Մամուլ
Աննախադեպ զարգացում ապրեց հայկական մամուլը։ Եթե 19-րդ դարի առաջին կեսին հրատարակվել էր ընդամենը 30, դարի երկրորդ կեսին՝ 246 անուն թերթ ու ամսագիր, ապա 20-րդ դարի սկզբին այդ թիվը հասավ շուրջ 600-ի։ Հայ պարբերական մամուլի հիմնական կենտրոններն են դառնում Թիֆլիսը և Կոստանդնուպոլիսը։
Թիֆլիսում հրատարակվում էին «Մշակ» օրաթերթը, «Մուրճ» ամսագիրը, «Նոր դար», «Փորձ», «Արձագանք» և այլ պարբերականներ։ Կոստանդնուպոլսում լույս էին տեսնում «Մասիս», «Մեղու», «Արևելք» օրաթերթերը։ Փարիզում հրատարակվում էին «Արևելք» ու «Արևմուտք» պարբերականները։ Բազմաթիվ թերթեր էին լույս տեսնում Զմյուռնիայում, Մոսկվայում և այլ քաղաքներում։
Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթը լուրջ ազդեցություն ունեցավ ժամանակի առաջավոր, հայրենասեր երիտասարդության վրա։ Լայն ճանաչում գտած պարբերականների կողքին դարասկզբին աչքի ընկան Արշակ Չոբանյանի «Անահիտը» (Փարիզ), Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստը» (Թիֆլիս)։ Մանուկների սիրելի հանդեսը դարձավ «Հասկերը»։
Դարի վերջին տասնամյակներում հրապարակ եկավ կուսակցական մամուլը՝ Հնչակյան կուսակցության օրգան «Հնչակը», Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական թերթը՝ «Դրոշակը», և այլ պարբերականներ։ Մարքսիստական գաղափարախոսությամբ տոգորված սոցիալ-դեմոկրատական մամուլի օրգաններն էին «Պրոլետարիատը», «Կայծը», «Նոր խոսքը» և ուրիշ թերթեր։ Կուսակցական մամուլը արծարծում էր հայ ժողովրդի ազգային և սոցիալական ազատագրության խնդիրները, միաժամանակ քարոզում իրենց կուսակցությունների գաղափարախոսությունը։
Հայ պարբերական մամուլը վիթխարի դեր կատարեց հայ հասարակական-քաղաքական մտքի, գիտամշակութային կյանքի զարգացման, եվրոպական քաղաքակրթության արժեքները հայ իրականության մեջ տարածելու գործում։
Գրականություն
Այս շրջանում հայ գրականությունն աննախընթաց վերելք ապրեց, թևակոխեց զարգացման մի նոր աստիճան։
1850-60-ական թվականներին շարունակում էր հնչել Միքայել Նալբանդյանի ազատության կոչող մարտական քնարը։ Ռաֆայել Պատկանյանի (Գամառ-Քաթիպա) ստեղծագործությունները հատկանշվում են խոշոր պետությունների վարքագիծը մերկացնելու և հայերին զենքի կոչելու ջերմ հայրենասիրությամբ ու ազատասիրությամբ։ Նրա «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը դարձավ հայ ժողովրդի սիրած երգերից մեկը։
Մեծ վիպասան Րաֆֆին իր ազգային-ազատագրական գաղափարներն արտահայտել է «Խենթը», «Կայծեր», «Դավիթ Բեկ», «Սամվել» վեպերում։
Հակոբ Պարոնյանը մեծ երգիծաբան էր։ Նրա ստեղծագործությունները («Ազգային ջոջեր», «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն) ուղղված էին աշխատավոր մարդու շահերի պաշտպանությանը։ Միաժամանակ սուր գրչով Նա խարազանում էր սուլթանական կարգերի և արևմտաեվրոպական տերությունների խարդախ քաղաքականությունը։
Գաբրիել Սունդուկյանը մեծապես նպաստեց հայ թատերական արվեստի զարգացմանը։ Նա իր պիեսներում («Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդված օջախ», «Պեպո») ներկայացրեց կյանքի իրական պատկերը։ Պաշտպանելով աշխատավորների շահերը՝ նա անարգանքի սյունին գամեց պորտաբույծ հարուստներին։
Հայ գրողներից և ոչ մեկը այնպես խորաթափանցությամբ ու հարազատորեն չի մարմնավորել մեր ժողովրդի ազգային ոգին, ինչպես դա արել է Հովհաննես Թումանյանը։ Հայ գրականության մնայուն արժեքները՝ «Անուշը», «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Թմկաբերդի առումը», «Գիքորը» և մյուս ստեղծագործությունները դրա լավագույն ապացույցն են։ Նույնքան մեծ է Ամենայն հայոց բանաստեղծը որպես քաղաքացի, ազգային գործիչ։
Ավետիք Իսահակյանը հայ նոր գրականության սիրո խոշորագույն երգիչն էր։ Ալ. Շիրվանզադեն իր ստեղծագործություններով թափանցում էր կյանքի խորքերը։
Այս շրջանում իրենց գործերով հայ գրականության մեջ մեծ հետք թողեցին Հ. Հովհաննիսյանը, Ղ. Աղայանը, Մուրացանը, Պ. Պռոշյանը, Վ. Տերյանը, Նար-Դոսը և շատ այլ գրողներ։
Իբրև, բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ ինքնատիպ է Լևոն Շանթը։ Արձակի մեջ նշանավոր է նաև Ավետիս Ահարոնյանը։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ։
Թուրքիայի բռնատիրության դաժան պայմաններում ստեղծագործել և մնայուն գործեր են թողել Արփիար Արփիարյանը, Գրիգոր Զոհրապը, Միսաք Մեծարենցը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Երվանդ Օտյանը և շատ ուրիշներ։