Հեղինակի պատմվածքները կարելի է կարդալ գրական մամուլում («Ինքնագիր», «Գրեթերթ», Granish.org), ինչպես նաև «Անտարես» հրատարակչության կողմից 2011-ին հրատարակված «19 պատմվածք» ժողովածուում:
Ասում են՝ քեզ անկեղծ սիրելը չգրված օրենք է: Կներես, չգրված օրենքով շարժվել չի ստացվում: Սա փակուղի է: Եթե առանց ինձ վնասելու քեզ քանդել չի լինում, ուրեմն՝ ինքդ էլ կտրիր մեր քարկապը: Իմ ձեռքը չի գնում, իսկ քեզնից բան չի գնում, ընդունիր, որ էլ քոնը չեմ, պարզապես քո ուրիշի նամակն եմ՝ չկարդաս, նախընտրական խոստումդ եմ՝ չկատարես, շահող կտրոնդ եմ՝ չջնջես, պետական կարիքդ եմ՝ այ դա տեղը-տեղին կհոգաս, աննախադեպ առաջարկդ եմ՝ անպայման կհրաժարվես, քո չարտոնված երթն եմ՝ կցրես, երկար սպասված պատվերդ եմ՝ չընդունես, քո աստծո բարևն եմ՝ չառնես, քո բաց բերանն եմ՝ կփակես, խոր վախդ եմ՝ բռնել չտաս, կապույտ երազդ եմ՝ չխաբվես, քո դեղին արյունն եմ՝ կթափես, քո դանակ-մկրատն եմ՝ չսրես, անուշ կենացդ եմ՝ չխմես, շտապ կանչդ են՝ կմոռանաս, մոտիկդ եմ՝ կվտարես, լավդ եմ՝ չուզես, ցավդ եմ՝ չտանես, ծնունդդ եմ՝ չնշես, թշնամիդ եմ, տնից կլինեմ, բանի տեղ չդնես, ես կանցնեմ կգնամ, դու էլ կապրես, ոնց որ երգում՝ հավիտյան:Մենակ խնդրում եմ էլի, պետք չի նենգափոխել իրողությունները. պետք չի հասկացող ձևանալ ու օգնելու փորձեր ձեռնարկել, որովհետև օգնությունդ եղել ու մնում է իմ մարմնական ազատության սահմանափակման հաշվին: Հիմա քո քար լռությամբ դու վիրավորում ես սիրո մասին իմ պատկերացումները և դարձնում մեր միջև փոխադարձ, հավասար սերն անհնար ու անհասանելի: Անմարմին ոգեղենություն: Գուցե քեզ համար բնական է էս վիճակը, որովհետև դու հոգևոր աշխարհից ես, պատմություն ես, բայց ինձ համար էդպես չի: Ինձ համար մեր կապը վերմարմնական իրողություն չի, իմ սիրածը մարմին ունի, ձև ունի, գույն ունի, համուհոտ ունի, ոչ թե անմարմին ոգի է, մեր սերն էլ ամենահնարավոր սովորական բանն է, մարդու պատկերացրած բոլոր անհասանելի բաներից ամենահասանելին: