Ինձ չմոտենա՛ս ...
Աշխարհի պատն է հիմա բաժանում իմ մենությունը քո պարտությունից ու որբ մատներս մութն են շոշափում՝ ուրվագծելով խարխափող լույսը, որ լուռ հանգչում է հոգուս մենակում և դառնում մոխիր՝ օրերիս դեմքի խոր կնճիռներում ...
Ինձ չմոտենա՛ս ...
Սառած ափերով կփորձեմ ծածկել այտերս շիկնած, որ խաբված հավատս ինձ ապտակելիս մի փոքր խղճա ու անմեղությունս չառնի մեղքի տակ՝ որպես մի վճիռ, որ մատնված է կորստյան դատին ...
Ինձ չմոտենա՛ս ...
Կյանքը պատրանք է, երազները՝ սին ... Հավատափոշի ցողի՛ր աչքերիս, որ այս անթափանց մշուշը մտքի ցրվի մեկընդմիշտ ու իմ հայացքում հրդեհ բռնկվի՝ այրելով կյանքի գերսուտն անխնա, վերածնվելով ուրիշ աշխարհում, որը չի պղծել ոչ մի լուսասպան ...
Ինձ չմոտենա՛ս ...
Աչքերիս ծովում դեռ չհանդարտված փոթորիկների ու սպասվող հողմի մի վտանգ կա մեծ, որ ավերելու է առագաստներն անխարիսխ նավի ու սուզելու է մենության հատակ, որ դառնալու է ծեր մոռացություն, որ կարգվելու է ընդմիշտ կորուսյալ ...
Ինձ չմոտենա՛ս ...
Մարդիկ տխրելուց առաջ և հետո ծերանում են միշտ։ Եվ մինչ երկինքն իր ջինջ կապույտով շարունակում է գերել թռչունին, որն իր կոտրված թևերն ուղղելով ճախրել է փորձում, ուրեմն կյանքը դեռ կանգ չի առել, ուրեմն ցավը մարդն է հորինել՝ որպես հակադարձ ու անմիտ սփոփանք՝ մե՛րթ մեղադրելու և մե՛րթ փնտրելու բութ արդարացում ...
Ինձ չմոտենա՛ս ...
Անհնար ոչինչ երբեք չի լինում, լինում է շա՜տ ուշ ... Իսկ ժամանակն այսօր նուրբ համբուրում է իմ ուսերը մերկ, որոնց հետևում թողնում եմ ես քեզ՝ որպես մի կիսաստվերի, անավարտ որպես, իսկ ժամանակը միշտ էլ անում է իր սև գործերը, երբ մենք արթուն ենք, սակայն միշտ քնած, երբ մենք ապրում ենք, սակայն երազում, և կյանքում նաև լինում է այսպես. մարդիկ ուշանում են՝ անչափ շտապելիս ...
Մարգարիտա Ասլանյան