Երեկ էր...
Գինու շիշն արդեն դատարկ էր, ու անգամ ես էի ապշած նրանից, որ գինի էլ չի մնացել , իսկ այն դատարկողը մենակ ես էի: Երբ վեր կացա, նոր միայն հասկացա, թե գլուխս որքան է ծանրացել, իսկ ոտքերս հազիվ են շարժվում:
Ընդարմացած ուղեղս կանչում էր' մաքուր օդ, մաքուր օդ...
Առանց տնեցիներին նայելու' հագնվեցի ու դուրս եկա փողոց, բայց զգացի որքան տարօրինակ հայացքով նայեցին վրաս, երբ կեսգիշերին դուռն ամբողջ ուժով զարկեցի:
Ձմռան սառն օդն անմիջապես հեռու վանեց ալկոհոլի ազդեցությունն ու մի քանի րոպե անց գինու կախարդիչ ազդեցությունից ամբողջովին «արթնացել» էի:
Կեսգիշերին զբոսնում էի, բայց այդ զբոսանքը տարօրինակ չէր թվա ուրիշներին, եթե դրսում չլիներ սահմռկեցուցիչ ցուրտը: Քայլերս ուղղեցի այնտեղ, որտեղ մի քանի ժամ առաջ բաժանվել էինք: Հիշողությունները դեռ թարմ էին, իսկ հույզերն առավել ևս:
Զգացի' ինչպես սիրտս սկսեց արագ բաբախել …
«Գինուց է այն ու ցրտից», - արագ վրա բերեց Ուղեղս, բայց Սիրտս վստահ էր. այստեղ գինին ու ցուրտը ո՛չ մի կապ չունեն:
«Այստեղ հույզերն են, որ երբեք թաղել չես կարող»,- ավելի կամաց շշնջում էր Սիրտը:
«Հույզե՜ր: Սի՛րտ, դու արդեն չափն անցնում ես», - գոռում էր Ուղեղն ու խլացնում Սրտիս ձայնը:
Ես ասես երկու կես էի եղել: Մեջս կռիվ էին անում երկուսը' միշտ հաշվենկատ Ուղեղն ու նրբազգաց Սիրտը: Ես նրանցից յուրաքանչյուրն էի, բայց միաժամանակ նաև ոչ մեկը: Անգամ միջամտել չէի կարող, այլ միայն պաշտպանել, կամ Սրտիս, կամ Ուղեղիս: Եթե գոռայի' բավ է, ուրեմն Սիրտս կցավեր, քանի որ այն տանել չէր կարողանում աղմուկը: Եթե լռեի, ուրեմն կհամաձայնվեի Սրտիս հետ: Իսկ նրանց երկուսին էլ լսել արդեն չէի ուզում, ես ուզում էի վայելել նորից այն ակնթարթը, երբ նրան գրկեցի ու ցտեսություն ասացի:
«Անցյալի հոգին հույզերից է հյուսված»,- շարունակեց Սիրտը:
«Դու գիտես, որ չկա անցյալ, իսկ հույզերով ապրել չես կարող», - պոռթկաց Ուղեղը:
-Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, - վերջապես բացականչեցի ես, - կլինի՞' երկուսդ էլ լռեք…
Ուղեղս կարկամեց, իսկ Սիրտս ուժգին ցավեց: Ուղեղը ցավ չի զգում, այն ամենաբութ օրգանն է, բայց միաժամանակ ցավի կենտրոնը: Հե՞շտ է արդյոք կառավարել ցավերը, բայց չիմանալ, թե ինչ է այն:
Սրտիս ցավից կծկվեցի, ու լավ է, որ նա գոնե այդ պահին չխոսեց, թե չէ ամենավերջին լուտանքները կթափեի գլխին:
Մի քանի վայրկյան անց հազիվ շունչս ետ բերեցի, հասկանալով, որ ամեն դեպքում նրբազգաց Սրտիս մտքերն ինձ ավելի հարազատ են:
Ես այստեղ էի' նրան նորից տեսնելու հույսով, նրան նորից գրկելու ակնկալիքով: Քայլերն ինձանից անկախ բերել էին այն վայրը, որտեղ բաժանվել էինք: Սա իրականություն էր, ու փախչել նրանից ես չէի կարող:
«Ում ցտեսություն ասելուց մեկ րոպե հետո կրկին տեսնել ես ուզում, նշանակում է սիրում ես նրան... Ահա այսպիսին է Սերը, կախվածություն, բայց այնքա՜ն հաճելի,- կամաց շարունակեց Սիրտս, - բայց այստեղ ես անկարող եմ…»:
-Նորից դո՞ւ ես խանգարելու ինձ,- գրեթե գոռացի ես' գլուխս ափերի մեջ առնելով, - դու' քո սառնությամբ և անզգայնությամբ:
«Գուցե,- նեղացած խոսեց Ուղեղը, - բայց այս դեպքում ես էլ եմ արդեն անուժ»:
-Ի՞նչ, - զարմացա ես, - այդ դու ես ասո՞ւմ:
«Երբ խառնվում է Հոգին, ես ու Սիրտդ պարտավոր ենք լռել: Սիրո դեմ պայքարել ես չեմ կարող, բայց Սիրտն էլ հաղթանակ տանել չի կարող, եթե միայն չլինի Հոգին' հավերժության մի մասնիկը, հույզերի, սիրո, ցավի ու աննյութականի աղբյուրը, որ գրեթե միշտ լուռ է:
-Իսկ ո՞ւր է Նա…
«Հիմա դու Նա ես», - շշնջաց Սիրտը: