Մանսուրյանի հզորության չափն ինձ պարզ դարձավ համալսարանական մի օր, որն անմիջականորեն կապված չէր երաժշտության հետ։

 


Արդեն մի քանի տարի էր՝ շատերի պես ինձ էլ հուզում ու ձգում էր նրա մեղեդու քնարականությունը, որ մի կողմից՝ բոլորովին նոր էր, մյուս կողմից, թվում է, հնուց, վաղնջականության աստիճանի հնուց էր գալիս նրա խորհրդավոր հնչյունաշարը և ասես հոգիդ էլ մասնակից դարձնում դրա ստեղծմանը...

 


Բայց համալսարանում նրա հայտնվելն անակնկալ էր բոլորիս համար, որովհետև հանդիպումը Հրանտ Մաթևոսյանի հետ էր։ Ընդունված պաշտոնական հանդիպումներից տարբեր մի բան էր տեղի ունենում այդ օրը։ Ոչ մի գրականագետ ելույթ չունեցավ, թեև մի քանիսը նստած էին լսարանում (մեծ լսարաններից մեկն էր, որ նաև որպես դահլիճ էր ծառայում. բեմի ձախ անկյունում դաշնամուր էլ կար)։ Գրավոր հարցեր էին ուղղում գրողին, նա էլ թեթև, մաթևոսյանավարի, երբեմն առտնին բառուբանով հիմնականում կարճ ու սրամիտ պատասխաններ էր տալիս։ Եղան նաև ազգային խնդիրներին, կեցության իմաստասիրությանը վերաբերող հարցեր, որոնց պատասխանելիս զարմանալիորեն փոխվեց Մաթևոսյանը թե՛ կերպարանքով, թե՛ մտքերի՝ երբեմն կատաղության հասնող տարափով։ Այդ ողջ ընթացքում բեմում՝ գրողի կողքին, լուռ նստած, կզակը ձեռքին հենած՝ ուշադիր լսում էր նրան Տիգրան Մանսուրյանը։ Պահ առ պահ հետևում էի երկուսին, նրանց շարժուձևին, Մաթևոսյանի սուր նկատումների ժամանակ Մանսուրյանի դիմախաղին ու լարվելուն... Եվ ահա, ինձ թվաց՝ երևի մի փոքր շունչ առնելու համար, որովհետև վերջին դադարից առաջ խոսքի ու մտքի հսկայական եռանդ վատնեց Մաթևոսյանը, երկուսի հայացքների անբառ համաձայնությամբ տեղից ելավ Մանսուրյանը։ Մտածեցի, մի երկու րոպե, որպեսզի ընկերը փոքր-ինչ ուժակալի, ընդունված կարգով հավուր պատշաճի կգովի գրողին ու կնստի։ Բայց...
Եթե ասեմ, որ իմ սիրելի գրականագետներից և ոչ մեկից գրականության մասին ավելի գեղեցիկ և համընդգրկուն խոսք լսած չկամ, հավատացե՛ք. հավատացե՛ք, որովհետև իսկություն է դա։ Ավելի խոր, քան ուրիշ մեկը, Մաթևոսյանի արժեքն այդպես ներկայացրած չկա իմ հիշողության մեջ։

 

Եվ դա ոչ ձոն էր, ոչ փառաբանություն գրողին։ Թե կուզեք իմանալ, իսկի նրա գրականության մասին էլ չէր առարկայնորեն, բայցև ներկայացրածն ամբողջովին ՄԱԹևՈՍՅԱՆ էր, որովհետև Մաթևոսյան երևույթը երևութանում էր մեզ մերթ մեր մշակույթի պատմության, մերթ արվեստի տարբեր ճյուղերի՝ երաժշտության, քանդակագործության, գեղանկարչության, ճարտարապետության շերտավորումներով։ Դա հընթացս արարվող դասախոսություն էր, գեղագիտություն էր՝ ոչ միայն այդ ճյուղերի ներդաշն առաքմամբ ներկաների ունկերին, այլև գեղագիտություն էր՝ այդ ունկերը շոյող գեղեցկախոսությամբ, որի անբաժան մասն էր ասես իր հայտնաբերած գեղեցկությունից հմայված, ինչպես երեխան է հմայվում և վայրկյան առաջ շոշափել ուզում իրեն պարզած անսովոր խաղալիքը, ձեռքերի փոքր-ինչ անսովոր, դրանց տիրոջ ամոթխածությունը մատնող բեկբեկուն շարժումը... Իր այդ հմա՛յքով հմայեց-քարացրեց դահլիճը, որը մինչև կհասցներ ուշքի գալ, նրա՝ խոսելիս երերացող մատները տիրաբար իշխեցին ստեղների վրա, ու ծավալվե՜ց, կոհակվե՜ց, երկինք տարավ ու սահուն վար բերեց մեր հոգիները մանսուրյանական մեղեդին՝ աստվածատո՛ւր, աստվածաշո՛ւնչ, աստվածարա՛ր...

 


Չէ, ինչքան էլ ի՛նքն էր բեմի վրա, ինչքան էլ ի՛ր շուրթերն էին բացուխուփ լինում, խոսողն ինքը չէ՛ր. ասելիքը հոգուց էր բխում, հոգի՛ն էր խոսում... Ո՛չ, չէ՛ր խոսում, ստեղծում-արարում էր այդ պահին, և ծանոթ երաժշտությունն անգամ իր նվիրական մատների տակ նորի՛ց ու նո՛ր բան էր ստեղծում...
Սա՛ է իմ բաժին ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ։

Դավիթ Գյուլզադյան ֆեյսբուք: