«Ես շատ եմ մտածել Լերմոնտովի «Դևի» մասին:- Ի՞նչ սիմբոլ է այդ: - Չէ՞ արդյոք ռուս-թաթարական ժխտողական հանճարի պատկերը... Եվ չէ՞ արդյոք այդ «Դևը» նախահայրը ռուսական նիհիլիզմի... Հետաքրքիր կոնցեպցիա... Ըստ այս կոնցեպցիայի - «Դևի» հետևողները ռուսական և համամարդկային պատմության և կուլտուրայի հորինած ոչ այլ ոք են, քան... Չերնիշևսկուց սկսած մինչև... Լենինը... Ո՞վ չի արդյոք կրել «Դևի» հոգևոր կերպարանքի հզոր ազդեցությունն իր վրա ռուսական պատմության մեջ. այն ամենը, որ բուն ռուսական է, և, որպես այդպիսին, միանգամայն ինքնուրույն: - Այսպիսով, Լերմոնտովի «Դևը» դառնում է նախահայրը այն ամենի, որ ռուս ժողովուրդը մուծել է կամ փորձում է մուծել համամարդկային պատմության մեջ: - Եվ նրա լավագույն աշակերտներն են հանդիսանում - Չերնիշևսկին, Պիսարևը, Շչեդրինը, Դոստոևսկին, Տոլստոյը, Լենինը, Նիկոլայ Մորոզովը... Մանավանդ վերջինս, որ հերքում է ամբողջ մարդկության պատմությունը !... Իսկապես որ «Դևը» ոչ այլ ինչ է, քան ռուսական հանճարի լավագույն սիմբոլը!!!
Իսկ ռուսական դրական ապողոնյան հանճա՞րը... Նա իր լավագույն արտահայտությունը գտել է հանձին Ալեքսանդր Պուշկինի - և մնացել է մենակ!.. Եվ սա էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ դրական ապողոնյան հանճարը սերում է... Աֆրիկայից! ...Եվ մինչև այս չունի ոչ մի շարունակող ու հետևող իր լուսավոր գծին... Պուշկինը - ռուսական կուլտուրայի միակ դրական, շինարար սկզբունքն է - և մնացել է մենակ... Բոլորը նրան երկրպագում են, բայց ոչ ոք նրան չի հետևում»: