Ըստ Սահմանադրության, Հայաստանում կուսակցությունները պարտավոր են նպաստել ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Եկել է այն պահը, երբ նրանց դիրքորոշումից է կախված գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման պահանջների բաց եւ թափանցիկ դատաքննության իրականացումը:

ՀՀ վարչական դատարանը անտեսեց 15 հազարից ավելի քաղաքացիների գրավոր դիմումները՝ այդ գործերը քննել դռնբաց դատարանում: Անցյալ տարի օգոստոսից սկսած՝ 4 ամիս ինքն իր հետ այս հանրային նշանակություն ունեցող հարցերը քննելու արդյունքում, 2013թ. դեկտեմբերի 17-ին վարչական դատարանը բնականաբար կայացրեց ակնհայտ անօրինական որոշումներ: Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է կրկնել առաջին ատյանի դատարանի ճանապարհը եւ 2014թ. փետրվարի 17-ից այդ գործերը ընդունել է վարույթ՝ դարձյալ գրավոր ընթացակարգով:

Թեպետ այս ընթացքում Հայաստանում բոլորը այս կամ այն կերպով իրենց կարծիքները սակագների բարձրացման վերաբերյալ արտահայտեցին, սակայն վարչական դատարանի դատավորները շարունակում են համառորեն պնդել , որ գազի եւ էլեկտրաէնեռգիայի սակագների բարձրացման անօրինականության հարցը չունի հանրային հնչեղություն:

Ակնհայտ է, որ այդ գործերի դռնբաց քննությունը ամենակարճ ճանապարհն է պատասխան ստանալ այն հարցերին, թե որտեղից ձեւավորվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (արդեն «Գազպրոմ Արմենիայի») 300 մլն. դոլարի պարտքը Հայաստան ներմուծվող գազի դիմաց եւ մնացած բոլոր հարցերը «թե ինչպես եղավ, որ այդպես եղավ» շարքից:

Նման իրողության մեջ Հայաստանի կուսակցությունների պաշտոնական դիրքորոշումը գազի եւ էլեկտրաէնեռգիայի սակագների վերանայման դատական գործերը դռնբաց դատարանում քննելու վերաբերյալ կարող են վերջակետ հանդիսանալ արհեստական բանավեճում՝ անկախ եւ արդա՞ր է Հայաստանում դատական համակարգը, թե՞ ոչ: Այսօր, երբ քամիները թե հյուսիսից, թե արեւմուտքից Հայաստան են բերում հեղափոխության ոգին, հարցը դրված է այսպես. կամ կուսակցությունները կարձանագրեն իրենց սնանկությունը, կամ՝ կփորձեն բացահայտել դատական իշխանության սնանկությունը:

 

Անդրիաս Ղուկասյան