Նախախորհրդարանի հայտարարությունը՝ Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալության հանձնելու գործարքի մասին
Փետրվար 06, 2013
Հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած կառավարող վարչախմբի ապազգային եւ հանցավոր վարքագիծը վերաճում է հայրենադավության: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նախախորհրդարան»-ի նախաձեռնող խումբը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ազգային շահերի հաշվին անձնական եւ կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի գիշատչական քայքայման ու ու սպառման քաղաքականությունն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում:
Օտար ուժերին Հայրենիքը մաս-մաս հանձնելու միջոցով ներքին լեգիտիմության օրեցօր նվազող բացը լրացնելու քաղաքականությունը հետզհետե արտահայտվում է ավելի ու ավելի վտանգավոր ձեւերով: Երկրի ռազմավարական օբյեկտներն ու հիմնական միջոցները օտար կապիտալին հանձնելու եւ Հայաստանը հանքահումքային կցորդի վերածելու, օտարալեզու դպրոցներ հիմնելու, հայ-թուրքական արձանագրություններ ստորագրելու, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշում որդեգրելու քայլերին հաջորդեց Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալության հանձնելու գործարքը: Ներկայացված շղթայի մեջ սրան հաջորդող տրամաբանական քայլը պետության ինքնիշխանության կամավոր զիջումն է:
Այս գործարքի վերաբերյալ ամեն մի ողջամիտ հայ մարդու առաջնային մտահոգության առարկան Հայրենիքից վերջնականապես զրկվելու վտանգն է: Հողերի էրոզիայի եւ անապատացման, անասնաճարակների եւ մարդու առողջությանը սպառնացող վտանգների, տեղի հայ բնակչության ապրուստի միջոցների նվազեցման հեռանկարը կամ դիտարկվող գործարքի ակնհայտ ապօրինի առումները նույնպես մտահոգիչ են, սակայն տվյալ պարագայում երկրորդական են դառնում:
Ազգուրաց վարչախումբն ու նրա պարագլուխը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ ամբողջովին բթացրել են մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը եւ նրան զրկել են Հայրենիքին սպառնացող վտանգը զգալու ունակությունից: Պատմությունը ցույց է տվել, որ նման պարագաներում հայությունը համախմբվում է եւ հակահարված է տալիս:
Նախախորհրդարանը վարչախմբից պահանջում է դադարեցնել հայրենադավության այս գործարքը, իսկ ժողովրդին կոչ է անում զգոն եւ հետեւողական լինել Հայրենիքը օտարին հանձնելու գործընթացը խափանելու գործում»: