Իրեն հարգող իշխանությունը ընդդիմության մեջ թշնամի չի փնտրի, հակառակը' գաղափարական ընդդիմության գոյության պայմաններում առաջին հերթին իշխանությունն ինքը կդառնա գաղափարական' ապահովագրելով իրեն լյումպեն մտածողությամբ առաջնորդվողների պոպուլիստական հարձակումներից:
Գաղտնիք չէ, որ նույնիսկ իմաստուն ղեկավարություն ունեցող իշխող ռեժիմը, երկար ժամանակ մնալով իշխանության գլուխ, վերջիվերջո դադարում է արտահայտել ժողովրդի կամքը, հետևաբար նա այլևս կառավարման արդյունավետ գործիք լինել չի կարող և դատապարտված է դառնալու մաֆիոզ խմբերի շահերի սպասարկուն:
Սովորաբար, քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունը վաղվա իշխանությունն է, հետևաբար քաղաքական վարքագծի իր անկանխատեսելիությամբ, երբեմն՝ համարձակությամբ ու ոչ ստանդարտ քայլերով նա պետք է ստիպի ողջ երկրի հասարակական-քաղաքական էլիտային հաշվի նստել իր հետ՝ թիկունքին ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը, պարզ ասած՝ քաղաքական օրակարգ բերելով՝ ՛՛իշխանության հիմքը ներքևից, վստահությունը' վերևից՛՛ բանաձևը:
Դժվար է չհամաձայնել այն մտքին, որ ցանկացած երկիր, այդ թվում և Հայաստանը, ունի իր հասարակական կյանքը նորոգելու, պատկերավոր ասված՝ համակարգային բեկման անհրաժեշտություն, որպեսզի լճացումը չդառնա սպառնալիք…
Բայց երբ պետության զարգացման ընթացքը բացառապես դրված է հիմնարար հարցերի լուծումից խուսափելու տրամաբանության հիմքում, ընդդիմության անելիքը համակարգային բեկման գործում դառնում է պարտադրված անհրաժեշտություն:
Այլ խնդիր է, թե ընդդիմությունը գաղափարաքաղաքական ինչ կոնցեպցիա կիջեցնի հրապարակ և լուծման ինչպիսի միջոցներ կնախանշի:
Խնդիրը պարզ է. հասարակությունը սպասում է առաջին հերթին ձևակերպել պետության ունիվերսալ զարգացման ֆորմուլան, որն իր մեջ, անշուշտ, ներառում է նաև կնճռոտ ու անլուծելի թվացող հարցերը:

 

Նորայր Նորիկյան