Սեքսն արձակուրդի ընթացքում չափազանց հրաշալի է՝ տարեկան միայն մեկ կամ երկու անգամ ապրելու համար: Ահա թե ինչպես վայելել «ճանապարհորդական սեքսի» հաճույքը նույնիսկ այն դեպքում, երբ արձակուրդ գնալու ժամանակ և միջոցներ չկան:
Ինչո՞ւ ես միշտ կարոտով հիշում արձակուրդի ընթացքում ունեցած սեքսը, և ինչո՞ւ է այն թվում առավել հրաշալի, քան դրան հաջորդող կամ նախորդող սեռական հարաբերությունները: Քինսի ինստիտուտի հետազոտողներն արձանագրել են՝ պատճառներից մեկն այն է, որ արձակուրդում լինելը բարձրացնում է մարդու տրամադրությունը՝ այդպիսով մեծացնելով ցանկասիրությունը և ռեակցիան, հատկապես՝ կանանց մոտ:
Բացի այդ, աշխատանքդ չի խժռում քո ունեցած ողջ ժամանակը և քեզ նետում սթրեսների գիրկը՝ մսխելով քո սեքսուալ էներգիան ու տրամադրությունը: «Մարդիկ արձակուրդի ընթացքում այդքան հանգիստ են, որովհետև նրանք նախքան ուղևորության մեկնելը սպառել են իրենց գործնական անելիքների ցանկը,- ասում է դոկտոր Յան Քերները՝ She Comes First գրքի հեղինակը: - Նրանք անհանգստացնող որևէ պարտավորություն չունեն, որ կախված լիներ իրենց գլխավերևում և որևէ կերպ խանգարեր»:
Այս ամենին գումարվում է նոր, գեղեցիկ միջավայրը, էկզոտիկ սնունդը, վերջապես նոր կահույքը, որի վրա կարելի է չարաճճի խաղեր խաղալ և... դու պատրաստ ես ֆանտաստիկ սեքսի: «Նոր զգացողությունները բորբոքում են կրքերի կրակը»,- ասում է դոկտոր Բարբարա Քիսլինգը՝ The Good Girl's Guide to Bad Girl Sex գրքի հեղինակը:
Այս նույն զգացողություններն ապրելու համար ամենևին պարտադիր չէ մսխել դժվարությամբ վաստակած փողերը: Ավելին՝ վերջերս կատարված մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուղևորություն պլանավորելն իսկ արդեն մարդու մոտ բարձրացնում է երջանիկ լինելու ֆակտորը: Մենք գիտենք' ինչպես մի փոքր ալոհա ներարկել քո անկողնային կյանք. և այս դեպքում, հավատա, հավայան ծովափն ամենևին անհրաժեշտություն չէ:
Երևակայական արձակուրդ
Մեկ կամ երկու շաբաթ առաջ խոսիր տղամարդուդ հետ այն մասին, թե երբ է լինելու ձեր երևակայական արձակուրդը, ապա սկսիր նախապատրաստվել: Մի երեկո հատկացրու մազահեռացմանը և շաբաթ-կիրակի օրերին ժամանակ գտիր գնելու այն ամենը, ինչի կարիքն ունենալու եք ձեր 24-ժամյա «փախուստը» հաճույքի խելագար խնջույքի վերածելու համար: «Արձակուրդային սեքսն առանձնահատուկ զգացողություններ է արթնացնում, որովհետև այն տեղի է ունենում այնպիսի օր ու այնպիսի ժամի, երբ դուք սովորաբար դրանով չեք զբաղվում, ասենք՝ երեքշաբթի օրը, ցերեկվա ժամը 3-ին»,- մեկնաբանում և այս պարագայում նաև խորհուրդ է տալիս Քերները:
Արևադարձային ուտեստներ
Ձեր ճաշի սեղանը պետք է լինի լյուքս, բայց լարվածություն չառաջացնող. ուրեմն գտիր այնպիսի բաղադրատոմս, որը ձեզ կմատուցեին առագաստանավի վրա, երբ դուք նավարկելիս լինեիք, ասենք, Սեյշելյան կղզիների շուրջ: Օրինակ՝ ծովախեցգետնի սև իչե՝ մանգոյով: Չմոռանաս մրգային կոկտեյլները. մի կողմ թող քեզ ծանոթ համերը և ընտրիր էկզոտիկ բաղադրիչներով խմիչք:
Հավելյալ հնարքներ
Արձակուրդային մթնոլորտ ստեղծելու համար միայն սնունդը բավարար չէ: Հանգստացնող երաժշտություն, թրթռացող մոմեր, գեղեցիկ ինտերիեր... այս ամենը միայն կավելացնի համապատասխան տրամադրությունը: Ուստի նախապատրաստվիր. համացանցից ներբեռնիր հիփ-հոփ/ռեգի ոճի մի քանի երգ (ասենք, որևէ գործ Մայքլ Ֆրանտիից), և սենյակում ավելացրու որոշ ոչ թանկարժեք դետալներ. բիսերով հյուսված վարագույրը շատ տեղին կլինի՝ ձեր դրախտային Շանգրի Լան ստեղծելու համար: Զարդաքանդակներով գավաթներ գնիր, և ամեն անգամ ըմպելիս կլսես պոլինեզական ցեղախմբերի թմբուկների ձայնը:
«Էկզոտիկ վայր»
Երբ գա նշանակված Մեծ օրը, Քիսլինգը խորհուրդ է տալիս տղամարդուդ թույլ տալ ընտրել բնակարանում ինտիմ մերձեցման այնպիսի վայր, որը դեռևս «մկրտություն» չի անցել: Չմոռանաս կոկոսի բուրմունքով յուղով էրոտիկ մերսումների մասին... Իսկ այ երկրորդ փուլի վայրը կարող ես ինքդ ընտրել:
Եվ ո՞վ գիտի... էկզոտիկ կոկտեյլից փոքր-ինչ գինովցած՝ դու գուցե պատուհանից այն կողմ լսվող երթևեկության աղմուկը շփոթես ծովափին փարվող ալիքների ձայնի հետ...
Խղճի խայթ
Կանանց 40%-ը մեղավորության զգացում է ունենում աշխատանքից բացակայելու դեպքում, մինչդեռ նման զգացում ունենում է տղամարդկանց միայն 29%-ը:
Լուսանկարը' ըստ HMI-ի