Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը վերջին տարիներին նշվում է նաև Հայաստանում: Զարմանալի է, որ այս տոնի օրը (կամ նախորդող օրերին) տոնի ծագման մասին գրեթե չեն խոսում, չնայած որ դա շատ բան կարող է հուշել տոնի խորհրդի, նշանակության մասին։ Սա խիստ հետաքրքրական պատմություն է, ուստի որոշեցի մեկ անգամ ևս հակիրճ ներկայացնել իմ ընկերներին։ Հատկապես որ նույնիսկ գիտական աստիճան ունեցող պաշտոնյան կարծում է, թե սա մեր' հայերիս ստեղծած տոնն է և նվիրված է հայոց լեզվին: Ինչևէ, դա այնքան էլ կարևոր չէ:
1947 թ., երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ. Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։
Կառավարության որոշումը երկրի արեւելյան մասի բնակչության մեծ մասը, բնականաբար, դժգոհությամբ է ընդունում։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թ. Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է։ Զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Ահավոր ողբերգության հետևանքով բողոքի արդեն զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թ. բենգալերենն ի վերջո պետական լեզվի կարգավիճակ է ստանում։
Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թ. առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։
Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։
Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։ 2000 թվականից այդ օրը նշվում է որպես ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՕՐ։
Դավիթ Գյուրջինյան