Այսօր մեր ամուսնության օրն է: Անցել է 14 տարի: Մենք երիտասարդ ու միամիտ, լի հույսերով ու համոզմունքով, որ աշխարհը մեր ոտքերի տակ է, իսկ մենք' թագավոր: Մեր համատեղ կյանքի ամեն տարին կաթիլ առ կաթիլ խլեց մեզնից մեր ինքնավստահությունը, իսկ սերը, որ թվում էր, թե անհաղթահարելի ու անսահման է, մի տեսակ մարեց, ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես: Գուցե մեզ բաժանեց ձվածեղի տարբեր տեսակները սիրելն ու դրա համար առավոտյան կռիվ անելը, գուցե երբեմն կեղտոտ մարմնավաճառների մոտ քո վազելը, գուցե այն մեկ անգամը, երբ հանդիպեցի նախկինիս ու համբուրեցի նրա ձեռքերը: Կամ գուցե այն, որ այս 14 տարվա ընթացքում այդպես էլ չսովորեցի գծով արդուկել տաբատներդ: Չսովորեցի նաև ճիշտ կապել փողկապներդ: Թեև պարտավոր էի:


Այսօր մեր համատեղ կյանքի 14-րդ տարին լրացավ: Մենք արդեն հասուն ու միամիտ, մեր դատարկ հույսերով ու աչքերի տակ պարկերով, ձեռքերի վրա կնճիռներով ու ճաքերով, հազիվ ձգվող ժպիտներով ու ցավեցող մեջքով: Նախկինում միմյանց մեջքով էինք թեքվում ու քնում միայն երբ նեղանում էինք իրարից, իսկ հիմա չենք էլ պատկերացնում, որ այդ դիրքից բացի այլ դիրք կա քնելու: Ես իհարկե վստահ եմ, որ երբ հանդիպում ես նրան ու «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք լինելու պատճառով» գիշերում նրա տանը, թեքվում ես դեմքով դեպի նա, անգամ գրկում այնպես, ինչպես ինձ' մեր համատեղ կյանքի առաջին տարիներին: Բայց անկեղծ ասած ինձ այնքան էլ չի հուզում, թե ում հետ, երբ, որտեղ և ինչու: Ես այդ «ինչուները» քեզնից էլ լավ գիտեմ:


Թե բախտս չբերի այնքան, որ այսօր «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն և հիշելով, որ այսօր մեր ամուսնության օրն է' ինձ մի փունջ կարմիր վարդ բերես, ստիպված եմ լինելու ժպտալ ու խաբել, թե քո նվերը վաղը կտամ: Հետաքրքիր է, որ ժպտալու պատճառով կնճիռներ այդպես էլ չառաջացան մեր դեմքին: Եվ իմ ամեն «մենք պետք է խոսենք»-ին դու այդպես էլ չսովորեցիր «դու ամեն ինչ չափազանցնում ես»-ից բացի այլ պատասխան տալ:

 

Իսկ գիտե՞ս ինչ, թե այսօր բախտդ չբերի, և «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն, ես վերջապես կասեմ քեզ, որ երբեք էլ չեմ սիրել կարմիր վարդեր: