Ամստերդամի կամուրջներից մեկը Նիդերլանդաբնակ մեր հայրենակից Նիկոլայ Ռոմաշուկի ակտիվ ջանքերից հետո տեղական իշխանությունները կոչել են «ARMEENSEBRUG» (հայկական կամուրջ):
Սա Նիկոլայ Ռոմաշուկի առաջին հայրենասիրական քայլը չէ: Նա բազում անգամ է նախաձեռնություններով հանդես եկել: Մասնավորապես նրա որոնողական ջանքերի շնորհիվ հայտնաբերվել է Ամստերդամի հայկական եկեղեցու վարդապետ Հովհաննես Մինաս Ամասացու (մահացել է 1768թ.) գերեզմանը: Այն ամփոփված է 444 համարի ներքո և գտնվում է Ամստերդամի Oude Kerk-ի (հին եկեղեցի) գերեզմանոցում, որտեղ բավական ճանաչված ու սահմանափակ թվով նշանավոր մարդիք են ամփոփված:
Նաև նրա օժանդակությամբ է Հայաստանից Նիդերլանդների Ասեն քաղաք տեղափոխվել հսկա հայկական խաչքար, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչվում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նրա ջանքերի շնորհիվ է կառուցվել Հրանտ Դինքի անունը կրող հայկական գերեզմանատունը:
Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրապետյանը Երուսաղեմից Նիդերլանդներ է տեղափոխվել 1976 թվականին: Նա մի շարք հասարակական և մշակութային կազմակերպությունների անդամ է և ղեկավար, մասնավորապես’ "Համաշխարհային հայկական կոնգրես" հայկական հասարակական միավորումների միջազգային միության հիմնադիրներից է, "Համաշխարհային հայկական կոնգրես"-ի Գերագույն Խորհրդի անդամը: