Շատ անգամ եմ փորձել պատմել սրա մասին ու ամեն անգամ լռել եմ, որովհետև ցնորամիտ ու զառանցանք էր թվում այն ամենը, ինչ շարվում էր մտքիս' շարադրելու համար մի բան, ինչի պատճառով անհանգիստ է գոյությունս: Ես հպարտ մարդ եմ, թուլությունս երբեք չեմ ցուցադրում: Բաց պատուհան տեսնելիս ընդամենը մութ անկյուն եմ որոնում, որ մարմինս թևերիս մեջ թաքցրած' մրսեմ ցավից: Դառը մի բան կա այս ամենի մեջ: Իսկ շուրջս թույն թափելու համար բավական նրբանկատ եմ, բարի:
Շատ տարիներ առաջ, երբ փոքր ձեռքերովս կարճլիկ գանգուրներս հավաքում էի ծոծրակիս ու աչքերս հայելուն հառած' ժպտում, հավանում էի այն, ինչ տեսնում էի՝ իմ արտացոլանքը: Բեկորներ չկային հավաքելու: Ամբողջական, հասկանալի լույս էր: Սեթևեթ չէի, բայց մի թեթև ճոճվում էի կրունկներիս վրա, թեքվում կողքի ու երկար ժպտում: Ես ինձ ճանաչելու փորձեր էի անում ու գիտեի, որ կրծքիս տակ ունեմ մի բան, որ երբեք ինձ հանգիստ չի թողնի: Միջանցքն ու նախասենյակը բավականին փոքր էին՝ անկյուն չկար կանգնելու: Հայելին ձգվում էր հատակից մինչև կողքին սեղմված դռան շրջանակի ավարտը: Այն օրը, որ տարբերվեց իմ կյանքում և ուսերիս պահած' բերեցի մինչև այսօր, ստվերներով արդեն մոտենում էր երեկոյին: Նկուղից լսում էի հորս հազի կարճատև ձայնն, ու անհանգստությունից խիղճս տանջում էր: Վատ էի ինձ զգում, որովհետև նախորդ երեկոյան վիճել էր մորս հետ, իսկ ես նրա դեմ չարացած էի քնել: Նույնիսկ վերմակը գլխիս քաշած' արտասվեցի. խղճում էի երկուսին էլ: Մի անգամ էլ նայեցի հայելուն ու մինչև այն պահը, երբ ուզում էի թեքվել սենյակ բացվող դռան կողմը, ստվերի նման մի բան սահեց հայելուց ինձ նայող դեմքիս վրայով: Ոտքից գլուխ սառեցի, սիրտս աղմուկով վեր բարձրացավ: Պարզ տեսա՝ ստվերը սահեց դեպի դուռն ու նորից ետ դարձավ:
Դեմքն արդեն իմը չէր: Մի բան շաղախվել էր դիմագծերիս հետ, ամբողջ հայելով մեկ բեկորների վերածել երեսս: Անտանելի մի բան կար այդ ամենի մեջ, բացի սարսափելի լինելուց: Ծանոթ էր նոր դեմքը, շա՛տ ծանոթ: Միայն թե ինձ չէի ճանաչում: Ստվերը շարունակում էր աջից ձախ սահել, ու դիմագծերս ավելի էին շաղվում: Հայելուց նայող դեմքն ավելի ծանոթ դարձավ: Այդ պահին մի ձեռք էի երազում, որ ինձ հայելուց մի կողմ հրեր: Ինքս տեղաշարժվել չէի կարող, մարմինս վախից փայտացել էր: Դեմքը շնչում էր, բաց բերանով ու ընդհատ հևալով' շարժում գլուխը, բայց ձայն չկար: Հետո մի ակնթարթում խավարի մեջ մտա' ամբողջ մարմնով խրվելով մի սև գիշերվա մեջ, ուր տեսիլքների փոխարեն լացող, ցավից շնչակտուր մարդիկ էին: Ծանոթ դեմքը տեսա գունատ բարձի վրա թավալվելիս՝ նոսր մազերի ճերմակով ու գանգի վրա ձգված կաշվով: Մարմնի վրա ծածկոց կար, որի տակից պարզ ընդգծվում էր համարյա կմախք դարձած մարմինը: Ես կողքին կանգնած հեծկլտում էի՝ ձեռքիս ափով բերանս սեղմած: Ճանաչեցի ինձ' բավականին մեծ ու շատ քիչ փոխված: Հետո մյուս հարազատներիս տեսա կողքիս: Հայրս հոգեվարքի մեջ թավալվում էր ու աղմուկով շնչում՝ դեմքին զարմանք ու նոր ստվերներ: Նորից միանգամից ցցվեցի հայելու առաջ, ու դեմքս սկսեց հավաքվել կորած բեկորներից: Հորս ոտնաձայները հին աստիճանը ցնցեցին: Ես կարողացա փախչել հայելու մոտից ու դողից ցնցվելով' մտա իմ անկյունը: Հասկացա, փոքր գլխիս մեջ հավաքեցի ու հասկացա, որ դա ապագայից եկած ցավ էր: Աչքերիս առաջ ցցվեց մութ գիշերը անթաքույց խավարով, որտեղ կույրի նման շոշափելով' գտել էի այն կյանքը, որ դեռ պիտի ապրեմ: Հորս դեմքին հատուկ չէի նայում մի քանի օր, բայց երբ նայեցի, հոգիս խաղաղվեց: Նրա հայացքը նույն փափուկ ու տաք լույսով նայեց ինձ, ինչպես նայել էր տասներկու տարի:
Դրանից հետո ես ավելի ինքնամփոփ ու լռակյաց դարձա: Ծանր բեռ էի պահում ուսերիս: Երբ լինում էին պահեր, որ սուր ու խոցելի զգացմունքից փշաքաղվում էի, տեսնում էի հաջորդիվ եկող ամեն օրվա բերած ստվերները: Մեկ տարի էլ չէր անցել այդ օրվանից: Ես ավելի զգույշ ու հոգատար մարդ էի դարձել, տխրությունս անծայր էր, ցավս՝ միայն իմը: Հիշում եմ այդ օրը ծովի առաջ ավազին չոքած ծնկներս: Քամին մազերս ճակատիս էր լցրել, ու կիսաբաց կոպերիս տակից նայում էի ալիքների վրա ժպտացող լույսին: Շատ էի սիրում տարերքից հևացող, շնչասպառ այդ հրաշքը: Հետո մարմինս լարվեց, ինձ փետուրի նման նետեց երկինք հասած երազանքիս թևերին: Պարզ տեսա այն ամենը, ինչ անելու էի ընդամենը մի քանի տարի հետո: Միշտ հիշում եմ ալիքների շշուկը: Ծնողներս վաղուց չեն վիճում իրար հետ, միասին չե՛ն, կողքիս չե՛ն… Նույնիսկ մատներս այնպես չեմ ճանաչում, ինչպես այն մաշված հայելու յուրաքանչյուր գիծը, որ դիմագիծ է դարձել իմ կյանքում: Գիտեմ՝ ես երբեք չեմ փոխվի: Սա այն ճանապարհն է, որը ես ինքս ընտրելու իրավունք չունեմ: Պարզապես ենթարկվում եմ ու ձեռք մեկնում այն պահերին, երբ իմ ուժն է պետք: Ուզում եմ' ներեն ինձ իմ սիրելիները, հալվող փրփուրի նման վերանալու եմ, դառնամ այն ամպը, որը երբեք չի դադարի երկինքը փայփայել: Միշտ սպասել եմ ու սիրել, որովհետև տեսել եմ: Ցնորքի նման մի բան պատահեց երկար ձգվող ճանապարհիս՝ ես հանդիպեցի ինձ. երբ նայում ես աչքերիդ հոգուդ մեջ նետած այն հայացքով, որ միայն քոնն է ու խորությունը չափել ես սեփական ցավով: Այսպես սիրել չէր կարելի: Դրանից մաշվում եմ: Մարմնապես սպառվում եմ… Եթե երկար ճանապարհին փոքրիկ ոտնահետքերի հիշողությունը տաք սրտի նման տրոփում է, ուրեմն այն ավազին գծվածը մնացել է քայլերիս ձայնի մեջ: Ես երկինքն եմ տեսել, մահից չեմ վախենում: Մարդը դա ներել չի՛ կարող…
Նազիկ Հակոբյան