Չկաս... այժմ իմ կողքին, բայց իմ սրտում, իմ մտքում և անգամ իմ երազում միշտ կողքիս ես, լցված եմ քեզանով, քո հանդեպ տածած անսահման սիրով:
Եվ ամեն անգամ, երբ առավել ևս այս մի քանի օրերի ընթացքում զբաղվում եմ ինչ-որ մի անիմաստ, հիմար բանով,դու իմ դիմաց ես: Շարժում եմ գրիչս և տողերի, անգամ տառերի արանքում տեսնում եմ քեզ, քո պատկերը, քո ժպիտը... այնքան պարզ ու բարի,բայց միաժամանակ խորունկ և անսահման, անսպառ, անհագ:
Հիշու՞մ ես... քեզ ասացի, որ երբ քեզանից հեռանում եմ' ինչ -որ տարօրինակ բաներ են կատարվում իմ հետ. ասեմ ավելին' ես խելագարվում եմ,տեղս չեմ գտնում, գոռում եմ, գժի պես գոռգոռում և գոնե լավ է' մեկ-մեկ երգում, այն էլ շատ բարձրաձայն:
Կամ էլ կատարվում է հակառակը. ընկնում եմ մտքերով, թախծում եմ, հիշում եմ, ուզում լինել մենակ, չնայած ինձ թվում է, թե քայլում ես կողքովս, գոնե կողքիս ես, գոնե մի փոքր պահ կողքիդ եմ:
Եվ ես չեմ գտել այդ երևույթի պատասխանը, որովհետև հիմարություն կլիներ գտնել այն, ինչը ոչ թե հուշում, այլ գոռում և դուրս է թռչում իմ միջից: Որովհետև այդ ամենն ինձ ավելի համոզված են դարձնում, որ ուզում եմ գոռալ.... Ես սիրում եմ քեզ....
Երբ քո կողքին եմ, չգիտեմ, երևի քո մոգական ազդեցությամբ կամ էլ անկախ ամեն ինչից, ես հանգիստ եմ, խաղաղ, ներսումս անդորր է ամբողջովին, ոչ մի ուրիշ մասին չեմ մտածում, չեմ էլ ուզում մտածել և թքած ունեմ մնացած ամեն վատ ու անհանգստացնող բաների վրա: Ուղղակի ուզում եմ խոսել քեզ հետ, քայլել' առանց մտածելու ժամանակի մասին:
Ամեն անգամ քեզ հրաժեշտ տալիս մտածում եմ կրկին տեսնելու մասին: Այդ հրաժեշտը դառնում է օրվա վերջը, որովհետև այն ինձ համար սկսվում է քեզանով:
Ով ինչ ուզում է թող մտածի, թող ասի, անի... մեկ է' ես քեզ սիրում եմ, սիրում եմ առանց մի վայրկյան իսկ կասկածելու կամ մտածելու, տատանվելու: Սիրում եմ անչափ, անպարագիծ, անթաքույց ու առանց խորամանկության, առանց ամաչելու ինձանից, սիրում եմ պարզորեն, նրբորեն, քնքշորեն, խենթի պես, առանց վախենալու դրանից:
Եվ վերջապես' սիրում եմ, քանզի չեմ կարող չսիրել....