Դպրոցական արձակուրդներս անցնում էին Հյուսիսային Արցախում:
Ամբողջ ուսումնական տարին սպասում էի հունիս ամսվա սկզբին, որպեսզի Երևանի ավտոկայանից Շահումյանի ավտոբուսներով հասնեմ Ներքին Շեն, այնտեղից էլ վիլիսներով' Սառցաշեն:
Երևանի ավտոկայանից դեպի հայկական Հյուսիսային Արցախի շրջաններ ամեն օր ավտոբուսներ էին շարժվում' դեպի Դաշկեսան, Շամխոր, Շահումյան, Գետաշեն, Խանլար, Բանանց:
Վերջին ամռանը այնտեղ էի 1989 թվականին: Այդ տարվա օգոստոսից ավտոճանապարհները փակվեցին: Դրանից հետո սկսվեց Շահումյան-Գետաշենի մաքառումների հազար օրը, որը տևեց մինչև 1992 թվականի հունիսի 13-14ը:
Շատ պատմություններ կան, որոնք ժամանակին կներկայացնեմ բլոգում:
Ադրբեջանը հայկական տարածքներում ոչ մի ճանապարհ չէր սարքում: Դրանք հողային էին, դաշտային: Հաճախակի անձրևներից հետո միակ փոխադրամիջոցը դառնում էր տրակտորը կամ վիլիսները, իսկ ամենատարածվածը ձին էր:
..........
Մեր սպիտակ գեղեցկուհուն գնել էինք Գետաշենից: Ձին երիտասարդ չէր: Մռավի փեշերը հաղթահարելու համար ձին անփոխարինելի էր:
Մեր տան կողքով հաճախ էին անցնում ձիավորներ, որոնք տեսնելով մեր խնդրագին հայացքները' նստեցնում էին և մի քանի հարյուր մետր մեզ' երեխաներիս տեղափոխում: Ուրախությանը սահման չկար:
Հաճախ կարելի էր տեսնել որևիցե տան կողքը կապած մի քանի ձիեր' ուրեմն այդ տուն հյուրեր են եկել:
Սպիտակ գեղեցկուհին շատ բարի էր: Թողնում էր մեզ մոտենալ, շոյել, անգամ նստել: Չէր խրթնում անծանոթներից:
Երբեք նա իր ձիավորին վայր չէր գցել:
Առանց թամբի, իհարկե, դժվար էր նստելը, քանի որ սողում - վայր էինք ընկնում ձիուց: Մեր ոտքերը հազիվ էին հասնում թամբի երկաթյա ասպանդակներին:
Մի օր հետևյալը կատարվեց:
Մեր ընկերներից ավագը' Դիմոն, նստեց սպիտակ գեղեցկուհու վրա, սանձը քաշեց, ոտքերը ասպանդակներում հարվածեց ձիու փորին, որպեսզի նա տեղից շարժվի: Մի երկու հարվածից հետո, ձին ծառս եղավ' կանգնեց հետևի երկու ոտքերի վրա, առաջին երկուսը օդ բարձրացնելով:
Զարմացել էինք նրա այդ ունակության վրա:
Հետո' երաշտություն լսելուց, նա սկսում էր ոտը ոտքին գցելով կողք շարժվել' պարում էր:
Այդպես ու նաև պատմածներով իմացանք, որ մեր գեղեցկուհին կրկեսի ձի է եղել: Տարիքի պատճառով վաճառել էին: Եվ հետագայում նա հայտնվել էր մեզ մոտ:
Բայց մարդը անսխալ չէ:
Մի օր երեխաները նրան տարել անտառի եզրին ոտքից կապել էին թոկով, որպեսզի արածի: Այդպես մեկ-երկու օր թողնում էին դաշտում:
Չէին իմացել, որ ձիուն չեն կապում: Ազատ ձին գայլերի ճիրանը չի ընկնում: Բայց կապածը, ավաղ....