Շնորհավոր ծնունդդ, Վազգեն…

Չգիտեմ էլ՝ ինչ գրեմ, ինչ ասեմ տարեդարձիդ առթիվ։
Ո՞նց արտահայտեմ էն կարոտը, որի խորքն ու բովանդակությունը նույնիսկ ես չեմ հասկանում։
Ո՞նց արտահայտեմ էն վիշտը, որ կոչվում է Վազգենի բացակայություն։
Էսօր ծնունդդ է. մի տեսակ մարդու լեզու չի պտտվում, որ շնորհավոր ասի։
Էսօր ծննունդդ է ու քո կորուստը, քո բացակայությունն ամբողջացնում են մեր, երկրի անտերությունը, երկրապահի խեղճությունն ու թշվառությունը։
Արդեն տասնհինգ տարի տարեդարձդ ավելի ընդգծված ու հավաքական է դարձնում ամեն մեկիս ու բոլորիս մեղավորությունը։
Սպարապետ դարձած դավլեցի արժանապատիվ տղա, դու մեզ տվեցիր հաղթանակ վայելելու երջանկություն, մենք չունեցանք արժանապատվություն՝ հաղթանակի էդ խաչը տանելու, հաղթանակն իրականություն, իրական արժեքի վերածելու համար։
Գրիչդ զենքով փոխարինեցիր ու երկրապահի տեսակ կերտեցիր, որ այսօր երկրապահը բրենդ ու կոմերցիա դարձնենք։
…Հաղթանակը՝ Վազգեն դարձած, կուչ է եկել Եռաբլուրի բարձունքում՝ մնալով լուսավոր միակ կետը սպառողական ախտով վարակված, երեսուն արծաթը դավանանք դարձրած Հայաստանում։
Շնորհավոր ծնունդդ, Վազգեն…

 

 

Սուրեն Սուրենյանց