Անդրեաս Ղուկասյան

Քաղաքական ճգնաժամը Ուկրաինայում սպառնալիք է ստեղծել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:

Ռուսաստանն առանց ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ խորհրդակցությունների միջամտեց Ուկրաինայի ներքին գործերին և արդեն փաստացի ռազմական ներխուժում իրականացրեց Ղրիմի Ինքնավար Հանրապետություն:

ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերի կիրառմանը Ուկրաինայում:

Այս գործողությունները արմատապես հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում խախտում են Համատեղ անվտանգության պայմանագրի 1 և 2 հոդվածների դրույթները։ Անհրաժեշտ է նշել, որ այդ պայմանգրի գործողության ժամկետը ավարտվում է սույն տարվա ապրիլի 20-ին:

Հայաստանը, ՀԱՊԿ այլ մասնակից պետությունների թվում, կանգնած է պատմական ընտրության առաջ․ կամ կիսել Ռուսաստանի հետ Ուկրաինա ներխուժման ողջ պատասխանատվությունը, կամ դուրս գալ ՀԱՊԿ կազմից:

Անկախ նրանից, թե ինչ որոշում է ընդունվելու, դրա հետևանքները կունենան հիմնարար նշանակություն մեր երկրի ապագայի համար:

Հարկ չկա խոսելու այն բոլոր անձանց անհատական պատասխանատվության մասին, ովքեր այսօր գտնվում են Հայաստանի Անվտանգության Խորհրդի անդամի պաշտոնում:

Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը կհամաձայնվի, որ Հայաստանը չպետք է մասնակցի Ուկրաինայի բաժանման համար պատերազմում, որը պատրաստ են սանձազերծել Եվրոպական Միությունը և Ռուսաստանը:

Եկել է ժամանակը, երբ Հայաստանը պետք է հայտարարի իր միջազգային չեզոքության մասին:

Որքան էլ բարդ և վտանգավոր չթվա այսօր մեր երկրի անկախ ինքնուրույն գոյության ճանապարհը, այն հանդիսանում է միակ միջոցը, որի պարագայում Հայաստանի ճակատագիրը կախված կլինի միայն մեր ժողովրդի որոշումներից:

 

 

Անի Կագինյան