Անվանիները' Սիլվա Կապուտիկյանի մասին
Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան… շատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարի՛մ մեր ժողովրդի իղձերին:

 


ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻՆ Սիլվա Կապուտիկյան' նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու, Սիլվա Կապուտիկյան' երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով, Սիլվա Կապուտիկյան' Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով. Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից:


ՎԱԶԳԵՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց


Թող այն տպավորությունը չստացվի, թե խոսելով Կապուտիկյանի հատկապես սիրային բանաստեղծությունների մասին, ուզում եմ ինչ-որ չափով նվազեցնել նրա հիանալի հայերգության արժեքն ու նշանակությունը: Քավ լիցի: Բայց, եթե այդ թեմաներով գրած գործերում նա, թեև ոչ շատ, բայց այնուամենայնիվ, մի քանի մրցակից ունի իր ժամանակակիցների մեջ, ապա կանացի հոգեբանական գաղտնարաններին մերձենալիս հայ պոեզիայում առայժմ անմրցակից է և հենց այդ պատճառով էլ ի սկզբանե մինչև օրս Կապուտիկյանը հայ ամենամեծ բանաստեղծուհին է: