Ամերիկյան հեղինակավոր Financial Times պարբերականն իր բլոգում ուշագրավ անդրադարձ է կատարել դեկտեմբերին ներկայացված հայկական արտադրության առաջին պլանշետին, ինչը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև։
Հոդվածագիր Մոնիկա Էլենան նկատում է, որ 2 հարևան պետությունների հետ փակ սահմաններ, արտահանման քիչ ծավալներ, զգալի տնտեսական մենաշնորհ ունեցող ու հիմնականում դրսից եկող դրամական փոխանցումների շնորհիվ գոյատևող Հայաստանից անսովոր էր նման բան լսելը։
Միևնույն ժամանակ հեղինակն անմիջապես հակադարձում է ինքն իրեն՝ նկատելով, որ հայկական պլանշետի գաղափարն այնքան էլ անհավանական չի թվում, երբ հիշում ենք այն հայտնի փաստը, որ նախքան անկախացումը Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ երկրների շարքում ամենաշատ թվով գիտնականներն ու մասնագետներն է ունեցել։
Էլենան նաև հավելում է, որ Խորհրդային Միության պաշտպանական ոլորտի ու տիեզերական համակարգերի համար օգտագործվող սարքավորումների 30%-ը մշակվել ու արտադրվել է հենց Երևանում։
«Այժմ այս փոքր ու շրջափակված կովկասյան պետության կառավարությունը հույս ունի վերածնել տեղեկատվության ու տեխնոլոգիայի ոլորտն ու դառնալ «էլեկտրոնային» հասարակության անդամ»,-շարունակում է հեղինակը՝ նշելով, որ հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/ArmtabTechnologies Company համատեղ ընկերության ներկայացրած առաջին հայկական ArmTab պլանշետի ու ArmPhone սմարթֆոնի դիզայնը մշակված է Երևանում։
Երկու սարքն էլ գործում են Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա, սակայն հայտնի է, որ նորույթները կհավաքվեն Հոնկոնգում ու Միացյալ Նահանգներում։
Դրանց ստեղծողները հայտնել են, որ հիմնականում տարածաշրջանային շուկայի համար նախատեսված պլանշետն ու սմարթֆոնը մանրածախ վաճառքի համար հասանելի կլինեն 2014թ. վերջից։