Օրեր առաջ համաշխարհային առաջատար Ֆեյսբուք սոցիալական ցանցը տոնեց իր տասնամյակը: Տաս տարի առաջ քսանամյա երիտասարդների մի խումբ, Մարկ Ցուկերբերգի գլխավորությամբ, ստեղծեց անմեղ մի ժամանցային հաղորդակցական հարթակ, որն այսօր վերածվել է միլիարդավոր դոլարների արժեք ունեցող մի վիթխարի ցանցի: Ընդ որում այն այսօր ոչ միայն հաղորդակցության միջոց է այլ նաև խիստ որոշակի հարթակ կարծիք արտահայտելու, ինչու չէ զազրախոսելու ու նաև, հատկապես վերջին մեկ-երկու տարվա միջազգային քաղաքական փոփոխությունների ֆոնին, նաև շատ հզոր քաղաքական զենք: Դժվար թե տաս տարի առաջ Ֆեյսբուքի ստեղծողները մտածած լինեին, որ իրենց ստեղծագործությւնը այսքան հեռուն կգնար ու նույնիսկ կծառայեր սեփական երկրի արտաքաին քաղաքական նկրտումներին ու միջազգային վերադասավորումներին: Բայց այնուամենայնիվ, փաստը կա և անտեսելն անկարելի է:
Ֆեյսբուքը իր բոլոր հավելումներով սիրվեց ու սիրված է նաև Հայաստանում: Ասում են ֆեյսբուքահայ համայնքն այսօր վեց հարյուր հազար է: Հայաստանում սակայն այն գործում է այնպես, ինչպես ցանկացած այլ համակարգ' <<հայավարի >>: Հայաստանում այն այսօր' և իր հիմնական ֆունկցիան է իրականացնում, այսինքն էժան ու դյուրին հաղորդակցության միջոց է, գովազդային լավ հարթակ, և ինչ որ տեղ նպաստում է երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը ......և նաև նպաստում է զազրախոսության աճին ....
համազգային մակարդակով: Դե հա, հասկանալի է, այդպես էլ պիտի լիներ: Ի վերջո բավական տևական ժամանակ, եթե չասենք տասնամյակներ շարունակ, ձգվող ձայնազուրկ վիճակից հետո հանկարծ մարդուն տալիս ես հնարավորություն խոսելու, արտահայտվելու ու այդ հնարավորությունը ոչ թե սահմանափակում ես սեփական խոհանոցի մակերեսով, կամ շքամուտքով, կամ բակի բեսեդկայով, այլ տալիս ես գործնականում անսահմանափակ լսարան. ազատում ես ձեռքերը: Ու այստեղ արդեն մարդը գլուխը կորցրած բացահայտում է, որ ինքը ասենք սովորական խանութի վաճառող լինելով հանդերձ, նաև փայլուն քաղաքական մեկնաբան է, միջազգային հարաբերությունների գիտակ, մի քանի դոկտորական է պաշտպանել ազգային խնդիրներին առնչվող թեմաներով, համաշխարհային մակարդակով եզակի գիտակ է ճաշակի, ոճի, նրբագեղության ու նորաձևության, տաղանդավոր դասական գրող է ու բանաստեղծ, սրտակեր << աղջիկ կպցնող>> է ու ընդհուպ մինչև սեքսոլոգ ու գինեկոլոգ .....
այսինքն ինքը ավելին է, քան ժամանակին Լուսավորականության շրջանի ֆիանսիացի էնցիկլոպեդիստները միասին վերցված: Եվ այստեղ կրկին համոզվում ես, որ հայ ազգն ու հայ գենն իրոք եզակի ու ֆենոմենալ են ..... անիմաստ ժամանակ վատնելու, ազգային սնապարծության ու զազրախոսելու մեջ:Սրա արդյունքն էլ լինում է այն, որ այսօր ակամա կարիք է առաջացել, որպեսզի այս հարթակի նկատմամբ ևս սահմանվի պետական հսկողություն, ինչպես ասենք կա վերահսկողություն հեռուստաեթերի նկատմամբ, ու ոչ թե սա խոսքի իրավունքի ու բազմակարծության սահմանափակում է, այլ զազրախոսությանը եթե ոչ վերջ տալու ապա գոնե չափավորելու, կարգավորելու, շատերին կարգի հրավիրելու ու զգաստացնելու համար: Այլապես այսօր տաս րոպեով փառքի հասնելու, մի քանի լայք ու դիտում ապահովելու համար հնարավոր է ցանկացած արկածախնդրություն, հատկապես, որ մենք ազգովի բավականին փառասեր են ու սիրում ենք լինել ուշադրության կենտրոնում:
Ինչ որ է կարելի է երկար խոսել, ու հատկապես քննադատել, սակայն սա չէ էականը: Ինչպես և շատ հարցեր, այստեղ ևս մենք ենք ստեղծելու դաշտի գործունեության ապագա ձևաչափը, ու եթե ինքներս չկարողանանք ինքնակազմակերպվել ու ինքնակարգավորվել, դա կլինի արտաքին միջամտությամբ օրենքի ուժով, պատասխանատվության ենթարկումով : Հետևաբար ինքներս, մինչ ինչ որ բան գրելն ու հրապարակելը, պետք է գոնե նվազագույն կերպով հասկանանք մեր յուրաքանչյուր խոսքի արժեքն ու այն պատասխանատվությունը, որ ստանձնում ենք այդ բառը հրապարակելիս, հանրային լսարանի սեփկանությունը դարձնելիս: Այլապես շատ հեշտ է կարգավորող մարմնի համար կրիտերիաներ սահմանելն ւ ըստ այդմ հարցին լուծումներ տալը:
Harutyun Yan