Փողոցները սկսել են տաքանալ, ձեռքերը գրպաններում թաքցնելու անհրաժեշտություն էլ չկա: Լինի, տաք, թե՝ ցուրտ, ցանկացած դեպքում ինչ-որ մեկին փողոցում սպասելն այդքան էլ հետաքրքիր զբաղմունք չէ:

-Հեյ…

-Բարև: Նոր ես եկե՞լ:

-Մի քիչ առաջ: Մտքերով էիր…

-Մտածում էի:

-Ինչի՞ մասին:

-Որ եղանակն արդեն տաքանում ա, բայց միևնույն ա, հաճելի չի փողոցում սպասել: Առհասարակ՝ սպասելուց ավելի անպետք բան չկա:

-Կներես, շատ ուշացա:

-Խնդիր չկա: Առաջին անգամը չի, ոչ էլ՝ վերջին: Սովոր եմ: Գործերդ լա՞վ են:

-Հա…երկար ժամանակ ա՝ չենք զրուցել: Չէի հասցնում, զբաղված էի: Շատ եմ հոգնում, ուշ եմ գալիս:

-Իհարկե, հասկանում եմ: Դժվար ա ժամանակ գտնել մարդու համար, ում հետ դու առանձնապես շփվել չես ցանկանում:

-Ես չասեցի, որ չեմ ուզում հետդ շփվեմ: Ասացի, որ ժամանակ չունեմ:

-Իսկ դա նույնը չի՞ :

-….

-մմմ?

-Ժամանակ չեմ գտնում, կներես…

-Լսի, բա ես ինչի՞ գիտեի, թե բոլորիս համար օրը բաղկացած ա քսանչորս ժամից: Փաստորեն ինձ էսքան տարի խաբել են: Լավ չի:

- Հա դե ախր…

-…Ախր հա, ո՞նց շփվես հետս: Էնպիսի բաներ եմ տեսնում, որոնց վրա պիտի աչք փակես: Ես էլ, թարսի պես, ճիշտը շխկացնող եմ: Գամ, ամբողջ ճշմարտությունն ասեմ, ապագադ գուշակեմ, սխալներդ ցույց տամ, ձևական տխմար ինքնավստահությանդ վրա ծիծաղեմ ու համոզվեմ, որ դեռ շա՜տ փոքր ես ու լիքը մեծանալու տեղ ունես: Չափից դուրս ինքնավստահ ու կայացած մարդ ես, որ էդ ամենը լսես: Չնայած փոքրիկ գաղտնիք ասեմ. հենց իսկապես կայացած մարդիկ են սիրում, ավելին ասեմ՝ ստիպում դիմացինին, որ խոսի իրենց վատ կողմերի մասին: Որ աշխատեն իրենց վրա:

-Դու ոչ մի բան չես հասկանում:

-Բացարձակ: Լավ, էդ հեչ: Ասում ես՝ ոնց ե՞ս: Ու՞ր գնանք, պլաններ կա՞ն:

-Ճիշտն ասած կային պլաններ, հա, ուղղակի նոր զանգեցին ու… ես էս վերևի կանգառից պիտի թեքվեմ, հանդիպում ունեմ:

-Բայց դու էսքան ուշացել ես:

-Հա, գիտեմ, իմ մեղավորությունն ա, բայց կարևոր հանդիպում ա, ես պիտի…

-Ու՜խ, սրտովդ չէին, չէ՞, ասածներս: Պիտի փախնես, որ գլուխդ ազատես:

-Ես չասեցի՝ փախնում եմ: Ասեցի՝ պիտի մարդու տեսնեմ:

-Իսկ էդ նույնը չի՞:

-Դու իսկականից ոչ մի բան չես հասկանում:

-Ես քեզ երդվում եմ. որոշ ժամանակ անցնի՝ ինքդ ոչինչ չես հասկանալու: Խաղաթղթե տնակները մի շատ լավ սովորություն ունեն: Գիտե՞ս որն ա:

-Ո՞րը:

-Քանդվում են: Իսկ գիտե՞ս ՝ ինչի ա դա լավ:

-Ինչի՞ :

