Աշխարհի ծայրին մի փոքրիկ գյուղ կա, գյուղում՝ տնակ, տնակում՝ աղջիկ:Սև-սև մազերով ու սև-սև աչքերով: Ծառում մի փչակ, փչակում՝ մի բուն, բնում՝ կկուն ձագերի հետ, ծառի տակին էլ աղվես կա: ՛՛Այ դու կկու, հիմար կկու, քանի՞ փոքրիկ ձագ ունես դու՛՛… Հեքիաթն էլ մնացած այլ հեքիաթներից չի տարբերվում. էնպես որ տնակը գտնվում է անտառի կենտրոնից մի փոքր ձախ, աղջկա փոքրիկ տնակում փայտե սեղան կա, վրան՝ կուլա, մեջը՝ կաթ: Ունի փոքրիկ այծիկ, գունավոր վերմակ, անկողնու վերևում սարդ, տան մի անկյունում ավել՝ հատակն ավլելու համար, մյուս անկյունում էլ ավել՝ թռչելու համար: Սովորական, հասարակ հեքիաթ: Սովորական, հասարակ կախարդանք: Սովորական ու հասարակ կյանք: Ամեն ինչ ընթանում էր շատ բնականոն, մինչ այն պահը, երբ աղջիկը օրերից մի օր հատակն ավլելիս նկատեց, որ ինչ-որ մեկը սուլելով եկավ ու նստեց ոչ ավել ու ոչ պակաս տան դռան հակառակ կողմում:
Այ քեզ բա՜ն:
Աղջիկը քաջություն առավ,կանգնեց դռան մոտ ու հնարավորինս վստահ հարցրեց.
-Հե՜յ, ո՞վ ես:
-Վայ, տանն ապրո՞ղ կա, բարև Ձեզ, ես…
Տղայի ձայն էր: Մեզ միայն սա էր պակասում:
-Հենց հիմա վեր կաց ու գնա՛ իմ տան մոտից:
-Ես ուղղակի…
-Գնա գրողի ծոցը, ասում եմ:
-Թույլ տվեք նշել, որ աղջկա համար Դուք խոսում եք շատ կոպիտ:
-Թույլ տվեք հիշեցնել, որ Ձեզնից ոչ մեկ կարծիք չհարցրեց: Խոսում եմ էնպես, ինչպես ուզում եմ:
-Աղջկան կոպտություն չի սազում:
-Ձեզ էլ իմ տան դուռը չի սազում: Կխնդրեի ազատել տարածքը:
-Վայ , իսկ այս սիրուն այծը Ձե՞րն է:
Աղջիկն արագ բացեց դուռը:
-Չփորձե՛ք այծիս կպնել:
Դիմացը ոչ մեկ չկար: Ինչ-որ մեկը քաշեց աղջկա շրջազգեստի փեշից:
-Հեյ, էստեղ եմ, աստիճաններին եմ նստած…բարև Ձեզ:
Աղջիկը գլուխը ներքև իջեցրեց: Վրան էին նայում սև-սև մազեր ու սև-սև աչքեր:
-Վեր կաց իմ աստիճանների վրայից, հիմա՛ր, քեզ ով է թույլ տվես գաս ու…
-Այ, այ, այ, խոսելը, պահվածքը…Ճիշտն ասած ես ճամփորդում եմ: Ու ճանապարհն ինձ բերեց այստեղ: Ես քաղցած եմ: Ու մրսում եմ: Եթե ես խնդրեի Դուք ինձ չէի՞ք…
-ՈՉ !
Դռան շխկոց:
-Ես ոչ մի տեղ չեմ գնալու: Կներեք, բայց ստիպված եմ էստեղ մնալ: Գնալու տեղ չունեմ:
Լռություն:
-Օրիորդ, ես Ձեզ հետ եմ խոսում:
Էլի լռություն:
-Դուռն ինչու՞ երեսիս փակեցիք:
Քար լռություն:
-Դուք Բիլլի Քիդի նման դաժան եք ու սառնասիրտ:
-Ես ոչ մի Բիլլի Քիդի չեմ ճանաչում:
-Ափսոս: Շատ գեղեցիկ բալլադներ, երգեր են հյուսվել նրա մասին՝ չնայած որ մարդասպան է:
Լռությունը վերսկսեց: Տղան աղմուկով պայուսակից ինչ-որ բան հանեց:
-Եթե Դուք ինձ հետ չշփվեք, ես ստիպված կփորձեմ շփում ստեղծել ձեր այծի հետ: Հուսամ՝ ձեր բնավորությունից չունի:
-Դու համարձակվիր այծիս հետ զրուցել, ես քեզ գնդասեղներով տանջամահ կանեմ , վերջում էլ վրադ եռացրած խտացրած կաթ կլցնեմ:
-Համաձայն եմ, գոնե ընթացքում խտացրած կաթից կխմեմ, քաղցած եմ:
-Եթե մի փոքր էլ սրամտես՝ գայլերիս կասեմ ու քեզ կուտեն: Իմ անտառում շատ գայլեր կան:
-Ես գայլերին սիրում եմ:
-Դա նրանց չի խանգարի ուտել քեզ:
-Մինչ ինձ ուտելը կցանկանայի ինքս ինչ-որ բան ուտել:
