Հնդկահավը ոսկու մի հատիկ գտավ, կուլ տվեց և ավելի փքվեց.
- Ես,- ասաց,- աշխարհի ամենաթանկարժեք թռչունն եմ։
Տերը չգիտեր այդ մասին, և նա շուկայում փքվածին վաճառեց… իր իսկ արժեքով։

* * *
Աղվեսը.
- Եթե ես չլինեի, Եզոպոսը հազիվ մեծ առակախոս դառնար։

* * *
Ծխնելույզը.
- Քանի՜ տարի է՝ ծխում եմ... Թե որ ինձ մնար, վաղուց կթողնեի այդ վնասակար սովորությունը։

* * *
Ջորին.
- Իմ նախորդների ապօրինի հարաբերությունները ստիպում են ինձ լինել բարոյապես մաքուր։

* * *
Ապաշնորհը.
- Ես արդեն ստեղծել եմ իմ գրական շկոլան։ Մեր գրողների ութսուն տոկոսը օգտվում է այն թանաքից, որով ես եմ գրում։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