Մահը սուբյեկտիվ գաղափար չէ։ Կենդանի մարդը անկարող է իր մահն ապրել, հետևաբար կենդանի մարդու համար մահ գոյություն չունի։
Երբ մենք հեռանում ենք աշխարհից, միշտ նկատի ունենք վերադարձ։ Դրա համար էլ աշխատում ենք մեր ետևից ժառանգներ թողնել, որ աշխարհ վերադառնալիս մեզ վրա դուռը բաց անեն։
Ես տեսել եմ 25 տարվա բոլշևիկյան աքսորից վերադարձածների, որոնց կանայք ուրիշի են գնացել, երեխաները մահացել, տունը վաճառվել։
Սովորական թռիչքով, մեղվի նման, երբ կամենում են իրենց երբեմնի փեթակը մտնել, դռան երկու կողմերում հանդիպում են զինված պահակների, որոնք ետ են քշում մեղվին. սա թափառում է իր փեթակի շուրջը, երկար թափառում, երբ օրը տարաժամում է՝ նստում մի ծառի թփին ու մահանում։
Օ՜հ, չգիտեք, որքան դառը բան է փակել սեփական տան դուռը, առանց ետևում դուռ բաց անող թողնելու։
Փակել դուռը երբեք բաց չանելու համար...
Մենք փակեցինք մեր տան դուռը այսպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վանից Երևան եկանք, մի օր նորից վերադառնալու մեր հույսերը բզբզացին «փեթակի» բոլորտիք, մինչև աշխարհի քաղաքական դրությունը «տարաժամեց», նստեցինք սովետական կառավարության «թփին» ու այսպես մահացանք...
----------
Ես, որ ասում եմ մահը սուբյեկտիվ գաղափար չէ, ու մենք այն չենք ապրում՝ Աստծու տված մահն ի նկատի ունեմ։
Բոլշևիկների պատճառած մահը տեսնում, լսում, հոտոտում, շոշափում ու ճաշակում ենք։
Ներկայիս սուբյեկտիվը ոչ թե կյանքը, այլ մահն է մեզ համար։
Իսկ կյանքի մասին՝ հասկացողությունն անգամ կորցրել ենք...
Լեռ Կամսար 1958թ.