Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։ Օրինակ, ասում է նա, մի՞թե անուրանալի հաջողություն չէր 2013-ի սեպտ-ին կուպոնի դրույքը 6%-ով հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխումը 700 մլն դոլար ծավալով։ Ի դեպ, շարունակում է նա, մեր երկրի վարկանիշն այնքան բարձր է, որ 2013թ 6%-ից 2014թ փետրվարին դրույքը իջել է 5.8%-։

 

Մեր նախագահը ինչպես երևում է հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում։ 6%-ից 5.8%-ի իջնելու պարագան արդեն բացատրել եմ QE ծրագրի ազդեցությամբ։ Հիմա 6%-ի մասին։ 2013թ սեպտեմբեր 2014թ փետրվար արանքում 7 տարվա ժամկետով բարձր գումարով (հաճախ՝ մլրդ և ավելի գումարով) եվրաարժեթղթեր են տեղաբաշխել Վրաստանը՝ 5.7%, ՌԴ-ն՝ 4.3%, Լեհաստանը՝ 3.27%, Լատվիան՝ 1.15%։ Հիմա մեր հաջողությունն այստեղ ո՞րն է։ Իհարկե, 6%-ը ձախողում չէ։

 

Բայց Վրաստանը սփյուռք ու տրանսֆերտներ չունենալով 5.7%։ Բացի դա Մյուդիսով Վրաստանի վարկանիշը մեզանից ցածր է և այդ տրանսֆերտների պատճառով միշտ ցածր կլինի։ Մյուս կողմից, այսօրվա դարում մի՞թե հաջողություն կարելի է համարել ռուսական “լիբոր+3” տոկոսը 6%-ոց եվրոպականով փոխարինելը։ Կարո՞ղ է խնդիր կա ռուսական 500 մլն դոլարի վարկի ծախսման հետքերը մաքրելու։ Մի վերջին դիտողություն ևս. հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով։ Նրա համաձայնությունը եղե՞լ է։

 

 

 

Հրանտ Բագրատյան