26.7.1958թ.
Մոսկվա.

Բալիկ Սուլա, Եվ ահա դու չկաս։ Եվ Մոսկվան դատարկվել է…Իսկ իմ մարմի՞նը։ Պարզապես արտասվում է (հենց այդ խոսքը)։ Արտասվում է քո կարոտից, քո հարազատ մարմնի կարոտից։ Ես շատ-շատ տխուր եմ, այնքան տխուր, որ ոչինչ չեմ կարողանում անել (այսօր ամբողջ օրը թափառել եմ), այնքան տխուր է, որ չեմ կարողանում նույնիսկ գրել։ Իսկ ի՞նչ գրել։ Մի՞թե տառերը կարող են անել այն, ինչ ուզում են մատները, ձեռքերը, մարդկային շուրթերը։
Գրկում եմ քեզ, իմ Սուլային և փակում աչքերս։

Քո տանջահար (արդեն տանջահար ) Պ.

5 դեկտեմբերի 1958 թ.

Քեզ եմ, իմ ուրախություն, ես գրում…
Հիմա այնպիսի վիճակում եմ, որ կարելի է ընդգծել՝ կոչելով հոմանիշների շարքի ցանկացած բառով, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, բայց որը հնարավոր չէ ճշգրիտ բնութագրել: Ես քեզ սիրում եմ տանջալից կերպով: Կարծեմ ինչ-որ նոր շրջան է հայտնվել գրականության մեջ, այն կոչվում է "կուսական անուրջներ": Այո, ես անրջում եմ արթմնի, դու իմ առաջ մերթ նշմարվում ես ինչ-որ աղոտ, անդեմ տեսքով, մերթ իմ երևակայության մեջ այնպիսի որոշակիություն ես ձեռք բերում,- ցավեցնելու աստիճան ծանոթ, հազվագյուտ դիմագծեր,- որ ես տեղս չեմ գտնում, այն աստիճան է քո սևությունը: Ճերմակից էլ ճերմակ ճերմակում է դեղնած, ունայն աշխարհը…
Այստեղ մեզ մոտ ձյուն է , շատ ձյուն: Ու ես քայլում եմ, քայլում, քայլում…
Այսօր բոլորովին չեմ քնել, քեզ եմ սպասել մինչև ինն անց կես, իսկ դու այդպես էլ չկարողացար…
Իսկ հետո դու գնացիր, և ես արդեն ընդհանրապես անուժ էի, որպեսզի պառկեի քնելու: Եվ ահա ամբողջ օրն ինչ-որ բան եմ անում այնպիսի վիճակում, ասես թույլ են տվել օճառել ձեռքերս, իսկ փրփուրը ջրով լվանալ չեն թողնում:
Բայց չէ՞ որ դու ինչ- որ տեղ կաս, դե ասա…
Ախր այդպես չի կարելի:
Ցտեսություն, իմ սատանի ճուտ…

Քո խավոտ Սուլկա:
19.1.1959Թ.

Իմ մխիթարանք:
Բոլոր բառերն անհետացել են, առավել ևս ինձ օտար լեզվում: Մի բան է միայն պարզ. ես սիրում եմ քեզ, ընդ որում, այդ ծեծված բառերն ինձ համար ունեն ավելի մեծ կշիռ ու նշանակություն, քան քեզ համար' այն պարզ պատճառով, որ ես, քո խոսքերով ասած, գիտեմ, թե ինչի հետ համեմատեմ այն…
Ես էլ քեզ նման, անընդհատ ու ամենուր քեզ հետ եմ, իմ Ուրախություն: Եթե դու կասկածում ես դրան, կնշանակի իրականում քո կանացի էությունը (այս դեպքում ՝ կանխազգացողությունը, հոտառությունը) թույլ է, ինչում չէի ցանկանա համոզվել: Ներիր այս թոթովախոսության համար: Ինձ համար հիմա կրկնակի ծանր է: Մխիթարիր ու օգնիր հեռվից: Ես նրանցից եմ, ովքեր պարտքի տակ չեն մնում:
Սիրում եմ քեզ, և այս բառերն ամենաճիշտը, միակն են ռուսերեն բառարանում:
Գրկիր ինձ՝ անհանգստացածին, հոգնածին, կիսահիվանդին, որն այնուհանդերձ քոնն է և զգում է քո բույրը: Պ.