Այդ հասակի երեխաներին ավելի հեշտ է զսպել։ Երեք տարեկան տղաներն ու աղջիկները հասնում են զարգացման այն փուլին, երբ հայրն ու մայրը նրանց թվում են աշխարհի ամենահրաշալի մարդիկ։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են անում ծնողներին, ուզում են ամեն ինչով նմանվել նրանց, անել այն, ինչ նրանք են անում, նրանց պես հագնվել, խոսակցության մեջ օգտագործել նույն բառերն ու արտահայտությունները։ Երբ երկամյա աղջնակն ուզում է հատակն ավլել, նմանվելով մորը, նրան ավելի շատ հրապուրում է խոզանակը։ Իսկ երբ հինգ տարեկան աղջիկը հագնում է մոր զգեստը, նրան հրապուրում է ոչ թե զգեստը, այլ մորը նմանվելու, իրեն մայրիկի նման զգալու ցանկությունը։ Եվ իրականում իր կամքից անկախ նա արդեն նմանվում է մորը։
Միշտ պոռթկալու պատրաստ բնազդական համառությունը, թշնամանքը, որ այնքան բնորոշ էին 2.5 տարեկան երեխային, 3 տարեկանից հետո մեծ մասի մոտ զգալիորեն թուլանում են։ Այժմ երեխան ոչ թե պարզապես լավ է վերաբերվում ծնողներին, այլ շատ մեծ քնքշանք է զգում նրանց հանդեպ։ Բայց նրա սերն այնքան ուժգին չէ, որ միշտ ենթարկվի ծնողներին ու լավ պահի իրեն։ Նա մնում է կենդանի արարած՝ իր իսկ սեփական մտքերով։ Նա ձգտում է հաստատել իր «ես»-ը, նույնիսկ եթե երբեմն ստիպված է հակառակվել ծնողների կամքին։
Ընդգծելով 3-ից մինչ 6 տարեկան երեխաների սիրալիրությունն ու զիջողությունը, պետք է մասնակի բացառություն անել չորս տարեկանների համար։ Այդ հասակում երեխաները հաճախ ցուցաբերում են ինքնագոհություն, անպատկառություն, իրենց պահում են հանդուգն ու ինքնավստահ։ Այս ամենը մորից պահանջում է խստություն։
Տղան ուզում է նմանվել հորը: Երեք տարեկան տղան ավելի պարզորոշ է գիտակցում իր պատկանելիությունը արական սեռին, այդ պատճառով առանձահատուկ հիացմունքով է վերաբերվում իր հորը, մյուս տղամարդկանց ու տղաներին։ Նա ուշադիր հետևում է նրանց և ուժերը ներածին չափ ձգտում նմանվել ամեն ինչով՝ վարքագծով, հետա քրքրություններով ու արտաքինով։ Խաղերի ժամանակ իրեն պատկերացնում է վարորդ, օդաչու, ոստիկան, հրշեջ, իր եռանիվ հեծանիվը վեր է ածում մեքենայի, կառուցում տներ ու կամուրջներ և այլն։ Նա ընկալում է հոր վերաբերմունքը դեպի մյուս տղամարդիկ ու կանայք։ Նա պատրաստվում է հասարակության մեջ կատարելու տղամարդու բարոյական, սոցիալական ու մասնագիտական պարտականությունները։ Այղ հարցում մեծ դեր են խաղում նրա սերն ու հարգանքը դեպի հայրն ու այլ տղամարդիկ։
Աղջիկն ուզում է նմանվել իր մորը։ Այդ հասակում աղջիկը հասկանում է, որ կոչված է կին լինել, այդ իսկ պատճառով նրան հետաքրքրում է իր ուժերը փորձել կնոջ պարտականություններում, և նա ձգտում է նմանվել մորն ու այլ կանանց։ Նա ավելի շատ ուշադրություն է հատկացնում տնային գործերին ու փոքր երեխաների խնամքին, եթե մայրը զբաղված է դրանով, կամ տիկնիկներին։ Նրանց հետ խոսելիս օգտագործում է նույն արտահայտություններն ու ինտոնացիաները, ինչ մայրը երեխաների հետ զրուցելիս։ Նա ընկալում է մոր վերաբերմունքը դեպի տղամարդիկ ու տղաները։
Ռոմանտիկ պաշտամունք։ Մինչև 3 տարեկան հասակը տղայի սերը դեպի մայրը որոշվում էր նրանից կախման մեջ լինելով։ Իսկ այժմ մոր նկատմամբ ունեցած սերը հաստատակամորեն ընդունում է ռոմանտիկ բնույթ, հիշեցնելով այն զգացմունքը, որ մոր հանդեպ տածում է հայրը։
imagesՕրինակ, չորսամյա երեխան կարող է հայտարարել, թե անպայման կամուսնանա մոր հետ, երբ մեծանա։ Նա առանձնապես լավ չի պատկերացնում, թե ինչ բան է ամուսնությունը, սակայն բացարձակապես վստահ է, որ մայրը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենակարևոր կինն է։ Փոքր աղջիկը նույնպիսի սեր է տածում դեպի հայրը։
Այս ուժգին ռոմանտիկ զգացմունքներն օգնում են երեխաների հոգեկան ձևավորմանն ու նպաստում հակառակ սեռի նկատմամբ առողջ վերաբերմունքի զարգացմանը, որն էլ հետագայում հանգեցնում է երջանիկ ամուսնության։ Սակայն այս հարցը պետք է դիտել երկու կողմից։ Պատահում է նաև, որ այդ հասակի երեխաներից շատերի մոտ առաջանում է մի փոքր լարվածություն, իսկ ոմանց մոտ՝ խիստ լարվածություն։ Երբ երեխան սիրում է, բնականաբար, ձգտում է լիակատար տիրել իր սիրո առարկային և չի կարող չխանդել մի այլ տղամարդու, որին սիրում է մայրը։ Բայց, գիտակցելով դեպի մայրն ունեցած սերն ու այդ սերը ոչ մեկի հետ չկիսելու ցանկությունը, նա միաժամանակ հասկանում է, որ մայրն արդեն պատկանում է հորը։ Հոգու խորքում դա զայրացնում է նրան, չնայած հոր նկատմամբ ունեցած ողջ նվիրվածությանը։ Երբեմն նա թաքուն ցանկանում է, որ հայրը անհետանա, բայց հետո խորապես մեղավոր է զգում իրեն այդ նենգ մտքերի համար։ Իր մանկական դատողությամբ նրան թվում է, թե հայրն էլ խանդի ու զայրույթի զգացում է տածում իր հանդեպ։ Նա փորձում է վանել այդ մտքերը (չէ որ հայրը այնուամենայնիվ ավելի ուժեղ ու մեծ է, քան ինքը), բայց այդ մտքերը կրկին հայտնվում են երազում։ Հավանաբար այդ հասակի տղաներին հաճախակի տանջող սարսափելի երազների գլխավոր պատճառը դեպի հայրն ունեցած նրանց սիրո, խանդի ու երկյուղի խառն զգացմունքներն են։
Շարունակությունն` այստեղ