Թերևս ՛՛ Հոգեկան հիվանդ՛՛ ասվածը չակերտների մեջ կվերցնեմ : Հատկապես այսօր, երբ որոշակի ուսումնասիրություններ անելուց հետո գալիս եմ այն եզրահանգմանը, որ դրանք ուղղակի այնպիսի մարդիկ են, ում պահվածքը մեզ համար հասկանալի չէ :
Գրառման թեման ծնվեց այն պահին, երբ հանկարծակի իմացա մի վարկածի մասին , ըստ որի Ստալինը ունեցել է պարանոյիկ շեղումներ : Այդտեղից էլ հենց գալիս էր նրա սարսափելի կասկածամիտ լինելը : Իրականություն է սա, թե ոչ ՝ դժվար է ասել : Փաստը մնում է փաստ, որ վարկածը լսելուց հետո համացանցում սկսեցի փնտրել ու կարդալ հայտնի մարդկանց մասին, ովքեր ունեցել են հոգեկան շեղումներ :
Կարծում էի, որ գտածս, իհարկե, անչափ հետաքրքիր կլինի, սակայն ծավալուն չի լինի : Բայց արի ու տես, որ ես սխալվում էի :
Կարդացածս նյութերում ինձ հանդիպեցին այնպիսի անուններ , որոնք տեսնելուց հետո ես ապշել էի : Իրականում պարզվում է, որ հանճարների շրջանում հոգեկան շեղումներ ունեցել են բավականին շատ մարդիկ :
Այդ ամենն ուսումնասիրելուց հետո հասկանում ես, որ հանճարների ու հիվանդների սահմանագիծը շա՜տ նուրբ է : Հանճարները չեն կարող ՛՛սովորական՛՛ հոգեկան շեղումներ ունեցողներ լինել :
Ովքե՞ր են նրանք. մենք նրանց որպես հանճար էինք ճանաչում: Իսկ հիմա նրանց փակցնում են ՛՛հոգեկան շեղում ունեցող՛՛ պիտակը : Արդյո՞ք սա հենց դա է : Միգուցե նման հանճարների համար սրանք փոքրիկ թուլություններ են, շեղումներ, որոնք սովորական մահկանացուներիս անհասկանալի են: Մենք էլ փակցնում ենք մեր ՛՛ հոգեկան հիվանդ՛՛ պիտակն ու մի կողմ քաշվում : Տվյալները կարդալուց հետո թվում է, թե պետք է հիասթափվես այդ մարդուց. կարծես ինչ-որ բան այն չլինի : Սակայն իրականում ընթերցելուց հետո ավելի ես զգում նրանց հանճարի ուժը , զգում ես հասարակ մահկանացուի ու նման մարդկանց տարբերությունը :
Փաստերն այնքան հետաքրքիր են, որ ցանկացա դրանցով ձեզ հետ էլ կիսվել :
Ձեզ եմ ներկայացնում հանճարների տարօրինակությունները : Ամբողջ ցուցակը ներկայացնել անհնար է , բայց դրա որոշակի մասն էլ ձեզ մտորելու առիթ կտա:
Դատողությունները ձեզ եմ թողնում : Ես միայն կներկայացնեմ փաստերը , դրանք ձեզ համար հետաքրքիր ու օգտակար տեղեկություն կլինեն :
- Բլեզ Պասկալը տասը տարեկանում ստեղծել է ակուստիկայի տեսությունը՝ հիմնվելով այն ձայների վրա , որոնք ստեղծվում են ափսեները սեղանին դնելիս: ( Պարզվում է՝ փոքր տարիքում չափից դուրս շատ ՛՛հանճարային ՛՛ հատկությունները նույնպես համարվում են հոգեկան շեղումներ : )
- Անդրե Մարի Ամպերը տասներեք տարեկանում արդեն իսկ հասցրել էր մաթեմատիկոս լինել :
- Ալբրեխտ ֆոն Գալլերը մեծ քանակությամբ ափիոն էր օգտագործում : Նման չափաբաժնի օգտագործումը ևս հոգեկան շեղումների արդյունք է:
- Ժան-Ժակ Ռուսսոն էլ ահռելի չափաբաժնով սուրճ էր օգտագործում :
- Հուլիոս Կեսարը և Ֆյոդոր Դոստոևսկին հիվանդ են եղել էպիլեպսիայով:
- Ռոբերթ Շումանի մոտ հոգեկան շեղումներ սկսել են ի հայտ գալ քսանչորս տարեկանից : 46 տարեկանում նա բացարձակ կորցրեց գիտակցելու ունակությունը : Նրան անընդհատ հետևում էին քայլող սեղաններ, տեսնում էր երաժշտություն, որը աչքի առջև վերածվում էր նոտաների : Այո, նա հենց երաժշտությունն էր տեսնում :
- Մոցարտին անընդհատ թվում էր, թե նրան հետևում են ու իտալացիները ցանկանում են նրան թունավորել:
- Ջեյմս Հարինգթոնին թվում էր, թե նրա մտքերը դուրս են գալիս իր բերանից թռչունների ու մեղուների տեսքով . ավելը վերցնելով, փորձում էր դրանց դուրս հանել սենյակից :
- Վան Գոգի մոտ ինքասպանությունից հետո՝ հետմահու, հայտնաբերել են էպիլեպսիա, ուղեղի ուռուցք, փսիխոզ , շիզոֆրենիա:
- Ֆրիդրիխ Շիլլերը կարողանում էր ստեղծագործել միայն այն դեպքում, եթե նրա սեղանին դրված էին լինում որդնած խնձորներ :
- Յոզեֆ Հայդընը չէր կարողանում գրել երաժշտություն առանց իր ադամանդե մատանու . Հայդընը պետք է անընդհատ ուսումնասիրեր մատանին :
- Ռիչարդ Վագները երաժշտություն գրելիս սովորություն ուներ աթոռի վրա դնելու գունավոր մետաքսե կտորներ ու հաճախակի շոյել մետաքսը:
- Էմիլ Զոլյան լավ աշխատելու համար իրեն աթոռից էր կապում :
- Սոկրատեսը առաջնորդվում էր այն ձայնով, որն անընդհատ լսում էր : Նրան նաև առաջնորդում էր….սեփական փռշտոցը :
- Հերման Հեսսեն տառապում էր երկար ժամանակ տևող դեպրեսսիայով :
- Շումանը պնդում էր, որ Բեթհովենն ու Մենդելսոնը իրենց գերեզմաններից նրան երաժշտություն են թելադրում : Նա էլ գրում է :
- …Եվ սա ընդամենը հանճարների տարօրինակությունների փոքրիկ հատվածն է : ՛՛Հոգեկան հիվա՞նդ ՛՛ : Միանշանակ ոչ : Ինչքան էլ տարօրինակ լինի նրանց պահվածքը , նրանք. միևնույն է, չեն դառնա ՛՛սովորական՛՛ շեղումներ ունեցողներ : Նրանք հանճարներ են : Սրանով ամեն ինչ ասված է: