1881թ. եկա Ս. Էջմիածին և ընդունվեցի Գևորգյան ճեմարանի Ա դասարան:

Մտանք վեհարան: Բազմած էր հայոց հայրապետը' պատկառել մի ծերունի: Սկսեց ինձ հարցուփորձ անել: Ես չէի հասկանում, թե ինչ էր ասում, որովհետև խոսում էր հայերեն, իկ ես, ինչպես և մեր քաղաքացիները, տաճկախոս էի: Թեև հայերեն գրել-կարդալ գիտեի, բայց բոլոր առարկաներն անցել էի թուրքերեն, ուստի չէի հասկանում կարդացածս ու գրածս հայերենը: Վեհը տեսավ, որ ես հայերեն չեմ հասկանում, ասաց տաճկերեն լեզվով. «Դու զուր ես եկել այստեղ, որովհետև մեր ճեմարանում ամեն բան հայերեն են անցնում»: Ես էլ, առանց քաշվելու, մանկական միամտությամբ համարձակվեցի և ասացի. «Ես էլ եկել եմ հայերեն սովորելու»:
_Է՛հ, լավ, ձայն ունե՞ս, երգել գիտե՞ս:
_Այո՛, ունեմ և գիտեմ:
_Ի՞նչ երգեր գիտես:
_Ինչ ասես գիտեմ' հայերեն, տաճկերեն, եկեղեցական, աշխարհական:
_Շատ լավ, «Լույս զվարթ» գիտե՞ս:
_Գիտեմ:
«Լույս զվարթ»-ը երգելիս նկատեցի, թե ինչպես արցունքները գլորվում էին և թավալվելով երկար, ճերմակ մորուսի վրայով կորչում էին վերարկուի ծալքերի մեջ:
_Ասոր ճեմարան տարեք,- հրամայեց Վեհը իր դիվանապետին:

 

Գայանե Առաքելյան