Իսկ մենք մի տարի դժոխքում ենք ապրել….

Երբ քեզ կյանքը կրկին զգալու շատ մեծ հնարավորություն են տալիս՝ դու սկսում ես ամեն բան գնահատել: Սկսում ես շատ պարզ տեսնել սխալները, անպետք զգացմունքներն ու զգացողությունները: Ամենակարևորը՝ սկսում ես տեսնել գեղեցիկը, լավը, ու այն հրաշքը, որն անընդհատ կատարվում է շուրջբոլորդ:

Ու բոլոր դասական լուծումները քեզ համար դառնում են սխալ: Անպատասխան բոլոր զգացմունքները, որոշումնրը, վախերն ու անհանգստությունները հօդս են ցնդում: Մնում ես դու ու քո խաղաղությունը: Որովհետև ժամանակ չունես քեզ վատնելու չարի ու վատի վրա. շատ երկար դու կիսակյանքով ես ապրել ու կիսամարդ ես եղել:Կյանքը վերստին հասկանալ ու տեսնել է պետք: Իսկ չարանալու ժամանակ չկա:

Ես ձեռքերով շոյում եմ մեր քարե շենքերը, ծառերից տերևներ պոկում ու ուսումնասիրում, փողոցում կերակրում ու սիրում կատուներին, որոնց, մեղմ ասած, չեմ սիրում: Ես շփվում եմ անծանոթ մարդկանց հետ ու գիտակցաբար մրսում այնքան, մինչև շրթունքներս կապտեն: Ես կարդում եմ պատերին փակցված բոլոր հայտարարություններն ու ամեն օր սիրահարվում մեր շքամուտքի դռան ճռռոցին: Ինձ դժվար կլինի հասկանալ:

Մենք կարողացանք համոզել իրար, որ ապրել է պետք: Թե ինչու՝ չգիտեինք: Իսկ հիմա, երբ սկսել ենք վերստին տեսնել ու զգալ, հասկանում ենք: Հասկանում ենք, չէ՞ : Էնպիսի տպավորություն է, որ քո դառը ժպիտն եմ տեսնում ու գլխով համաձայնության նշանը:

Մեր զրույցները: Մեր երկար ու բարակ զրույցները: Երբ գիտեինք, որ մեզ էլ ոչ ոք չի հասկանա: Երբ գիտակցում էինք, որ մեզնից բացի մեզ օգնել էլ ոչ ոք չի կարող, բայց նաև ընդունում էինք, որ պայքարելու ուժ էլ չկա: Որ քամվել ենք: Որ էլ չենք կարողանում: Այդ ընթացքում ես ու դու իրար համար դառնում էինք միակ լույսն ու հավատը, որը կարող էր օգնել մեզ: Մենք զրուցում էինք: Իրար էինք ներկայացնում մեր անձնական դժոխքները: Ու հուսադրում իրար , որ ամեն բան լավ է լինելու: Թքա՛ծ, թքա՜ծ, որ երկուսս էլ դրան չէինք հավատում, որ համակերպվել էինք մեր վիճակի հետ: Որ էլ չէինք ցանկանում պայքարել: Մենք ստում էինք իրար, բայց մեր ստի մեջ խոսում էր ամենամաքուր ճշմարտությունը: Մենք չափից դուրս կույր էինք, որ լույսը տեսնեինք: Երբեմն մարդիկ լույսը չեն տեսնում, որովհետև կուրացնում են իրենց:
Իսկ հիմա… ես հաճույքով եմ նայում վաճառասեղաններին դրված նարինջներին: Ես չգիտեի , որ մանդարինները նման հրաշալի բույր ունեն:Ի՜նչ հաճելի է սառած ձեռքերը գրպաններում տաքացնելը: Իմ հագուստը երբեք այսքան հարմարավետ չի եղել, ու թեյս երբեք այսքան համեղ չի եղել:

Չգիտեմ՝ ինչու հիշեցի: Երգը ստիպեց, չնայած որ երգը սիրո մասին է: Սիրո…ծիծաղում եմ: Ինչքան բան փոխվեց, վերափոխվեց այլ զգացմունքի, ինչքան նորություն կա , ինչքան նոր սեր կա: Երբեմն ինձ թվում է, որ խեղդվելու եմ այն ամբողջ նոր ու անափ սիրուց ,որն ապրում է իմ մեջ: Գրում եմ ու չեմ հավատում, որ ես եմ գրում: Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ ամեն բան արդեն անցյալում է մնացել:

Մեր կյանքերը հավերժ բաժանված կմնան: Դրանից առաջ ու դրանից հետո: Կանցնեն տարիներ, միգուցե մենք կմոռանանք բոլոր զգացողությունները, բայց ինչ-որ դառը բան կմնա մեր ներսում: Ու դառնությունը կստիպի երբեք էլ չդառնալ այն , ինչ եղել ենք: Չկրկնել սխալները: Չվերադառնալ անցյալ: Չանհանգստանալ անլուծելիի մասին: ՈՒ տեսնել: Տեսնել ու սիրել: Սիրել ու վերապրել: Վերապրել ու զգալ: Զգալ ու հագենալ: Հագենալ ու գնահատել այն ամենը, ինչ ունենք: Ու երևի տարիներ հետո, երբ մեզ հարցնեն՝ ինչպե՞ս ստացվեց, որ հասանք այն ամենին, ինչ ունենք, ես ու դու կժպտանք ու կասենք. ՛՛ Դառնությունը: Դառնությունը ստիպեց: Ու վախը, որ հնարավոր է կորցնել ևս մեկ տարի , հնարավոր է վերադառնալ դժոխք: Որովհետև դժոխքի դռները երբեք չեն փակվում՛՛ :
Դժոխքի դռները երբեք չեն փակվում: Ու դառնությունը ինչ-որ մի տեղ ապրելու է մեր մեջ: Ու նույնը վերապրելու վախը ստիպելու է մեզ անընդհատ առաջ քայլել ու էլ երբեք չհանձնվել:

Հենց դրա համար ես կուլ եմ տալիս կյանքը ու հրճվում, որ նույնն էլ դու ես կրկնում: Ես զգում եմ իմ վերածնունդն ու տեսնում քոնը: Ես ժպտում եմ ու մտովի խնդրում, որ դու էլ ժպտաս:
Մեզ մոտ ստացվեց: Մեր սուտը դարձավ ճշմարտություն: Ամեն ինչ լավ է: Ամեն ինչ ավելի քան լավ է: Ես տեսնում եմ քո փայլը հեռվից: Ու դրա համար գրում եմ, որովհետև պետք էր գրել էս ամբողջը:
Դու կարդալու ես էս տողերը: Անպայման կարդալու ես: Ու երբ կարդաս՝ անպայման գրելու ես ինձ: Ու ես կուղարկեմ էն երգը, որը ստիպեց գրել էս ամենը: Հիշեցրեց: Մարմնովս դող անցավ: Կան ցավեր, որոնք չեն մոռացվում: Աչքերս սկսում են խոնավանալ…

Սիրում եմ դարակիս փոշին, որը չեմ մաքրում, չջրած ծաղիկներս, խայտառակ գնահատականներս, ավտոբուսներն ու սառույցները: Ես վերակենդանացել եմ: Գրողը տանի, մեզ մոտ ստացվեց: Տես, տես, որ ստացվեց, որ կարողացանք….Ուրեմն երբեմն իրար ստել է պետք: Հետո էլ ի՞նչ սուտ, եթե երկուսս էլ գիտեինք, որ ստում ենք: Երբեմն էն սուտը, որին շատ ուժեղ հավատում ես, ճշմարտություն է դառնում:

Ինչքան ասելիք կա, որ խրված են մնում կոկորդումս: Դու ինձ կհասկանաս: Դու ինձ անպայման կհասկանաս:

Պինդ մնա: Ու լավ մնա:

Սիրում եմ քեզ: Գրկում եմ: