Աստված հոգիդ լուսավորի, Արամ Ղարաբեկյան...

 

Չպահեցինք, չպահպանեցինք, մարդաբար չվերաբերվեցինք: Գուցե դու կներես համբակներին, բայց...
Ասում են, մահացածների մասին կամ լավը, կամ՝ ոչինչ: Իսկ ողջ մնացածների՞ մասին՝ ի՛նչ: Լա՞վը: Ու ո՛ր լավը:
Էսպես, կաթիլ-կաթիլ դառնացնում ենք մեծ մարդկանց ու վանում Հայրենիքից, հետո դնում ու ճոխ թաղում: Ինչո՞ւ են մեզանում թաղումները «ճոխ»: Հիմար ցուցամոլությունից բացի, միգուցե նաև այն չբարձրաձայնվող պատճառը կա, որ հանգուցյալին այդ վիճակին հասցնելու համար ամեն մեկն իր մանր սրիկայությո՞ւնն էր անում...
Հոգիդ լույս դառնա, Արամ Ղարաբեկյան: Կյանքում մեկ անգամ եմ առիթ ունեցել շատ կարճատև հաղորդակցվելու. բացօթյա ասուլիսում, երբ Կամերային երաժշտության տան մոտ ղժղժիկ կաֆե էր բացվելու և նվագախումբն ու երաժիշտները բողոքում էին, մի հարց տվեցի ու նրա՝ կարճ պատասխանից ու հատկապես հայացքից անմիջապես էլ հասկացա, որ մեծ մտավորականի հետ եմ խոսում: Բայց նույնիսկ եթե այդ հպանցիկ «ծանոթությունը» չլիներ, Ղարաբեկյանի հեռանալով, ես ինձ էլի աղքատացած կզգայի, ինչպես այսօր:


Բոլորս ենք, իհարկե, մահկանացու: Ուղղակի այս առավոտվա կտրող ցուրտը ավելի սաստիկ ես զգում՝ մտածելով, թե դեռ ինչքան շատ բան կարող էր նա տալ ի՛ր ազգին, ի՛ր Հայրենիքին, ի՛ր ժողովրդին, որ իր մեծերին միայն թաղել ու թաղելուց հետո բարեհաջող մոռանալ գիտե:

 

 

Արմեն Հակոբյան