Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողե՛ք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողե՛ք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ, որ կա սե՛ր եւ ցնո՛րք, եւ լա՛ց…