Փլվում է
գլխիս թե...
չգիտեմ...
երկնակամարում ինչ որ գարուն չէ...
Բայց քառորդ դար գարուն եմ ապրել մարտին...
Ախ էսպես էլ գիժ ամիս...
դու իմ մարտն ես... մեր հայացքները մարտին խաչվեցին...
Ես այդ բախման խաչը կտանեմ մինչև վերջ...
Ինքնակամ... առանց տրտնջալու... քավ լիցի...
Չեմ բողոքում... ուղղակի կտանեմ...
ինչպես ասում են՝
«խաչն իմն է, ես գիտեմ զորությունը»...
քանի դեռ ցերեկ է... չգիտեմ էլ, թե ինչ կապ ունի գիշեր, թե ցերեկ...
Արև ժամի հետ կապ չունի, այն միշտ կա...
Արևն էլ հարաբերական է...
Գիշերիս մեջ կկայծկլտա սիգարետի նարնջագույն կրակը (մեկ մեկ էնպես եմ ուզում կուլ տալ կրակը, քեզ վառել, այրել իմ մեջ... բայց ես ուղղակի ծխախեղդ եմ անում... տանջելով և քեզ և ինձ... իբր հումանիստ եմ... երկուսս էլ վայ հումանիստ ենք, ուղղակի սպանելու մեթոդներն ավելի ցիվիլ ենք ընտրել, իսկ ո՞վ ասաց՝ դանդաղ մեռնելն ավելի հաճելի է)...
Ասում են տաք ջրով վաննայի մեջ զարկերակը կտրելը ամենուժեղ թմրադեղից հաճելի է... մի փորձառու, բայց ձախողակ ինքնասպան է պատմել մի օր...
Ինչքա՞ն սիգարետ է պետք մի ամբողջ գիշեր լուսավորելու համար...
հիշեմ՝ մյուս անգամ, երբ էլեկտրիկը գա, հարցնեմ... էլեկտրիկն ի՞նչ իմանա... անիմաստ բան անցավ մտքովս...
ավելի լավ է ես հաշվեմ...

Տիկ- տակ, տիկ-տակ, տիկ-տակ... կրկին վայրկյանի սլաքը դժվարությամբ հրում է րոպեի սլաքին, րոպեինը՝ օրվա, օրինը՝ շաբաթվա, շաբաթվանը՝ ամսվա, ամսվանը՝ 5 ամսվա... 5 ամսվանը՝ անորոշ հավերժության... քնեմ, թե՝ լռեմ, լռես, լռենք, լուռ է ամեն ինչ...
Արի կլինի՞ կռվենք, թե՝ ով ում բարի գիշեր ասի... ուռած աչքերս այտերիս հետ սազում են, արի մի քիչ երկար վիճենք... հետո դու աղջկական թեթևությամբ տեղի կտաս՝ ինձ ավելի ուժեղ «պատժելով» քո «չներկայությամբ»... նույնիսկ, երբ ուղղակի համաչափ շնչառությունդ հերիք է՝ զգալու համար, որ «մենակ» չեմ...
Տիկ-տակ, տիկ-տակ, տիկ-տակ... հավերժություններից ամենակարճատևը սերն է...
Տիկ-տակ, տիկ-տակ, ժամացույցը կարծես սեր քանդող-հավաքող գործարանի գլխավոր արտադրամասը լինի...

 

Գագիկ Մամուլյան