Լռություն:
-Էհ լավ, մի շփվիր հետս:
Ինչքան ժամանակ անցավ՝ չգիտենք: Սովորաբար հեքիաթներում ոչ մեկ ժամանակ չի հաշվում: Եվ քանի որ սա էլ հերթական ու հասարակ հեքիաթ է, այստեղ էլ ժամանակը կարևորություն չունի: Միայն թե աղջիկը մի պահ զգաց, որ ինչ-որ երաժշտություն է լսում: Մի փոքր ականջ ծակող, մետաղային, բայց և գեղեցիկ : Ու տխուր:
Կան դեպքեր, երբ փակ դռները կարող է բացել միայն երաժշտությունը:Աղջիկն էլ չզգաց՝ինչպես դուռը բացեց ու կանգնեց աստիճաններին նստած տղայի գլխավերևում: Նայում էր աշնան ձեռքով ներկված գունավոր տերևներին ու մետաղային երաժշտության հետ լսում էր ինչ-որ տեղից իրեն հասնող դաշնամուրի ձայնը, որը լրացնում էր մետաղային հնչյունները՝ իր հետ բերելով անորոշ թախիծ, կարոտ ու ափսոսանք: Բայց կարոտի մեջ լույս կար, թախիծի մեջ՝ հավատ, նույնիսկ ափսոսանքից էր ջերմություն գալիս: Աղջիկը չէր հիշում՝ էլ երբ էր նման անափ տաքություն զգացել: Հենց այդ պահին զգաց, որ ոտքերը սկսել են սառել: Գրողը տանի, այս տղան արդեն ինչքան ժամանակ է՝ նստած է աստիճաններին:Ինքն էլ կոպտում է: Դե արի ու բացատրի, որ ինքն այդքան էլ կոպիտ չէ, ինչքան կարելի է ենթադրել, որ սովորաբար շատ նուրբ հոգի ունեցող մարդիկ են չոր ու կտրուկ լինում: Միգուցե չոր ու կտրուկ է, բայց կոպիտ չի, ուղղակի, ուղղակի…էհ լավ: Բացատրել դժվար ստացվի, ավելի լավ է փորձել իրավիճակը ինչ-որ բանով շտկել:
Դուռը բաց թողեց: Սենյակի անկյունում կապույտ ու սպիտակ մանր վանդակներով վերնաշապիկ ուներ: Թաթերի վրա մոտեցավ տղային, կամաց գցեց ուսերին ու նստեց կողքին: Տղան դադարեցրեց նվագը:
-Այդ ինչո՞վ ես նվագում:
-Շրթհարմոն է:
-Շրթհարմո՞ն: Ես էլ եմ ուզում նվագել:
-Կարող եմ սովորեցնել…Շնորհակալ եմ վերնաշապիկի համար, գոնե չեմ մրսի:
-Ուհում…իսկ դու ինչու՞ ես որոշել ճամփորդել:
-Չգիտեմ: Երկար ժամանակ էի մտածում այդ մասին ու մի օր որոշեցի իրագործել: Ուղղակի մի պայուսակ գցեցի ուսիս ու գնացի անծանոթ ուղղությամբ: Ամբողջ աշխարհով պտտվել եմ, սկսեցի բալլադներ, առակներ ու ազգային երաժշտություն հավաքել: Ու հիմա հասել եմ քեզ մոտ:
-Իսկ հետո ու՞ր ես գնալու:
-Էլ ոչ մի տեղ: Տուն պիտի վերադառնամ: Քեզնից այն կողմ էլ ոչինչ չկա:
-Այսինքն ես աշխարհի ծայրո՞ւմ եմ ապրում:
-Այո:
-Այ քեզ բան,չգիտեի: Իսկ դու չէի՞ր վախենում երկիրդ թողնելուց ու ընդամենը մի ուսապարկով գնալուց:
-Ոչ, ես ամեն ինչ հստակ պլանավորել էի, անելիքներս մի քանի քայլ առաջ էի մտածել ու գիտեի՝ որ պարագայում ինչ պիտի անեմ: Երբեմն ուղղակի անհրաժեշտ է ամեն բան թողնել ու սկսել սկզբից: Ես ինչ-որ բան քանդելուց չեմ վախենում, քանի որ միշտ վստահ եմ, որ քանդելուց հետո էլ ավելի ամուր մի բան եմ կառուցելու:
-Անելիքդ մի քանի քայլ առաջ մտածել ու իմանալ՝ որ պարագայում ինչ կանես…. Դու ինձ մի խաղ ես հիշեցնում:
-Ի՞նչ խաղ:
