Գրողը ժամանակների և գաղափարների ձևավորողն է

- Նորություն չեմ ասում. գրողը ժամանակի զարկերակն է, ժամանակի շունչը: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հասարակական-քաղաքական իրավիճակը գրողի, գրականության վրա և հակառակը. Որքանո՞վ է տվյալ ժամանակը դառնում որոշիչ գրողի և գրականության համար:

 

- Մի քիչ բարձր է հնչում, բայց կուզենայի ավելի ընդգծել քո միտքը. գրողը գաղափարների և ժամանակների ձևավորողն է: Ոչ թե Քրիստոսն է ծնել Հովհաննեսին, Ղուկասին, Մատթեոսին, այլ Մատթեոսը, Ղուկասը, Հովհաննեսն են ծնել Քրիստոսին: Հայոց թագավորության բացակայությունը ծնել է Մովսես Խորենացուն, Խորենացին ծնել է Տիգրան Մեծին, Հայկ Նահապետին, ազգը օժտել է տոտեմով, նախահորով, նախկին թագավորներով և իր երազանքը նետել ապագա սերունդներին, և ապագա սերունդները գնացել են Խորենացու նշած ուղիով: Էդպես են մեծացել մեր բազմադարյա մշակույթի մեծերը, մնացած ամբողջ մշակութային գործիչների շարանից երկու հազար, երեք հազար, տասը հազար հոգի այդպես են մեծացել, զանազանվել: Նրանցից Խորենացին, Աբովյանը, էպոսը մեր, Թումանյանը, Չարենցը... նրանք ժամանակներ են ձևավորում, ժամանակներին ուղղություն են տալիս:


Ֆիրդուսին սքանչելի արտահայտություն ունի. «Երեսուն տարվա ջանքով ես արթնացրի պարսկերենը և պարսկերենով արթնացրի Պարսկաստանը»: Ահա այսպես է, և մեր՝ գրողներիս առաքելությունն այդ է: Հասարակական կյանքը, անհամեստ թող չհնչի, մենք ենք ձևավորում. և՛ Արևմուտքի, և՛ Արևմուտքի մշակույթի ազդեցության տակ, սովետական մշակույթի նկատմամբ ծաղրով լեցուն մարդկանց բերանը թող մի քիչ զսպվի: Եթե նրանք մեզ կոմկուսի, լենինյան գաղափարների ձայնափողերն են համարում և, ըստ այդմ, արհամարելի մի բան են տեսնում, ինչ որ ստեղծվել է էս 70 տարում, էդպես չի: Գուցե էդպիսի նկրտումներ կային, թե մենք պետք է դառնայինք իրենց ձայնափողը, բայց մեր բանաստեղծը, մեր նկարիչը, մեր երաժիշտը էնքան կարևորեցին իրենց գաղափարագիրքը, էնպես գեղեցիկ արեցին, որ գրքի բովանդակությունը փոխադրվեց լուսանցք, լուսանցազարդի գեղեցկությունը, իմաստը, մեծությունը, հրապույրը գրքի բովանդակությունը դրեցին իրենց մեջ: Էսօր էդ գիրքը գեղեցիկ է հենց դրանով. Արամ Խաչատրյանով, Չարենցով և ուրիշ ավելի համեստ անուններով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆԻ 2014թ 1-ին համարում

 

Անդին