Բարի՛ լույս: Ցավոք, օրը բարի չէ Կիևի կենտրոնում կյանքը հանուն ապագայի և Ուկրաինայի ազատության տված քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար... Հեշտ չէ մի ամբողջ գիշեր պայքարել մինչև ատամները զինված ոստիկանների դեմ, հեշտ չէ տեսնել կողքիդ զոհված, խեղված ու վիրավոր համախոհներին, բայց պահել շարքերը, հեշտ չէ ազատվել ռուսական արջի ծանր թաթից... Իսկ ո՞վ է ասել, որ պիտի հեշտ լիներ: Նրանք, ովքեր վախենում են մահից, դատապարտված են հավերժ ստրկության... Ազատությո՜ւն...բայց միևնույն ժամանակ ազատությունն ունի գին, դրա համար երբեմն պահանջվում է ամենաանգինը՝ մարդկային կյանքը: Փա՛ռք ու պատիվ և հավերժ խաղաղություն բոլոր այն հոգիներին, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում ինքնակամ գնում են մահին ընդառաջ՝ հանուն մյուսների ապրելու և լինելու իրավունքի: Մեր առավոտյան աղոթքներում հիշե՛նք փետրվարի 18-19-ի Մայդանի զոհերին, և, իհարկե, չմոռանանք նաև մարտի 1-ի Երևանի զոհերին: Եվ խնդրենք Բարձրյալից, որ մեզ ազատի ապաշնորհ ու արյունարբու բորենիներից՝ իր մաքամքուր լույսը սփռելով նրանց ընչաքաղց ու մթագնած հոգիներում:
ՀԳ. Առանձնահատուկ ակնածանքով ու խոնարհումով ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ուկրաինական հոգևորականներին, ովքեր մինչև վերջ իրենց հոտի կողքին են՝ իրենց աղոթքներով ու զորակցությամբ...
Յաշա Սոլոմոնյան