-Որովհետև խաղաթղթե, այսինքն՝ առանց հիմք ոչինչ չպիտի ապրի: Կարող ա երկար գոյատևել, բայց քանդվելու ա, ինչ-որ մի օր քանդվելու ա: Առանց արմատների ամեն բան քանդվում ա: Քանդվում ա ու պարտավոր ա քանդվել: Ի դեպ՝ կոշիկներդ փոխել ա պետք:

-Էդ ինչի բայց : Սիրուն չի՞ :

-Շատ սիրուն են թարսի պես: Ուղղակի ինչքան ուժ ունես հավեսով ներքև ես գլորվում: Տոռմուզներդ լավը չեն, ախպերս: Արագության տակ ամեն ինչ աչքիդ սիրուն ա երևում: Էդ թռիչքի արագություն չի, գլորվելու արագությունն ա: Թռիչքն ու գլորվելը խառնել ես իրա՜ր: Ինչ ասեմ, մարդուն կարելի ա օգնել միայն էն ժամանակ, երբ ինքն իրոք ուզում ա դուրս գալ ինչ-ինչ վիճակից: Լավ մնա, հարազատ: Ստեղից պիտի թեքվես: Ինձ էլ թեյարանում սպասում էին: Ուղղակի քո նման դրոշակ չեմ սարքում. ես, ի տարբերություն քեզ, քեզնից չեմ վախենում: Ավելի ճիշտ՝ ինձնից չեմ վախենում: Որովհետև ինքնախաբեությամբ զբաղվելու խնդիր չունեմ, ու չկա վախ, որ ինչ-որ մեկը իմ խաղաթղթե տնակը քամուն կտա: Փիլիսոփայում եմ, չէ՞ : Ուֆ աման, ուշացար: Պինդ մնա: Կոշիկներդ փոխի:

***

Թեյարաններում ամենաշատը սպեցիֆիկ հոտն եմ սիրում: Ու փափուկ լուսավորությունը: Ու պատերի նկարները: Ամեն ինչն եմ սիրում: : Աշխարհի ամենահարազատ մեջքը գտնվում է ինձնից չորսուկես քայլ կողք ու հինգուկես քայլ աջ: Մեջքը գլուխը մի փոքր թեքել է ձախ կողմի վրա ու ձեռքերի մեջ պտտեցնում է գլանակը: Առանց ձայնի մոտենում եմ , մի քանի վայրկյան կանգնում կողքին:

-Հեյ…

-Վայ, բարև: Նոր ե՞ս եկել:

-Մի քիչ առաջ: Մտքերով էիր…

-Ուհում: Մտածում էի:

Նստում եմ:

-Ինչի՞ մասին:

-Որ եղանակը սկսել ա տաքանալ: Ու նույնիսկ ամենացուրտ եղանակին դու երբեք չես ուշանում: Մտածում էի, որ անհնար ա ուշանաս: Հեսա-հեսա հասնելու ես:

-Ճիշտ էիր: Ես ճանապարհին հիշեցի, որ դու էսօր ավարտելու գործ ունեիր:

-Հա: Ավարտել եմ:

-Ու հասցրել ես հետս հանդիպե՞ս: Բայց շատ էր:

-Շատ-շատ էր: Բայց հասցրել եմ: Հարմարացրի:

-Հա, մենակ իսկապես գործերի մեջ խրված մարդիկ են կարողանում բացարձակ ամեն բան հասցնել, հարմարացնել: Ու ոչ մի կողմը չի տուժում:

-Ըհըն, եթե մի կողմը տուժում ա, ուրեմն սխալ ա գնում ամեն բան:

-Կամ սխալ ա, կամ ինքնախաբեություն: Խաղաթղթե տնակ ա: Փչես՝ քանդվելու ա:

-Էսօր էս ի՜նչ փիլիսոփայելու հավես ա քեզ տվել:

-Հա, մի այլ կարգի:

-Ի՞նչ թեյ ես խմում:

-Ոնց միշտ, դարչինով: Վաղը գնում ե՞նք գրադարան:

-Անպայման, մենակ կես ժամ ավելի ուշ, էլի, թե չէ չեմ հասցնելու:

-Խնդիր չկա: Գնամ մեր համար խմորեղեն ընտրեմ: Էդ սիգարետդ էլ ռադ արա, զիբիլ ա:

 

Սյունե Սևադա