Ողբում եմ դառն վիճակդ տխուր, ո՛վ իմ վիրալից, խոցված հայրենի՛ք. շինականներդ, որ հողդ են հերկում արյուն-քրտինքով և քաղցած նստում, և հարուստներդ, մեծատուններդ' վախկո'տ, փերեզա'կ, տխմա'ր ու տմա'րդ, և արծաթասե'ր... Վա՜յ գիտուններիդ, որոնք շան նման' այն ազատարար ձեռքն են կծոտում, որն իրենց վզի շղթան է կոտրում… Ձա՛յն տուր քո վսեմ, վեհ որդիներին, որոնք ընկած են կռվի դաշտերում, կախաղանների, կացինների տակ, և՛ գնդակահար, և՛ սրախողխող… Եվ քո դարավոր ցասման, զայրույթի ամպրոպի շանթը արձակե հիմա, ջախի՛ր, ջախջախի՛ր բռունցք ու շղթա, նոր արև վառի՛ր մեր խավարամած, հոգնած բբերին, և՛ ազատության, և՛ արդարության վառ գարունը բեր մեր ավեր երկրին...

1906թ.