Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արմենուհի Այվազյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:
Արմենուհին մեղավոր է ճանաչվել հարազատ եղբորը դիտավորությամբ սպանելու, ինչպես նաև սպանությունից երկու ամիս առաջ նույն եղբոր առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:
Եղբորը սպանելու համար ամբաստանյալ Արմենուհին իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, իսկ նույն եղբորը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար իրեն մեղավոր չի ճանաչել:
Դեռ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին քրեական գործ էր հարուցվել Արմենուհու կողմից եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա որոշմամբ Արմենուհու եղբայր Գագիկը (անունը փոխված է) տուժող էր ճանաչվել:
Հոկտեմբերի 27-ին Արմենուհու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նոյեմբերի 7-ին հարուցվել էր քրեական գործ՝ այդ անհանգիստ ընտանիքի մյուս անդամի՝ Արմենուհու մյուս եղբայր Նորիկի (անունը փոխված է) կողմից իր եղբայր Գագիկի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս գործը հետագայում կարճվել է կողմերի հաշտության հիմքով:
Նոյեմբերի 18-ին արդեն քրեական գործ է հարուցվել Արմենուհու կողմից իր եղբայր Գագիկին դիտավորյալ սպանելու փաստի առթիվ:
Արմենուհուն մեղսագրված արարքներին վերաբերող գործերը միացվել են մեկ վարույթում:
40-ամյա Արմենուհին ամուսնացած չի եղել, ապրել է հայրական տանը:
Ընդհանուր իրավասության դատարանում Արմենուհին հայտնել է, թե 2012 թվականի սեպտեմբերի 12-ին եղբոր՝ Գագիկի ստացած վնասվածքների հետ ինքը կապ չի ունեցել:
Այդ օրը, ինչպես միշտ, Գագիկը օղի է խմել, վիճաբանել իր ու մոր հետ, ինքը մոր հետ տանից հեռացել է:
Բակում են եղել, երբ իրենց տուն է եկել հոր ընկերը, ասել է, թե հեռախոսով իրեն կանչել, օգնություն է խնդրել Գագիկը:
Մտել են տուն, տեսել, որ Գագիկն արնաթաթախ ընկած է հատակին: Նա սկզբում իրենց վատ փոխհարաբերությունների պատճառով ասել է, թե իրեն դանակահարել է քույրը՝ Արմենուհին, բայց հետո բացատրություն է տվել, թե ինքն է իրեն դանակահարել:
Արմենուհին հայտնել է, թե եղբայրը Ռուսաստանում կատարած սպանության համար այնտեղ 15 տարի կալանքի տակ է եղել: Հայաստան է վերադարձել 2011 թվականին: Բնակվել է հայրական տանը:
Մշտապես հարբեցողությամբ է զբաղվել, չի աշխատել, ծխախոտի ու խմիչքի փողն իրենցից է ուզել: Հարբած ժամանակ Գագիկը, ըստ Արմենուհու, ծեծել ու ստորացրել է իրեն ու մորը, կոնֆլիկտների մեջ է եղել իրենց մյուս եղբոր՝ Նորիկի հետ:
Համատեղ ապրելու ընթացքում Գագիկը, Արմենուհու ասելով, սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ ու բազմիցս ծեծել է իրեն, որովհետև ինքը միշտ մերժել է նրան:
Գագիկը, ըստ Արմենուհու, պահանջել է կամ աղջիկ գտնել իր համար, կամ բավարարել իր սեռական ցանկությունները: Նա ասել է. «40 տարեկան ես, ո՞ւմ համար ես մնացել»:
Եղբոր այդ վարքագիծը իրեն դրդել է անգամ ինքնասպան լինել, բայց մորը խղճացել ու նման բան չի արել:
Եղբոր վարքից բողոքել է ոստիկանություն: Միշտ հորդորել են հաշտվել, խաղաղ ապրել: Վերջին անգամ եղբայրն իրեն պիտի բռնաբարեր կամ էլ պիտի սպաներ: Խայտառակությունից խուսափելու համար ինքը դանակով հարվածել է Գագիկին, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Այդ քայլին գնացել է իր ու ընտանիքի պատիվը փրկելու համար:
Ըստ Արմենուհու՝ Գագիկը դեռ 80-ականներին հոր հետ վիճել ու հրդեհել է իրենց տունը: Հայրը նրան վռնդել է տնից: Երկար ժամանակ Գագիկից տեղեկություններ չեն ունեցել: Հայրը նրա դարդից ինքնասպան է եղել 1995 թվականին:
Նախաքննական ցուցմունքում Արմենուհին հայտնել է, թե Գագիկի հետ միշտ եղել է լարված հարաբերությունների մեջ, որովհետև նա միշտ փորձել է իշխող դերում լինել, իսկ ինքը չի ենթարկվել:
Սպանության օրը՝ նոյեմբերի 18-ի երեկոյան, Գագիկը խմել է: Տանը եղել են երեքով՝ եղբայրը, ինքը, մայրը: Գագիկը հայհոյել է մյուս եղբորը՝ Նորիկին, իսկ ինքը նախատել է նրան:
