Իսկ ես, եթե պատմաբան լինեի, աշխարհի բոլոր դերերն անհատին միայն կվերագրեի ու մասսային ոչխարի դեր առաջարկելով, կհանձնեի մի գիտակ անհատի, կասեի՝ տար քո ետևից։
Ես երկու ոտքս մի կոշիկի մեջ դրած պնդում եմ. միայն անհատն է դեր կատարում պատմության մեջ և ավելացնում.- անհատի գլխի մազը, նրա բեղերը, մորուքը ավելի մեծ դեր են խաղում պատմության մեջ, քան ժողովուրդները կամ մասսան։
Աստվածաշնչից հիշո՞ւմ եք Սամսոնի պատմությունը, փղշտացիք երբ հարձակվում էին Իսրայելի վրա, Սամսոնը միայնակ դուրս եկավ նրանց դեմ և ընդամենը մի էշի ծնոտով հազար փղշտացի ջարդեց։
Եվ փղշտացիք չկարողացան հաղթել Իսրայելին, մինչև որ Դալիլայի միջոցով, խաբեությամբ կտրել չտվին Սամսոնի... մազերը։
Կամ ինչու այդքան հեռուները գնանք։
Վերցնենք, օրինակ, ներկա ժամանակներից։
Արդյո՞ք Ստալինը կկարողանար ամբողջ երեսուն տարի մարդկությանը կոմունիստական տագնապի մեջ պահել, եթե իր վերի շուրթին չունենար թավ և հավերժական սև ընչացքը։
Չգիտեմ, գուցե սրա դեմ առարկողներ լինեն, բայց ոչ ոք չի առարկի, եթե ասեմ, որ ներկայիս սովետական գրականությունը միայն Ստալինի բեղերին է պարտական։
Այլապես ինչո՞վ պիտի բացատրել այն հանգամանքը, որ մեր այն բանաստեղծները, որոնք Ստալինին գովերգելով իրենց ողջ կյանքում դափնի դափնու վրա վաստակեցին, նրա մահվանից հետո, երբ տեղը նստեց Մալենկովը՝ անմիջապես իրենց գրիչները վայր դրին և կես տարի է, ինչ գրելիք չունեն։ Ինչո՞ւ, Մալենկովը խե՞լք չունի, երկիր կառավարելու տաղա՞նդ չունի։ Ունի՛։ Խելք էլ ունի, տաղանդ էլ՝ բայց բեղ չունի։
Ոչ միայն բանաստեղծների, այլև սովետական ժողովրդի համար էլ դժվար է, կարծես, անբեղ ղեկավարից կառավարվել։ Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց ինձ համար էլ տարօրինակ է։
Այնպես որ, Մալենկովը և նրան հաջորդող բոլոր ղեկավարները եթե կուզեն Ստալին լինել, պետք է նրա բեղերն ունենան։


Լեռ Կամսար, 1953թ.