Վերջին շրջանում պլաստիկ վիրաբույժի մոտ այցելությունը նմանվել է գեղեցկության սրահ այցելելուն: Այսօր ամենապահանջված պլաստիկ վիրաբույժների ընդունարանները մշտապես մարդաշատ են'անկախ տարվա եղանակից և երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Հայ աղջիկները քթերը վերջնականապես «դզել-փչելուց» հետո, անցան շրթունքներին: Նրանց գեղեցկանալ, իհարկե, ոչ մեկ չի արգելում, բայց այդ քայլին դիմելուց առաջ նախ հարկավոր է լավ տեղեկացված լինել և ծանրութեթև անել, քանի որ քիթ վիրահատելը կամ շրթունքները «լցնելը» մազ կտրել չէ, և որոշ ժամանակ անց այն իր նախկին տեսքը չի ընդունի:

 

Եթե նախկինում, շրթունքները «լցնում» էր ցանկացած երկրորդ բժիշկ, ապա դրանցից սիլիկոնը հանել չէր խիզախում գրեթե ոչ մեկ: Ի դեպ, սիլիկոնն ունի հետաքրքիր յուրահատկություն. ինչպես մասնագետներն են հայտնում, այն ժամանակի ընթացքում ներծծվում է մարմնի մեջ և հանելը բավականին բարդ, նույնիսկ որոշակի վտանգ պարունակող պրոցես է. չէ՞ որ այդ ընթացքում հնարավոր է վնասել դիմային նյարդը: Սակայն դա չի խոչընդոտում մեր աղջիկների մասշտաբային «ջոլիացմանը»:

 

Այժմ շրթունքների գեղագիտական շտկումները, դրանք «լցնելը» համեմատաբար առաջընթաց են ապրել: Բժիշկները սիլիկոնն այժմ ներարկում են քայլ առ քայլ' փոքր չափաբաժիններով: Այդ կերպ նրանք խուսափում են ժամանակի ընթացքում սիլիկոնի անհամաչափ տարածումից: Յուրանքչյուր օրգանիզմ առանձնահատուկ է, և երբեք չես կարող գուշակել, թե ներարկումից հետո օրգանիզմդ ինչպես կարձագանքի: Սա վտանգավոր է հատկապես էժանագին սիլիկոն օգտագործելու դեպքում:

 

 

Շրթունքների մեծացման համար այսօր առավել հաճախակի օգտագործում են գելը, որը բաղկացած է բնական բաղադրիչներից և առողջության համար այդքան վտանգավոր չէ, որքան սիլիկոնը: Գելը շուրթերում պահպանվում է 3-10 ամիս և ժամանակի ընթացքում ներծծվում է օրգանիզմի մեջ, ինչը, բժիշկների պնդմամբ, միանգամայն անվտանգ է: Տեղեկացնենք, որ շրթունքների գելային ներարկումն այսօր արժե 60.000-100.000 դրամ:

 

 

Հաշվի առնելով, որ մեր հայտնիների շրջանում գնալով տարածում է գտնում շրթունքների ձևափոխումը, խոսեցինք մի քանի հայտնի մարդկանց հետ, ովքեր մեր կարծիքով, գեղագիտական միջամտության են դիմել:

 

 

Իր շուրթերի վիրահատության մասին լուրը վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանն ասաց. «Վերջերս շատ են անդրադառնում այս հարցին: Միայն մի բան կասեմ. եթե դա գեղեցիկ է և չափի մեջ, ինչո՞ւ ոչ: Գուցե հիմա բժշկական գաղտնիք բացեմ, բայց երբ ատամնաշարի հետ փոփոխություններ ես անում, փոխվում է նաև շրթունքների ձևը, իմ դեպքում հենց այսպես էր»:

 

 

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ասաց, որ երբեք չի հերքում իր քթի պլաստիկ վիրահատության մասին լուրերը' միաժամանակ պնդելով, որ երբեք չի վիրահատել շրթունքները' այն պարզ պատճառով, որ, ըստ նրա, մեծացրած շրթունքներն արհեստական տեսք ունեն: «Վերջին շրջանում շատ են հարցրել' վիրահատե՞լ եմ շրթունքներս, բայց ես միայն կասեմ, որ իմ շուրթերը այդքան էլ հաստլիկ չեն և նման խոսակցությունների առիթ տվել է ճիշտ make-up-ը, որի համար շնորհակալություն եմ հայտնում իմ դիմահարդար Մանե Սահակյանին»:

 

 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը պլաստիկ միջամտությամբ իր շրթունքների ձևը փոխելու մասին սկզբում հրաժարվեց խոսել' պատճառաբանելով, որ հոգնել է այդ թեմայի մասին խոսելուց, սակայն հետո ավելացրեց. «Լավ, գրեք, որ բնականից են էսպես»:

 

 

Պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջին շրջանում մոտ հարյուր աղջիկ դիմել են իրեն շրթունքների ծավալի փոփոխման համար: Իսկ թե հնարավո՞ր է արդյոք ատամնաշարի հետ փոփոխություններ անելուց հետո փոխվի նաև շրթունքների ձևը. «Հստակ չեմ կարող ասել, քիչ հավանական է»: Ինչպես յուրաքանչյուր երևույթ, այնպես էլ պլաստիկ միջամտությունը գեղեցիկ և ցանկալի է չափի մեջ: Այնուամենայնիվ այն ևս ուղեկցվում է «գեղեցկության զոհերով»:

 

 

 

Տաթևիկ Մկրտչյան