Մեր առաջին հանդիպմանը Չարենցն ինձ վրա թողեց ժամանակի մեծ խնդիրներով ապրող խանդավառ պատանու տպավորություն, որ ձգտում էր հասու լինել աշխարհի գաղտնիքներին, որ ամբողջ սրտով սիրում էր գեղեցիկը կյանքում: Իսկ նրա համար գեղեցիկի հիմքում ժողովուրդն էր' իր լավագույն երազանքներով:
Հայ ժողովրդի հանդեպ Չարենցի անսահման սերը նրա տիեզերական հումանիզմի գրանիտե պատվանդանն էր…
Չարենցն օժտված էր ստեղծագործական բարձր շիկացման հասնելու աներևակայելի ուժով: Նա ոգևորվում էր ինքնամոռացության աստիճանի և վհատվում' խոր հուսախաբության հասնելով: <...>:
Չարենցի մեջ ինձ առանձնապես դուր էր գալիս նրա խանդավառ հայրենասիրությունը, արվեստը նուրբ ու խոր ընկալելու նրա ունակությունը: Նա գեղանկարչության պատմությունը գիտեր մասնագետի նման և, որ առանձնապես կարևոր է, զգում էր գեղանկարչությունը' դա նրա վեցերորդ զգայարանն էր:
Ու թերևս այդ ամենն էր պատճառը, որ դեռևս 1923-ին ես Չարենցի դիմանկարն արեցի: Նկարի համար ֆոն ծառայող կապույտ թաշկինակի վրա կախեցի իմ սիրած եգիպտական դիմակը: Դժվարանում եմ ասել, թե ինչու Չարենցի հետ կողք-կողքի նկարեցի դարերի խորքից եկող այդ դիմակը:
Հաճախ արվեստագետը, ներքին խոյանքին ենթարկվելով, ստեղծագործության մեջ ներդնում է մինչև վերջ չգիտակցված և չմտածված մի բովանդակություն, որը բացահայտվում է տարիների հետ միայն: Կարևորն այն է, որ եգիպտական դիմակը Չարենցին էլ դուր եկավ: Ըստ երևույթին, հին եգիպտական արվեստի այդ բարձրագույն նվաճման մեջ, ինչպես կիզակետում, համընկան մեր գեղարվեստական ճաշակները: Դիմակի աչքերը, որոնց մեջ հավերժի պաղությունն էր արտացոլվում, հակադրվելով Չարենցի կենդանի, իմաստուն աչքերի հետ' շեշտում էին դրանց անխորությունը:
Մեկ տարի անց այդ դիմակները ներկայացվեց Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում, իսկ հետագայում Չարենցն այն օգտագործեց իբրև բանաստեղծությունների իր գրքի ֆրոնտիսպիս:
Չարենցը մեր մշակույթի այն գործիչներից է, որոնց բնատուր հանճարը զուգորդվում է ժամանակի սուր զգացողության, մեծ էրուդիցիայի և արտիստական հազվագյուտ ճաշակի հետ: Տարիների ընթացքում այդ ունակություններն արտակարգ արագությամբ խորանում էին, զարգանում և իրենց մարմնավորումն ստանում նրա պոեզիայում: (I, 215):