Վիճել են: Գագիկը շարունակել է խմել, իրեն անվանել է անբարոյական, գործ տվող: Ինքն էլ նրան ասել է. «Ի՞նչ ես գլխիս սարքում, գիտես, որ ստորագրությունով բաց թողնված մարդ եմ»:
Գագիկը խփել է իր այտին: Ինքը մորը դուրս է հանել տնից, դարակից վերցրել է խոհանոցային դանակը ու երեք անգամ հարվածել է եղբոր կրծքին:
Նա ընկել է հատակին ու չի խոսել: Ինքը դանակը գցել է հատակին, դուրս է եկել բակ, այնտեղ գտնվող մորն ասել է. «Տղուդ դանակով խփել եմ, գնում եմ հանձնվեմ»:
Հարևանուհու տնից զանգահարել է ոստիկանություն ու հայտնել իր կատարածի մասին:
Նախաքննական մեկ այլ ցուցմունքում Արմենուհին հայտնել է, թե Գագիկն իրեն միշտ լկտի է պահել, մի քանի անգամ առաջարկել է, համոզել, որ հետը կենակցի, բայց ինքը միշտ մերժել է, ասել, թե կդիմի ոստիկանություն: Եղբայրն իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, ցանկացել է բառերով ճնշել, որ ինքը հեռանա տնից, ու տունը մնա նրան:
Առաջին դեպքից հետո, երբ Գագիկը դանակի երկու հարված էր ստացել ու ողջ էր մնացել, որպես տուժող տված ցուցմունքում հայտնել է, թե դեպքի օրը ինքը նախատել է մորն ու Արմենուհուն, որ իր դեմ ոստիկանություն են կանչում, բայց ասում են, թե հարևաններն են կանչել: Նրանց ասել է, թե դա անբարոյականություն է, ասել է՝ վերջ տվեք էդ պոռնկությանը: Այդ ժամանակ Արմենուհին խոհանոցի կողմից հարձակվել է իր վրա:
Մյուս քրոջ անչափահաս տղան վախեցել է, կանգնել իրենց միջև: Բայց ինքը Արմենուհու ձեռքին դանակը տեսել է ու երեխային անմիջապես հեռացրել, որ չվնասվի:
Արմենուհին դանակով խփել է իրեն աջ կողմից, հետո ձախ կողմից: Նա ընկած տեղը ոտքով հարվածել է իրեն ու ասել. «Դու պիտի մեռնես արյան մեջ, սա մեր տունն է...»:
Հետո բոլորը տնից դուրս են եկել՝ իրեն թողնելով: Ինքը զանգել է հոր ընկերոջը ու խնդրել, որ շտապ գա ու իրեն օգնի:
Արմենուհու և Գագիկի մայրը հայտնել է, թե Գագիկը, ճիշտ է, իր հարազատ որդին է, բայց իրենց հանդեպ ունեցել է լկտի պահվածք, Արմենուհու հետ խոսել է սեքսի թեմաներով, ռեպլիկներ է արել: Այնքան լկտի է եղել, որ մայր ու աղջիկ երբ զուգարան են մտել, մեկը մյուսին դռան մոտ հսկել է:
Մայրն ասել է, թե չի ցանկանում սպանված տղայի իրավահաջորդը լինել: Նա չի ցանկացել նաև, որ իր որդի Գագիկի դիակը տուն տանեն ու տնից հուղարկավորեն, քանի որ, մոր խոսքով՝ որդին «դրան արժանի չի եղել»: Դիարանից Գագիկին ուղիղ գերեզմանոց է տարել ու հողին հանձնել նրա մյուս քրոջ ամուսինը...
Կա նաև այսպիսի ընտանիք, կան ներընտանեկան այսպիսի հարաբերություններ, որոնք հանգեցնում են այսպիսի վախճանի...
Այս գործով նախաքննության ընթացքում չեն նշանակվել դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություններ:
Դատարանը բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը, նշանակել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն:
Արմենուհու մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպաթիկ գծեր: Նա ճանաչվել է մեղսունակ:
Սպանության օրը, ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության, Արմենուհին եղել է հոգեկան խիստ լարված վիճակում, ինչն էապես ազդել է նրա վարքի ու գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի գիտակցված կառավարման ունակությունը: Այդ վիճակը, ըստ փորձագետի, մոտ է եղել ֆիզիոլոգիական աֆեկտին, բայց դեռ աֆեկտ չի եղել:
Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալ Արմենուհուն մեղսագրված արարքները:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքները գործվել են տուժողի հակաբարոյական վարքագծի հետևանքով:
Այդ հանգամանքը համարելով բացառիկ՝ դատարանը դիտավորյալ սպանության համար ամբաստանյալի նկատմամբ սահմանել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
Արմենուհին հարազատ եղբոր նկատմամբ կատարած երկու հանցավոր արարքների համար վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 19-ից: