Դու նկարչուհի էիր, իմ խելառ նկարչուհին, որ ճակատագրի պարգևով հայտնվեցիր իմ կյանքում ու ճակատագրի հեգնանքով էլ հեռացար…Շատ կարճ ժամանակ տևեց մեր շփումը, ընդամենը մի քանի ամիս…բայց իրար հետ անցկացրած օրերը անջնջելի հիշողություն թողեցին երկուսիս մոտ էլ…Երևի թե կյանքում իմ բոլոր սերերից ամենաշատը քեզ հիշեմ: Իմ խելառ, իմ կրակ, իմ արվեստ, իմ հոգի, իմ շունչ, իմ ջերմություն, իմ տաքություն…Երբեմն լսում էի քեզ ու ինքս իմ մեջ մտածում, որ չէ, էս աղջիկը հաստատ այլ մոլորակից է եկել…Հիշում եմ, թե ինչպես էիր ծխախոտը դնում բերանդ, ոտքերդ դնում սեղանին ու պառկած դիրքով խնդրում էիր ինձ անշարժ նստած մնալ, որ սիրուն ձեռքերովդ պատկերես դիմանկարս թղթի վրա: Այդ ամենը լինում էր քո արվեստանոցում, մեր խենթ ու խելառ օրերի հանդիպման մշտական վայրում…շատ բան չէր ներկայացնում իրենից արվեստանոցդ…կտրտված պաստառներով պատեր, պատուհանների վրա հին վարագույրներ, մի մեծ ներկապնակ՝ լի տարբեր գույներով ու յուղաներկերով՝ մի մասը իրար խառնված, մյուսներն էլ գետնին գլորված, մի մեծ թղթի հենասարք՝ դիմացը նկարելու համար նախատեսված առանց հենակի աթոռ, մի երկար բազկաթոռ՝ սենյակի ձախ կողմում, պատի տակ, ուր նստում էի ես՝ նկարելուդ ժամանակ, փոքր լվացարան ու կախիչ՝ մուտքի մոտ…Ամենաշատը այն օրն եմ հիշում եմ, երբ բարձրացանք արվեստանոցդ, կանգնեցիր դեմքով դիմացս, շոյեցիր ձախ ձեռքս ու լուրջ դեմքով ասացիր.

- Ես պիտի նկարեմ քո ձեռքերը…

Հետո լուրջ դեմքով նստեցիր աթոռիդ, մի ոտքդ դրեցիր նրա տակի հենակին, ձախ ձեռքով վառեցիր ծխախոտը (ո՜նց էի սիրում, երբ դու ծխում էիր), ու սկսեցիր հեռվից ուշադրությամբ զննել ձեռքերս (երևի իմ մեջ ամենաշատը ձեռքերս էիր սիրում): Հիշում եմ դեմքդ նկարելուց, այնպիսի մի մտածող հայացք, որ կարծես Կարավաջոյի կամ Մոդիլյանիի նկարներից էիր նկարում, իսկ նկարն էլ պետք է ցուցադրվեր աշխարհի ամենամեծ պատկերասրահում…Հիշում եմ այդ պահին երկար ու սև աչքերդ, թե ոնց էին երբեմն լարվածությունից լայնանում ու դարձյալ նեղանում, երևի չէիր կարողանում ստանալ ուզածդ, գալիս էիր մոտս անընդհատ, շոշափում ձեռքերս, ու նորից «ա՜խ լավ հա, հասկացա» ասելով վերադառնում աթոռիդ վրա՝ դեմքիդ մի ժպիտ հայտնված: Մի պահ լուռ էիր, կարծես ստացվում էր արդեն նկարը, ես էլ չէի ուզում խոսել, որ չխանգարեի քեզ, չկտրեի մտքերիցդ, մենակ լուռ նայում էի ուսիդ թափված սև մազերին ու գեղեցիկ հագուստիդ, որն իրենից ոչինչ չէր ներկայացնում, քան ընդամենը գիշերանոցատիպ բաց-կանաչավուն մի քաթանե կտոր՝ հասնելով մինչև ծնկներդ, որից հետո շարունակվում էին սպիտակ ու երկար գեղեցիկ ոտքերդ, ոտքերիդ էլ հողաթափեր չկային, սիրում էիր բոբիկ քայլել…Մի պահ լուռ էիր, էլ չէիր նկարում, վառեցիր ծխախոտդ ու սկսեցիր նկարին լու՜ռ նայելով մտածել, իսկ ես դարձյալ անշարժ նստած էի բազկաթոռի վրա, չէի ուզում խախտել քար լռությունը…Ու հանկարծ վեր թռար տեղիցդ, թղթի հենասարքը շուռ տվեցիր գետնին, վազեցիր մոտս ու սկսեցիր խելառի նման համբուրել ձեռքերս…Մեջիդ կիրքը դրանք սիրելով էիր հանգստացնում, իսկ ինձ հաճելի էր, երբ տաք շուրթերդ հպվում էին մատներիս, նրանց արանքին, իսկ հետո շուռ էր գալիս ափիս մեջ, բարձրանում էր դաստակովս վեր ու էլի վերադառնում սկզիբ, անդադար, խառը… մեջովս էլեկտրական դող էր անցնում, աչքերս փակում էի ու սկսում էիր աչքերս համբուրել, ես էլ չէի դիմանում, երկուսով տրվում էինք կրքի վայրկյական հաճույքին: Արվեստանոցում, աղոտ լույսի տակ, ամառային երեկոներում, երկուսով, գաղտնի կտրված աշխարհի այդ փոքր անկյունում՝ տրվում էինք իրար անդադար, տենչալով մեկս մյուսին, վայելում տրված ազատությունը….Ու երբ արդեն շատ ուշ էր լինում ու մեր գնալու ժամանակն էր գալիս՝ տխուր ձայնով ասում էիր.

-Այսօր էլ չստացվեց, բայց վաղը կգաս, ես պիտի վերջացնեմ քո ձեռքերը…

Մի քանի շաբաթ հանդիպեցինք ամեն օր, ամեն անգամ մի պատրվակ էիր բռնում ձեռքերս չնկարելու համար՝ փոխարենը նկարելով աչքերս, դեմքիս մի հատվածը, ճակատս, մազերս, նայում էիր ու քո նկարածից գոհ, ժպիտը դեմքիդ կանչում…«Արի խելառս, տես ինչ լավ է ստացվել», ես էլ գոհ նկարածիցդ, ժպտում էի, կռանում ու համբուրում աչքերդ, ձեռքերս տալիս էի քեզ, որ էլի խաղայիր նրանց հետ, իսկ հետո մի բաժակ սուրճ խմելուց հետո հակառակ կողմերով պառկում էինք բաղկաթոռին: Սկսում էիր խոսել երազանքներիցդ, որ ուզում ես գնալ արտասահման, էնտեղ շարունակես նկարելդ, իսկ ես տխրում էի, որ այդպես կարող է կորցնեմ քեզ, չնայած, շատ լավ հասկանում էի, որ ինչպես բոլորի մոտ՝ մի օր մեր երջանկության վերջն էլ պիտի գար…խոսում էիր սիրածդ քաղաքներից, աստղերից, երկնքից, սիրածդ ամրոցներից…հիշում եմ, թե ինչպես, երբ մի անգամ բարձրացա մոտդ, դուռը բացեցիր ու վախենալով թռար գրկիս մեջ ու լացելով ասեցիր՝ «ինձ պինդ պահի, այս գիշեր հրեշը իմ սիրած ամրոցն է մտնելու»…չգիտեի ծիծաղեի, թե լուրջ զարմանայի այդ պահին նման մանկական արտահայտության վրա, բայց տեսնելով կարմրած ու արցունքներով աչքերդ՝ հասկացա որ լուրջ վիճակում ես.
- Ի՞նչ ամրոց, ի՞նչ հրեշ, էս ի՞նչեր էս խոսում:
- Հա էն ամրոցը, որ քեզ միշտ պատմում էի դրա մասին, էսօր երազումս տեսա որ հրեշը անցել է դարպասներով ու ներս է մտնում, ես էլ այդ պահին վեր թռա քնից, որ չտեսնեմ այդ պահը, ու միանգամից թղթին հանձնեցի տեսածս, տես…

Նկարն իրենից ուղղակի կատարելություն էր ներկայացնում: Թերևս եթե չիմանայի, որ նա էր նկարողը, կմտածեի, որ վերցված է աշխարհահռչակ նկարիչներից մեկի գործերից…Մի մեծ ամրոց էր նկարված՝ հսկայական մառախուղի մեջ, բոլոր կողմերից բարձրացած ամպերով՝ որոնք ծածկում էին ամրոցի վեր խոյացած 4 սյուները…ամրոցն ուներ մի մեծ բակ, բակում՝ բազմաթիվ ծաղիկներ, բոլորը թառամած, իսկ մուտքի դարպասների մոտ կանգնած էր մեծ մարդանման հրեշը՝ թիկնոցավոր, ձեռքերը պարզած, ու անհագ աչքերով նայում էր ամրոցի պատուհաններից մեկին, ուր, գլուխը կախ գցած, վախվորած կանգնած էր ինքը, հենց նկարի հեղինակը, իմ նկարչուհին…

-Գիժ,- նկարը ուսումնասիրելով ու ծիծաղելով դարձա նրան,- եթե իմանամ էսպիսի լավ նկարներ էս նկարելու՝ միշտ կուզենամ երազումդ հրեշներ գան ու մտնեն ամրոցդ:
- Սու՜ս մնա, հիմա կլսի ու կգա էստեղ, չես հասկանու՞մ…Ու բարձր լացելով ընկավ գիրկս…

Իմ գիժն էր, իմ տարօրինակը, իմ հոգին, իմ էությունը, իմ երազանքը, սիրո պատկերը, խելառը, արվեստի նմուշը, կատարելությունը…Այդ օրն այդպես էլ չթողեց հեռանամ իր կողքիցդ ամբողջ գիշեր, պառկած մնացինք բազկաթոռին՝ ձեռքերս պինդ բռնած ու անընդհատ նայելով դռանը, որ ուր որ է պիտի մտնի հրեշը…արդեն ես էլ էի սկսել կասկածել, որ շուտով նման մեկը գալու է…

Այդպես էլ մնացինք քնած, առավոտյան արթնացանք իրար գրկում…Երբ տեսավ, որ ոչ մի հրեշ էլ չի եկել այցի, ինքն էլ ծիծաղեց իր երեխայության վրա, իսկ ես զայրացել էի, որ պետք չէր նման փուչ երազի վրա կենտրոնանալ:

-Հրե՛շ, չեմիչէ, մի հատ էլ ասա յոթ գլխանի կով,- զայրացած վրա էի բերում ես:
- Դե սուս մնա լավ, իբր չէիր ուզում էս գիշերն էլի կողքս քնեիր:

Ու դարձյալ սկսվում էր մեր սիրով զբաղվելը, մեր մարմինների իրար տաք հպումը, գլուխներներս բռնած իրար ափերի մեջ անդադար համբուրվելը, ոտքերս ոտքերի արանքների մեջ խառնվելը, փոքր կրծքերը, մատներս մատերի մեջ հյուսված լինելը, ու ես անդադար վայելում էի նրա մարմինը ու չէի հագենում դրանից…

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

Անցան օրեր, վերջապես նկարեցիր ձեռքերս…Այդ օրը եկա արվեստանոցդ, տեսա որ տխուր ես, չհարցրի էլ ինչ է եղել, ամեն ինչ պարզ էր…դու գնում էիր արտասահման, շարունակելու կարիերադ…արցունքներն աչքերիդ, դեմքիդ աննման մի ժպիտ՝ կանչեցիր.

-Արի մոտս, վերջը ստացվել է…

Ձեռքերս նկարելու ժամանակահատվածում երբեք չէի նայել, թե ինչպիսին է ընթացքը, ու երբ նայեցի նկարին՝ ուղիղ 10 րոպե քարացել էի…Միայն դու կարող էիր այդպես նկարել՝ իրար վրա դրված երկու ձեռքեր, որտեղ մատները հանդարտորեն դրված են մեկը մյուսի վրա, աջ ձեռքիս ցուցամատին տվել էիր յուրահատուկ ընդգծում՝ ավելի շուտ գնում էր դեպի բութ մատս ու հեռացած էր միջնամատից ու մյուսներից…ի՜նչ գեղեցկությամբ էիր ընդգծել մատներիս ծայրերի կլորությունը, դաստակներիս վրա տեղ-տեղ շոշափվող երակները, դրանից հետո շարունակվող ձեռքիս մի մասը…

- Էս նկարը թող մնա քեզ իմ կողմից…Չգիտեմ, թե երբ եմ վերադառնալու, չեմ ուզում իզուր խոստումներ տալ քեզ, լավ մնա ու քո ճակատագիրը հարթի, իսկ մեր օրերը կմնան սրտումս, ես դրանք ամեն օր կհիշեմ, ձեռքերդ ու աչքերդ շատ կկարոտեմ, բայց ոչինչ, էսօր ամբողջ գիշեր ես դրանք հազար անգամ նկարել եմ, էնպես որ միշտ կնայեմ ու կարոտս մի կերպ կառնեմ…Ու ցույց տվեց նկարների մի խուրց՝ ամբողջությամբ աչքեր ու ձեռքեր…
-Արվեստանոցը վաճառել եմ, վաղը պիտի ազատած լինեմ արդեն, էնպես որ եթե ուզենաս մնալ՝ մի գիշեր ունես տրամադրությանդ տակ… քեզ լավ կնայես…
Ու մի երկար համբույր, որ դրոշմվեց իմ չորացած շուրթերին, իսկ հետո անհետացան շուրթերն էլ, ինքն էլ…Սենյակը մնաց դատարկ…մենակ ես ու 4 պատերը, իր նկարների հետ…Սկսեցի թերթել նրա սևագրերը, մեծամասամբ ոչինչ չասող գծեր էին, պատկերների առանձին մասեր, որոշ տեղ գրված կրճատ բառեր, տառեր, հապավումներ, տարօրինակ երևույթներ…մի տեղ տեսա, որ ցանկացել էր մեզ երկուսիս նկարել քնած ժամանակ, չէր ստացվել, նկարը կիսատ էր թողել…վերցրի թուղթն ու պառկեցի բազկաթոռին, հիշողությունների գիրկն ընկած, հիշեցի մեր բոլոր օրերը, ու էդպես էլ քնեցի…

Էդպես էլ քնեցի, թուղթը կրծքիս դրած, ձեռքս վրան, երբ առավոտյան արթնացա ու տեսա, որ արդեն լուսաբաց է, և ուր որ է նոր տերը կգա …մի վեջին անգամ նայեցի սենյակին՝ հին վարագույներին, գետնին թափված ներկերին, ջարդված կախիչին… հանդարտ դուրս եկա սենյակից, մի այրվող ցավ ճմլվեց սրտումս… աշխատեցի զսպել ինձ…

Այդպես հեռացանք երեքս իրարից՝ ես, արվեստանոցը, ինքը, որպեսզի այս աշխարհում այլևս երբեք չհանդիպեինք իրար…

ՎԵՐՋ