-Փայտե ֆիգուրներով են խաղում: Սև ու սպիտակ: Տարօրինակ անուն ունի: Ինչևէ: Ես էլ կուզեի ամբողջ աշխարհով պտտվել: Տխուր է աշխարհի ծայրում ապրելը: Թեկուզ եթե հեքիաթի մեջ ես ապրում: Ում են պետք հեքիաթները , եթե միևնույնն է դու ապրում ես մի վայրում, որտեղ քեզնից հետո էլ ոչինչ չկա: Երբ հեքիաթը շարունակություն չունի: Քեզնից հետո ինչ-որ բան պիտի ծնվի, այլ ոչ թե ավարտվի: Էստեղ նույնիսկ ծովեր ու ջունգլիներ չկան: Իսկ դու ծովեր ու ջունգլիներ ես տեսել: Երևի մի օր ես էլ ամեն ինչ թողնեմ ու սկսեմ սկզբից:
Լռեցին: Տղան կամաց հազաց:
-Գիտես…ես քեզ մի բան կնվիրեմ:
-Ի՞նչ:
-Ճանապարհորդելու ընթացքում է ձեռքս ընկել: Վերցրու: Նվիրում եմ:
Գեղեցիկ ապակե գունդ էր: Գնդի ներսում երկու փոքրիկ ֆիգուրներ էին՝ տղա ու աղջիկ: Երկուսն էլ ճամպրուկներով: Ու նաև ծառ կար, որը շատ նման էր այն ծառին, որը կանգնած էր տան առջևում: Երբ ապակե գունդը թափահարում էիր՝ ձյուն էր գալիս:
-Ես ձյուն շատ եմ սիրում…
-Ուրախ եմ, որ հավանեցիր:
-Բայց դու ինչու՞ չգնացիր այստեղից: Ու ինչու՞ ես դու այսքան…բարի: Էդպես չի լինում: Ինձ նվերներ պետք չի տալ, ու ընդհանրապես…
-…Չգիտեմ, զգում էի, որ դուրս ես զգալու:Հետո իրոք՝ գնալու տեղ չունեմ:
-Իսկ եթե դուրս չգայի՞ :
-Կգայիր:
Աղջիկն իհարկե ուզում էր ասել, որ տղան ինքնասիրահարված է ու պոզավոր այնքան, ինչքան իր այծիկը, բայց որոշեց զսպել իրեն: Աղջիկ է ի վերջո, ինչքան կարելի է կոպտել: Հետո ինքն էդքան էլ կոպտել չի սիրում, ուղղակի, ուղակի…ուֆ:
-Դու դեռ քաղցած ե՞ս:
-Դե հա: Այծին վախեցա ուտել:
-Կսպանեի:
-Հավատում եմ:
-Լավ: Կարկանդակներ ունեմ:Ու բանան:Ու կոկոսի փաթիլներով պատված կոնֆետներ:Ու կաթ: Կուտե՞ս:
-Անիմաստ հարց էր, չե՞ս կարծում:
-Ըհն: Իսկ դու ինձ շրթհարմոն նվագել կսովորեցնե՞ս:
-Այո, բայց ուտելուց հետո:
- Իսկ ինձ այդ քո մարդասպանի մասին կպատմե՞ս: Բիլլի…
-…Քիդ: Կպատմեմ: ”I’ll sing you a true song of Billy the Kid, I’ll sing of some desperate deeds that he did” : Քեզ շատ-շատ հետաքրքիր զրույցներ կպատմեմ:
-Իսկ ես… Ես էլ քեզ ավելի վրա թռնել կսովորեցնեմ: Լուրջ եմ ասում: Հիանալի տիրապետում եմ:
-Ավելի վրա թռչե՞լ:
-Այո: Ես ինչ-որ չափով փոքրիկ վհուկ եմ: Ու մի մոռացիր,որ դու աշխարհի ծայրում ես հիմա: Աշխարհի ծայրում, բայց' հեքիաթների ու հրաշքների էպիկենտրոնում:
-Ու հեքիաթի մեջ ապրելուց հետո ես պիտի իրականություն վերադառնամ…
-Պարտադիր չէ: Ցանկացած պահի, երբ դու ցանկանաս, իրականությունդ կարող ես հեքիաթի վերածել ու աշխարհին նայել այնպես, կարծես այն ամենն, ինչ քո շուրջն է կատարվում, հեքիաթ է: Գիտե՞ս հեքիաթի մեջ հայտնվելու համար ամենաշատը ինչ է պետք:
-Ի՞նչ:
-Հավատ: Ու մեծ ցանկություն: Ու դու կտեսնես, որ այն ամենը, ինչ կատարվում է քո կողքին, հեքիաթային է: Քեզ հետ անընդհատ հրաշքներ են կատարվում: Հրաշքներ լինում են այնտեղ, որտեղ նրանց հավատում են: Էնպես որ հեքիաթը քո ներսում է ապրում: Ուղղակի այն տեսնելու ցանկություն է պետք: Մարդիկ կորցնում են հեքիաթի գրքերն ու կարծում, թե կորցրեցին հեքիաթները: Մինչդեռ հեքիաթներն ապրում են մեր մեջ: Ու երբեք ուշ չէ՝ կյանքը հրաշք դարձնելու համար: Լավ, քաղցած ես, շատ եմ խոսում:
Ժպտաց:
Ժպտաց:
-Ներս արի: Ներս գնանք:
Դուռը փակվեց:
Հ.գ. տղայի նվագած երաժշտությունը՝ ԱՅՍՏԵՂ