Հայ ժողովրդի օգնության հարցը քմահաճույքի հարց չէ: Կարիք չկա այդ հարցը փաստելու եւ համոզիչ դարձնելու:

Անշուշտ այդ հարցի շուրջը կարող են խմբվել բազմաթիվ բարդ շահեր- ոմանց նյութական դիտավորությունը, ոմանց գաղափարը, ոմանց ճաշակը, մյուսների կարեկցությունը, անգամ սնափառությունը: Բայց կրկնում են. հայ ժողովրդի օգնության հարցը պարզ ու մերկ մի բան է:

Բարդությունը առաջ է գալիս ոմանց, եթե թույլ տաք, վարդագույն կամ մոխրագույն ռոմանտիզմից, որի միջոցով նրանք նայում են հայ ժողովրդի գործերին: Նրանք իրենց հայացքն ուղղում են դեպի Հայաստանի անցյալն ու ապագան, վերակոչում են անցյալի պատկերները, գուշակում են ապագայի ոսկեվառ գալիքը, պատկերացնում են վաղվա հայ ժողովուրդը, ոգեւորվում, ապրում են դրանով և… և մոռանում են ներկան:

Մյուսները իրենց աչքերը չափազանց մոտիկ տանելով ներկային, մանրակրկիտ խուզարկում են նրա աննշան կնճիռները, ամենաչնչին քերծվածքները, մոռանում են հայ ժողովրդի պատմությունն ու ապագան և … չեն տեսնում ներկան:

Մինչդեռ հայ ժողովրդի ներկա կյանքը, ինչպես ամեն ժողովրդի կյանք, իրական, հասարակ մի բան է և միանգամայն հեռու ռոմանտիզմից:

Ոչ վարդագույն, ոչ մոխրագույն:

Նա «իրագույն» է գերազանցապես:

Այո, հայ ժողովուրդը մի իրականություն է, ապրող մի մարմին, հավաքական էակ, որ ինքն էլ է մասնակցում իր կյանքին: Ապա ուրեմն ինքն է պատասխանատու իր վիճակի համար: Նա գիտակ է իր գործերին և լարված տնօրինում է իր բախտը: Մի խոսքով նա այնքան էլ խաղալիք չէ մեր ձեռքին, ինչպես կարծում ենք: Նրան միշտ վարել, հրամայել, կույր գործիք դարձնել չի կարելի: Գոնե ճակատագրական վճռական վայրկյաններին:

Զիջելով մեզ չնչին հարցերի մեջ՝ հայ ժողովուրդը իր գերագույն խնդիրները վճռում է ինքնագլուխ և խնդիրը վճռում է բնազդով ու տարերային ուժով:

Թվում է, թե նա գնում է մեր ետևից:

Մենք ենք, որ գնում ենք նրա ետևից:

Վերջին յոթնամյա պատերազմում հայ ժողովուրդը ինքը վճռեց իր բախտը: Այս րոպեիս էլ շարունակում է ինքը վճռել: Գուցե սա այսօր հասկանալի չի մեզ՝ վաղը կհասկանանք:

Թողնենք մի կողմ նրա քաղաքական կյանքը: Նայենք նրա կյանքի մյուս ծալքերը:

Այս րոպեիս հայ ժողովուրդը զբաղված է իր ավեր տունը վերաշինելով: Յոթնամյա պատերազմը, գաղթն ու փախերը, քաղաքացիական կռիվները մեծապես հարվածել էր նրա տնտեսությանը: Անցեք Հայաստանը ծայրեծայր և դուք կտեսնեք մի տենդային անդուլ աշխատանք վերաշինության:

Այո, միաժամանակ և տնքոցներ՝ սովի, հիվանդության:

Ուրիշ ինպե՞ս պիտի լիներ:

Միչդեռ մենք՝ մտավորականներս, Հայաստանով զբաղվում ենք միայն մեր տեսական վիճաբանությունների մեջ՝ Հայաստանում ամեն րոպե տեղի ունի իրականությունը, պարզ, հասարակ իրականությունը։

Հայ ժողովրդի կյանքը այսօր ևս, ինչպես միշտ, առօրյա, տնական, մտահոգ, աշխատավոր կյանք է: Մինչդեռ մենք սպասում ենք ինչ-որ հանդեսների, որ նայենք այն կողմը: Կամենու՞մ ենք օգնության հասնել հայ ժողովրդին իր հասարակ, բայց իսկապես վսեմ գործի մեջ, ուզու՞մ ենք, որ նա ապրի և վերաշինի իր տունը – պարզապես շտապենք օգնության եւ…

Ընդհատենք ճառերը:

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

1921