Սմբատ Շահազիզ (1840 - Հունվար 5, 1907 Մոսկվա), հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ։
Շահազիզը ծնվել է Աշտարակում եկեղեցականի ընտանիքում։ Ունեցել է հինգ ավագ եղբայրներ։ Մինչև տաս տարեկանը լրանալը սովորել է տեղական դպրոցում, որից հետո տեղափոխվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան։ Ավարտում է այն 1862թ.-ին, ապա մնում է ճեմարանում իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Մանկավարժական ասպարեզը թողնում է 35 տարի աշխատելուց հետո:
Նա ծանրաշարժ էր և հասարակական քաղաքական ակտիվ գործերից հեռու, զգույշ: Ամբողջ 55 տարիների ընթացքում միայն մի անգամ է այցելել իր ծննդավայրը:
Գրական կյանքը
Գրական գործունեությունն սկսում է 1862թ-ին: Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի: Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Ս. Շահազիզի ամբողջ գրական բովանդակությունը: Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրում է միայն ոտանավորներ՝ ոչինչ չավելացնելով իր գրական անվանը: Այդ տարիների ընթացքում նա գրում է նաև մի քանի հրապարակախոսական գրվածքներ:
Սմբատ Շահազիզը «Հյուսիսափայլի» հետևողներից էր, բայց շատ չափավոր: Այն, ինչ «Հյուսիսափայլի» ղեկավարները հրապարակախոսության միջոցով էին ուսուցանում, Սմբատ Շահազիզը փորձում էր քարոզել բանաստեղծական գրվածքներով: Ազգ, հայրենիք, փոքր ինչ վերակազմված եկեղեցի - ահա Շահազիզի բանաստեղծության առարկան: Թույլ էր նրա կարողությունը, կարճ՝ նրա արվեստի շունչը: Նրա ոգևորության ուժ տվող աղբյուրները եղել են ռուսական և եվրոպական մի քանի գրողներ: Այդ ազդեցությունն այնքան մեծ էր, որ գրելիս նա չի կարողացել սահմանազատել դրսից կրած ազդեցությունը և իր ինքնուրույնությունը: Այդ իսկ պատճառով նրա ինքնուրույն հաջողված գործերը, օրինակ՝ «Ազնիվ ընկերը» կամ «Երազը», ավելի շուտ ազատ թարգմանություններ են քան ինքնուրույն գործեր: Շահազիզի ստեղծագործությունների վրա էական ազդեցություն է ունեցել Բայրոնը. նրա «Լևոնի վիշտը» պոեմը բայրոնիզմի ազդեցության տակ է գրված:
Հղումներ
Հայ գրականություն, Սուրխաթյան, 1926թ.
Արտաքին հղումներ
ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐ
Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2013/01/blog-post_5448.html#ixzz2H5YzWzEK