Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Լևոն Խեչոյանի գրականությամբ, ըստ էության, սկզբնավորվեց անկախության շրջանի հայ գրականությունը իբրև շրջափուլային իրողություն: Նրա գրական կենսագրության առնվազն երկու փաստ խորհրդանշական են այդ իմաստով. 1988-ին, Արցախյան շարժման սկզբնավորման օրերին առաջին անգամ մամուլում երևացին Խեչոյանի գործերը, 1991-ին, Հայաստանի անկախացման տարում լույս տեսավ առաջին ժողովածուն՝ «Խնկի ծառեր», որ ներառում էր համանուն վիպակն ու մի շարք պատմվածքներ: «Խնկի ծառեր» առաջին գիրքը մուտք չէր գրականություն, այլ արդեն այսպես ասած՝ ներսի մարդու կողմից ստեղծված գիր, որ գրականության մեջ իր ուղին էր բացում՝ հետագայում ազդեցության մեծ դաշտ ներառելով: Իսկ արդեն 1995-ին հրատարակված «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպում 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով Խեչոյանը յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: 1999-ին լույս տեսած «Խնկի ծառեր»վեպը երևանեց Խեչոյանի արձակի նոր ու, ըստ ամենայնի, էութային յուրահատկությունները, որոնք է՛լ ավելի ամրագրվեցին նրա ստեղծագործությունների վերահրատարակությունների փաստով: Ընդ որում՝ վերահրատարակությունների ընդհանուր հղացքում Խեչոյանը լուծում էր ստեղծաբանական խնդիրներ: Եթե գրողի մի քանի ընտիր պատմվածքների հետ նույն հատորում «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»  պատմավեպի վերահրատարակությունը 2002-ին պատմության ընթացքը նոր ժամանակների ընթացքի հետ ևս մեկ անգամ ճշտել-հարաբերելու միտումից զատ' նաև տեքստաբանական գործառույթ ուներ, քանզի ուղղվել էին առաջին հրատարակության բազմաթիվ վրիպակներ, ապա «Խնկի ծառեր» վեպի վերահրատարակությունը 2007-ին ստեղծաբանական առումով ավելի հեռուն գնացող գործառույթ ունի: Այն բացապարզում ու կանոնակարգում է խեչոյանական բնագրի ամենահատկանշական առանձնահատկություններից մեկը:

Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆԻ 2014թ 1-ին համարում