Թվում է, մարդն ինքն իրեն անգիր պետք է իմանա. չէ՞ որ ծննդյան պահից չունի ավելի մոտ ու հարազատ «օբյեկտ», ուսումնասիրման ու ճանաչելու «առարկա», քան իր մարմինն է: Բայց իսկապե՞ս մենք ճանաչում ենք մեզ: Գիտե՞ք, օրինակ, որ մարդու մարմնում այնքան քլոր կա, որով հնարավոր է ախտահանել հինգ լողավազան, այնքան ֆոսֆոր, որ կհերիքի 20 հազար լուցկու գլխիկ պատրաստելուն, իսկ ճարպից կարելի է տասը կտոր օճառ սարքել, մարդու ծծումբը բավարար է շանը լվերից ազատելու համար, գլիցերինը' հրետանային արկ կրակելու համար: Ու սա դեռ ամբողջը չէ...
* Մարդու կյանքը հնարավոր է մարմնի Ցելսիուսի 32-43 աստիճան ջերմության միջնատարածքում: Ի դեպ, այնքան էլ ճիշտ չէ «Ապուշ ես, ականջներդ էլ սառն են» արտահայտությունը: Մարդու ականջները մարմնի ջերմությանը զիջում են ընդամենը 1,5-2 աստիճանով:
* Օրվա ընթացքում մարդն արտազատում է' 1 լիտր թուք, 3 լիտր ստամոքսահյութ, 2 լիտր ենթաստամոքսային հյութ, 3,5 լիտր աղիքային հյութ, 1 լիտր լեղի: Ի դեպ, երբ Եվրոպայում եվրոն դրվում էր շրջանառության մեջ, դրամները մանրակրկիտ ստուգման ենթարկվեցին' անվտանգության աստիճանը պարզելու համար: Մյունխենի մանկական հիվանդանոցում նոր մետաղադրամներով փորձեր արվեցին: Բանն այն է, որ երեխաների կուլ տված առարկաների 80 տոկոսը մետաղադրամներ են: Դրանք նույնիսկ փորձեցին լուծել ստամոքսահյութի մեջ: Հաստատված տարբերակը ստամոքսահյութում չէր լուծվում:
* Մարդիկ մենակությունն առավել դժվար են տանում ժամը 20-ից 22-ի արանքում:
* Եղունգներն ու մազերը առավել արագ են աճում ժամը 16-ից 18-ը:
* Հոտառությունը, համի զգացողությունն ու լսողությունը առավել սրվում են ժամը 17-ից 19-ը:
* Համի սրությունը կախված է կերակրի ջերմաստիճանից: Ընկալումն առավել սուր է Ցելսիուսի 24 աստիճանի դեպքում:
* Լյարդը ալկոհոլն առավել ակտիվ է տրոհում ժամը 18-ից 20-ը: Ի դեպ, Աֆրիկայի ֆուրերի ցեղը համարում է, որ հոգին գտնվում է լյարդում, հետևաբար կենդանու լյարդ ուտելով' մարդը կարող է ընդարձակել իր հոգին: Իսկ կանանց արգելվում է լյարդ ուտել, քանի որ նրանք հոգի չունեն:
* Մարմնի քաշի 6-8 տոկոսի չափով հեղուկ կորցնելու դեպքում մարդը կարող է հայտնվել կիսաուշաթափ վիճակում, 10 տոկոսի դեպքում սկսվում են հալյուցինացիաներ, խախտվում է կլլման ռեֆլեքսը: 10 տոկոս հեղուկի կորուստը հանգեցնում է սրտի կանգի:
* Հոնքերի, թարթիչների, անութների մազերն ապրում են 3-4 ամիս, գլխի մազերը' 4-6 տարի: Տիբեթի բժիշկ-լամաների մասին լեգենդներ են շրջում, որ մարդու մազը նշտարով հավասար կիսողը միայն կարող է վիրաբույժի օգնական դառնալ, իսկ վիրաբույժ դառնալու համար հատված մազը պետք է մի անգամ էլ կտրել:
* Ֆրանսիացի նևրոպաթոլոգների հետազոտությունների համաձայն' լացող մարդու դեմքի մկաններից գործում են 43-ը, ծիծաղող մարդունը' 17-ը: Այսպիսով, էներգետիկ առումով ծիծաղելը լալուց օգտակար է: