք, թե որքան մարդ է զոհվում ավտովթարներից եւ որքան մարդ կարող էր ծնվել այն մարդկանցից, ովքեր զոհվել են: Խնայեք ձեզ ու ձեր հարազատներին: Անվտանգ երթեւեկություն ու հաջող աշխատանքային օր եմ մաղթում բոլորին:

 

 

Արսեն Արշակյան